Հասարակություն

Հասմիկ Պապյանին ամոթ տվող անձն ամոթից կլռեր, եթե ունենար ամոթի զգացում

Հասմիկ Պապյանին ամոթ տվող անձն ամոթից կլռեր,  եթե ունենար ամոթի զգացում

Իմ հոդվածներում բազմիցս եմ անդրադարձել «Այիբս քո վրա կդնեմ, դու ցավից կմղկտաս» թուրքական ասացվածքին: Եվ դա կապված է եղել գործող իշխանության ներկայացուցիչների հետ: Կարծում եմ, որ այն անբարոյականության դրսևորումներից է՝ վայրագ քոչվոր ցեղերին բնորոշ: Որովհետև քաղաքակրթված լինելը ենթադրում է սեփական «այիբը» իրեն պահելը և ոչ թե դրանով ինչ-որ գործողություն կատարելը: Որ մի հատ էլ դրանից ուրիշները մղկտան: Ու երբ վարչապետի աթոռից կառչած անձն ու նրա կենակիցը դիմում են այդ ասացվածքի իմաստից բխող միջոցների, մտածում ես, որ այլ տարբերակ լինել, ուղղակի, չէր կարող: Եթե ռուսական, այսպես ասած, ֆորպոստից այդ անձինք մեզ հանում ու տանում են թուրք-ադրբեջանական բարեկեցության «դրախտ», ապա այդ զույգի մտածողությունն էլ պետք է համապատասխանի վերը նշված ասացվածքին: Ինչի հերթական վկայությունը ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի վերաբերյալ գրառմանը Նիկոլի կնոջ արձագանքն է: 
Արձագանքելով այդ տիկնոջ գրառմանը՝ ասեմ, որ Հայաստանում, նախ, միայն մեկ անգամ է տեղի ունեցել հեղաշրջում՝ թեկուզ ոչ ռազմական, ու դա կազմակերպել է Նիկոլը, և որին մասնակցել է նրա կենակիցը: Եվ այդ ընթացքում մեքենաներ են այրվել ու մարդիկ են սպանվել: Եվ այդ ամենի համար պետք է առնվազն ամաչեր գրառման հեղինակը: Բայց ինքը երբեք ամոթ չի զգացել, քանի որ այդ զգացումը ծանոթ չէ իրեն: Որովհետև եթե այն իր տեղում լիներ, ապա չեղած բանի համար Հասմիկ Պապյանի նման անձին ոչ թե հազար ամոթ կտար, այլ ուղղակի կլռեր: Որովհետև կյանքում թեկուզ մեկ անգամ ամոթի զգացում ունեցածն ամոթից կկարկամեր: Եվ ոչ թե կմեղադրեր այն անձին, ով ողջ աշխարհում բարձր է պահել և պահում հայ ժողովրդի պատիվը: Ի տարբերություն իրեն ու իր կենակցի, որոնք զրոյացրում են մեր ժողովրդի արժանապատվությունը: Եվ ողջ աշխարհի առջև ամոթով են թողնում մեզ:
Իսկ եթե վերանանք զուտ բարոյականությունից, ապա պետք է ընդունենք, որ այդ զույգն ուղղակի հիանալի է աշխատում: Հիանալի, իհարկե, իրենց տեսակետից, քանի որ այն, ինչ օգուտ է այդ զույգին, վտանգավոր վիրուսի նման հակացուցված է մեր ժողովրդին և մեր պետականությանը: Ինչևէ, դեռևս մեկ տարի կա մինչև հերթական խորհրդարանական ընտրությունները, սակայն այդ զույգը փորձում է հայաստանցիների ուղեղում դաջել այն կեղծ համոզմունքը, որ մեր իրավապահ համակարգը բացահայտել է ծայրահեղ վտանգավոր ռազմական հեղաշրջման փորձ: Որովհետև այն ուղղված էր ոչ թե միայն ընդդեմ իշխանությունների, այլև շարքային մարդկանց: Որովհետև ավտոբուսներով, որ իբր թե պետք է վառեին հեղաշրջում կազմակերպողները, երթևեկում են հենց շարքային քաղաքացիները: Պատկերացնո՞ւմ եք, դա պետք է կազմակերպեր Բագրատ Սրբազանի նման մաքուր և հայրենասեր անձնավորությունը: Ու այն էլ մի քանի որսորդական հրացաններով: Այստեղ են ասել՝ խելքներիդ ձյուն գա: Միայն այդ գաղափարը բավարար է, որպեսզի գրագետ մարդը բացարձակ չհավատա այդ ձայնագրություններին: Ու մտածի, որ դրանք գեներացվել են արհեստական բանականության (ԱԲ) միջոցով: 
Եվ երկրորդ, եթե նման բան է եղել, ապա ինչու դա չի բացահայտվել 2024-ին՝ երբ իբրև թե մշակվել է այդ ծրագիրը: Չի բացահայտվել, քանի որ նման բան չէր կարող լինել: Եվ դա այն պարզ պատճառով, որ անցյալ տարի ԱԲ-ն դեռևս չուներ այն մակարդակը, որպեսզի որևէ անձի ձայնի նմանությամբ տեքստեր արտաբերեր: Ինչը նշանակում է, որ ամոթ պետք է զգա Հակոբյան Աննան, ով գիտակցելով հանդերձ, որ այդ ողջ պատմությունը կեղծ է, փորձում է ամոթով տալ Հասմիկ Պապյանի նման անձին: Բայց այդ կեղծիքը երկար կյանք ունենալ չի կարող, և այն բացահայտվելուց հետո… Այստեղ ստիպված եմ նախադասությունը կիսատ թողնել, որովհետև այն բացահայտվելուց հետո զույգի առումով ոչինչ չի փոխվի: Ճիշտ այնպես, ինչպես երբեք կաշի չի փոխում կարմիր կովը:  
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image