Ոնց հասկանում եմ, «ժողովրդավարության բաստիոն» հորջորջված Հայաստանի «մեծարգո վարչապետը» հերթական անգամ և անհողդողդորեն տրվել է իր՝ «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» անհեթեթ կարգախոսին: Մայր Տաճարի վրա գրոհելու ժամկետը մի քանի անգամ փոխելը վկայում է վերջինիս կողմից սխալվելու վճռականության մասին:
Ի դեպ, ես այն քչերից էի, որ ասում էր, թե Նիկոլը չի համարձակվի հարձակվել: Որովհետև, ի վերջո, մի բան է Ֆեյսբուքում անընդհատ հոխորտալը, լրիվ այլ բան դա կյանքի կոչելը: Այդքանից հետո կողմ և դեմ գործոնները կշռելով՝ ադեկվատ անձը կընդուներ իր սխալը և ներողություն խնդրելով առնվազն կաթողիկոսից՝ կզբաղվեր պետության խնդիրներով: Որ այսօր չափազանց ծանրացել են հատկապես իր գործունեության պատճառով:
Բայց քանի որ մեր դեպքում առկա է սխալվելը որպես ճշմարտություն ընդունելու անիմաստ մտայնությունը, վերջինս, նահանջելով հանդերձ, չի դադարում իր էշը քշելուց: Ականջդ կանչի, իջևանցի դաշնակցական ընկեր (ես կուսակցական չեմ), որ 2021-ի մայիսին Իջևանից էշ էիր բերել Երևան, որպեսզի դրա վրա թարս նստեցրած՝ ծննդավայր տանեիր դավաճան հայրենակցիդ:
Ինչևէ, ինչ էլ պատահի և ոնց էլ փորձեն նրան էշի վրա թարս նստեցրած՝ ծննդավայր տանել, նա, միևնույն է, շարունակելու է ազգակործան պատուհասի իր «առաքելությունը»: Ինքն անընդհատ հոխորտալու է կաթողիկոսի վրա՝ բարեվարքության խնդիրը որպես պատրվակ օգտագործելով հայոց եկեղեցու ամբողջականությունը վերացնելու նպատակով: Նա փակի տակ է պահելու ՀԱԵ Սրբազաններին՝ նրանց լռեցնելու և իր կողմից «հպարտ» անվանված քաղաքացիներին վախ ներշնչելու նպատակով:
Նրան կարելի է համարել ծերացած Ստալինիկ՝ երբ հետպատերազմյան շրջանում նրա աչքին բոլորը թշնամի էին երևում: Բայց եթե Ստալինը հաղթանակած պետության առաջնորդն էր՝ բնակչության վախով, սիրով ու հեղինակությամբ պատված, ինքը վերածվել է ընդամենը «խեղճ հարիֆի»:
Ու որքան էլ հարգեմ իրավապաշտպան բնույթի հսկայական գործ անող փաստաբան Ռուբեն Մելիքյանին, չեմ կարող համաձայնվել նրա այն մտքի հետ, որ «նիկոլիզմը կամաց-կամաց ձեռք է բերում ոչ թե քրիստոնեական աղանդի, այլ բոլորովին նոր կրոնի հատկանիշներ»: Որովհետև մեր ժամանակներում նոր կրոն ստեղծելու համար նույնիսկ Ֆրիդրիխ Նիցշեի նման մեծությունը բավարար չէր, հիշենք գերմարդու փիլիսոփայությունը, ուր մնաց, թե Նիկոլի չմակարդակը:
Լավ, այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր բնորոշել «նիկոլիզմը»՝ կհարցնի ընթերցողը: Այն կարող է հանդես գալ ընդամենը որպես ենթամշակույթ՝ մոտավորապես այնպիսին, ինչպիսին քրեական ենթամշակույթն է: Որ ծագել էր բոլշևիկյան Ռուսաստանում, ծավալվել ԽՍՀՄ-ում և որպես ժառանգություն փոխանցվել հետխորհրդային հանրապետությունների մեծ մասին: Որպեսզի պարզ լինի, թե ինչու մոտավորապես, Վիքիպեդիայից մեջբերեմ դրա սահմանումներից մեկը:
«Քրեական ենթամշակույթը կրող անձանց, որպես կանոն, բնորոշ են այնպիսի յուրահատուկ հատկանիշներ, ինչպիսիք են արդարամտությունը, ազնվությունը, գործողությունների բացառիկ ազատությունը, սեփական յուրաքանչյուր խոսքի և ընտանիքի անդամների գործողությունների համար պատասխանատվությունը»։
Իսկ հիմա դա համեմատենք «նիկոլիզմի» հետևորդների խառնվածքային գծերի հետ: Նրանց շրջանում առկա է յուրահատուկ արդարամտություն, որը որևէ առնչություն չունի իրական արդարության հետ: Նույնը կարող ենք ասել նաև ազնվության և գործողությունների բացառիկ ազատության առումով:
Ու հենց այդ երևույթների նկատմամբ իրենց բացասական վերաբերմունքով այդ անձինք միավորված են մի առանձին ենթախմբում: Ինչ մնում է սեփական յուրաքանչյուր խոսքի և ընտանիքի անդամների գործողությունների համար պատասխանատվությանը, ապա այդ ենթամշակույթի անդամներին միավորում է հատկապես դրա բացարձակ բացակայությունը:
Այսպիսով, ով է, ի վերջո, «նիկոլիզմի» հետևորդը: Դա այն անձն է, ով հանուն փողի թքած ունի հայրենիքի ճակատագրի վրա՝ ինքն իրեն ու ուրիշներին փորձելով համոզել, որ այսօր ավելի անվտանգ ենք ապրում, քան նախկինների օրոք:
Դա այն անձն է, ով իր պաշտոնն ավելի բարձր է դասում, քան մարդկային արժանապատվությունը և մնացած դրական հատկանիշները: Քանի որ համաձայն է աջ շարժվելու՝ երբ նրան հրամայեն «հպարտ քաղաքացիներ, էս կողմ շարժվեք»:
Եվ կշարժվի հակառակ կողմը՝ եթե այնուհետև ստանա դա անելու հրամանը: Նիկոլի հետևորդ է նաև այն կիսագրագետ զանգվածի ներկայացուցիչը, ով 2018-ի գարնանը խաբվեց նախկիններին կուլակաթափ անելու և նրանց հարստությունը բաժանելու նիկոլական կարգախոսով: Ու մինչև այժմ խելքի չի գալիս, չնայած Նիկոլի շրջապատի հարստանալուն ու իր ավելի աղքատանալուն:
Մի խոսքով, «նիկոլիզմը» ստորին բնազդներով գոյատևող հասարակության մի հսկայական մասի ենթամշակույթն է, ինչից հնարավոր է ազատվել աստիճանաբար՝ մանկապարտեզից սկած, հայաստանցիներին բարձր արժեքներով վերադաստիարակելու շնորհիվ: Բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ասվածը վերածվի պետական քաղաքականության, ինչն էլ, իր հերթին, հնարավոր է ՀՀ վարչապետի պաշտոնը Նիկոլից ազատագրելու դեպքում: