Հայաստանի դատարանների որոշումները չկատարելը դարձել է սովորական բան: Մոտ 3 տարի առաջ, դատարանի վճռով, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը պետք է ներողություն խնդրեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2019թ. հայցադիմում էր ներկայացրել՝ ընդդեմ Արամ Մանուկյանի՝ պահանջելով պարտավորեցնել նրան՝ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը եւ վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել։ Հայցադիմում ներկայացնելու հիմքը եղել են 1in.am լրատվականում «Հոծ գիծ Նվեր Մնացականյանի հետ» հաղորդաշարի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի հասցեին արված՝ «արյունարբու, անաղուհաց, նենգ մարդ» արտահայտությունները։ 2021թ․ դեկտեմբերի 7-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, բավարարել էր հայցադիմումը՝ պարտավորեցնելով Մանուկյանին՝ «հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները եւ ներողություն խնդրել Քոչարյանից»։ Պատասխանողը հրաժարվել էր կատարել դատարանի որոշումը:
Ռոբերտ Քոչարյանը դատարանում հաղթել էր նաեւ 1in.am-ին եւ կայքի սեփականատեր հենց Արման Բաբաջանյանին։ Քոչարյանը 2018-ին հայցադիմում էր ներկայացրել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի (1in.am) դեմ՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու եւ հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին: Հայցում նշել էին, որ 2018թ. հունիսին «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում «արատավորել է Ռոբերտ Քոչարյանի պատիվը եւ արժանապատվությունը»: Մասնավորապես, ըստ Քոչարյանի ներկայացուցչի, 2018թ. հունիսի 7-ին ընկերությանը պատկանող 1in.am ինտերնետային կայքում եւ «Ժամանակ» օրաթերթում հրապարակվել է հոդված` «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերնագրով, որտեղ տեղ են գտել «Ռոբերտ Քոչարյանի պատիվը եւ արժանապատվությունն արատավորող տեղեկություններ»: Հայցվորը շեշտել էր, որ հրապարակայնորեն ներկայացված փաստերն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը: Բացի այդ, 2018թ. հունիսի 23-ին եւ 24-ին նույն կայքում հրապարակվել է երկու վերլուծական հոդված՝ «Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին» եւ «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան» վերնագրերով: Երկրորդ նախագահի ներկայացուցիչն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր, որ այդ հոդվածներում դարձյալ տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը եւ արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:
Վիճարկվում էր նաեւ 1in.am ինտերնետային կայքում հունիսի 28-ին հրապարակված եւս մեկ վերլուծական հոդված՝ «Քոչարյան-Սարգսյան. արյունոտ քսանամյակի շահառուները», որով, հայցվոր կողմի պնդմամբ, եւս արատավորվել են Ռոբերտ Քոչարյանի պատիվը եւ արժանապատվությունը: Ռոբերտ Քոչարյանը խնդրել էր պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին՝ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաեւ զրպարտության դիմաց վճարել փոխհատուցում 2 մլն դրամի չափով:
Դատարանում Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացրել է փաստաբան Իրինա Դանիելյանը: Նա մեզ ասաց, որ դատական ակտերն այդպես էլ չեն կատարվել, եւ դատական ակտերը չկատարելու հիմքով հարուցվել են քրեական գործեր, որոնք դատարաններում քննվում են․ «Տեւական ժամանակ է արդեն՝ քրեական դատարանում քննվել է, մեզ որպես տուժող չեն ներգրավել, մենք մասնակից չենք դարձել այդ քրեական գործին, չեմ կարող ասել՝ ինչ եղավ, բայց, ամեն դեպքում, այդ դատական ակտերը մինչ օրս չեն կատարվել․․. Արման Բաբաջանյանի դեմ հայցը, որը բավարարվել էր, եւս չի կատարվել, նա ներողություն չի խնդրել, մեր կողմից հետագա գործողություններ չենք արել, չենք ուղարկել հարկադիր, քանի որ փորձը ցույց է տալիս՝ անիմաստ է, անգամ քրեական գործ հարուցվելուց հետո դատական ակտը չեն կատարում»։
Հարցին, թե ինչ հոդվածներով է քրեական գործը հարուցվում, եւ այն ԴԱՀԿ-ն է ուղարկո՞ւմ կատարման, ասաց․ «Այո, հարկադիրն է ուղարկում դատախազություն։ Դատական ակտի դիտավորյալ չկատարելու հոդված ունի Քրեական օրենսգիրքը, այն սահմանում է տուգանք։ Երբեմն նաեւ այդ տուգանքն էլ չի լինում, պատասխանատվության վաղեմության ժամկետն է անցնում, ճանաչվում է մեղավոր, բայց այդպես էլ պատիժ չի կրում, կոնկրետ մեր գործով քանի տարի անցել է, վստահ եմ՝ վաղեմությունն անցել է, նույնիսկ տուգանքը չի վճարվել»։
2020 թվականի մարտի 17-ին էլ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, բավարարել էր Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի հայցն ընդդեմ այն ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու պարտավորեցրել էր Թորոսյանին՝ ներողություն խնդրել ու հերքել զրպարտություն համարվող տվյալները։
Դատարանը նախարարին պարտավորեցրել է Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում «Հերքում՝ Արա Մինասյանի վերաբերյալ» վերնագրով հերքում տարածել, թե իրականությանը չեն համապատասխանում 2018 թվականի հուլիսի 27-ին արված մի շարք պնդումներ, թե եղել է կազմակերպված թալան եւ այլն։
Սակայն Արսեն Թորոսյանը 2020 թվականի մարտի 17-ին ասել էր. «Ես ուղիղ եթերով հայտարարում եմ, որ դատարանի վճիռը կդնեմ իմ ֆեյսբուքյան էջում եւ եւս մեկ անգամ կվերահաստատեմ, որ այն, ինչ ասել եմ ուղիղ եթերների ժամանակ, կրկնում եմ»: Այսինքն՝ հրաժարվել էր կատարել դատավճիռը եւ ներողություն խնդրել: Բայց իր խոսքերից յոթ ամիս անց՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, երբ Արցախի համար թեժ մարտեր էին ընթանում, «Ազգ» շաբաթաթերթում լույս էր տեսել «Հերքում՝ Արա Մինասյանի վերաբերյալ» թեմայով հոդված, որտեղ նախարար Թորոսյանը գրել էր. «Ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից», սակայն Թորոսյանն այդպես էլ ՖԲ-ում չէր հայտնել ներողությունը։ Ստացվում է՝ Թորոսյանը հրաժարվել էր Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն տեղադրել, սակայն ներողություն է խնդրել շաբաթաթերթում՝ գրեթե գաղտագողի, այլապես քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեր։
Արա Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը «Հրապարակ»-ին ասաց, որ Արսեն Թորոսյանն այդ ժամանակ ջնջել էր իր ֆեյսբուքյան օգտահաշիվը եւ «ներողությունը» խնդրել է միայն շաբաթաթերթի միջոցով։
Նկատենք, որ մյուս բոլոր դեպքերում դատարանի որոշումները չկատարելն անհետեւանք չի անցնում, օրինակ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեպքում իշխանությունը թույլ չտվեց գեթ մեկ ամիս անցնի` Պրոբացիայի ծառայությունը դիմեց դատարան` նրա պայմանական պատիժը ազատազրկմամբ փոխարինելու համար: Իսկ ոմանք, փաստորեն, ստացվում է` Հայաստանում արտոնյալ են եւ կարող են դատարանի վճիռներն անպատիժ չկատարել: Եվ դրանք գրեթե բացարձակ «պատահականությամբ» իշխանության հետ փոխկապակցված անձինք են: