Քաղաքականություն

Վերեւի ու ներքեւի աննայական խնդիրը

Վերեւի ու ներքեւի աննայական խնդիրը

«Երկրի գլխավոր մանկապիղծները…» արտահայտությամբ սկսվող՝ չորսօրյա հնության ֆեյսբուքյան գրառումը տիկինը ամրակցել է իր պատին, ինչը նշանակում է, որ այն անընդհատ երևալու է այնտեղ, քանի չի հանվել ամրակցումը: Դա ծանրագույն մեղադրանք է՝ ուղղված հոգևորականներին: Մի քանի տարի առաջ բացահայտվել էր նման պատմություն ԱՄՆ-ում՝ կաթոլիկ եկեղեցու հայրերի հետ կապված: Այդ պատմության «հերոսներն», իհարկե, խայտառակվեցին, բայց ոչ այնքան իշխանության, որքան մամուլի կողմից: Ինչը բնական էր, քանի որ ԱՄՆ իշխանություններն ինստուցիոնալիզացված են: 

Հայաստանում առկա չէ հոգևոր հայրերի կողմից մանկապղծության որևէ դեպք: Չնայած դրան՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի քաղաքացիական կինը նման մեղադրանք է հնչեցնում եպիսկոպոսների հասեին՝ չնայած ոչ կոնկրետ ու անձնավորված: Ինչը նշանակում է, որ դա ընդամենը քարոզչական տեխնոլոգիա է: Որովհետև եթե գոնե մեկ դեպք տեղի ունենար նախկինների օրոք՝ իրավապահ համակարգը այդ կնոջը կտրամադրեր համապատասխան ապացույցը: Գիտակցելով այդ ամենը՝ տիկինը ոչ միայն չի ջնջել ֆեյսբուքյան համապատասխան գրառումը, այլ ամրակցել է այն իր պատին: Ինչպես տեսնում ենք, ի դեմս այդ կնոջ՝ մենք գործ ունենք ոչ թե պետական գործչի կնոջ, ով նաև հասարակական գործունեությամբ է զբաղված, այլ ընդամենը դեղին մամուլի լրագրողական ներկայացուցչի հետ:

Եթե նման դեպք տեղի ունենար Արևմուտքում՝ այդ կինը զրպարտության մեղադրանքով կհայտնվեր համապատասխան վայրում: Լիներ նա փողոցում կոշիկ մաքրողի (եթե այդպիսիք դեռևս մնացած լինեին), թե երկրի վարչապետի կինը՝ քաղաքացիական կամ օրինական: Իսկ այժմ բռնվե՛ք՝ իգական սեռի այդ անձնավորությունն իրեն համարում է բարձունքում գտնվող, այսինքն՝ էլիտա: Ով իրավունք ունի ցածրանալու իրեն հայհոյողների մակարդակին՝ նրանց վեր բարձրացնելու բարոյական բարձր նպատակադրումով: Ինչևէ, թեկուզ նման նպատակն ունեցող անձը չի ցածրանում, այլ վերևից ձեռք է մեկնում ցածում գտնվողներին: Ինքնակրթվող այդ կինն այնքան գիտելիք չունի, որպեսզի դա ընկալի: Ինչը նշանակում է, որ ուրիշներին ինքնակրթվելու կոչ անելուց առաջ մի քանի տարի պետք է ինքնակրթվեր ինքը՝ լռության ու միայնության մեջ: Ու նոր միայն նման կոչ աներ հասարակությանը: Ինչը, բնականաբար, չի արվել: Ու ինքն էլ մնացել է հենց այն անձը, ով առաջին հերթին պետք է սկսի ինքնկրթվել: Բայց դե…

Դա մեկ, և երկրորդ՝ երբ մարդ ցածրանում է այն աստիճան, որպեսզի հայհոյախառն խոսքերով պատասխանի իրեն հայհոյողներին, ապա դա ցածրանալ չէ՝ նրանց իբր թե վեր բարձրացնելու նպատակով: Դա նշանակում է, իր այդ քայլով այդ կինը հավասարվում է ցածում գտնվողներին: Այսինքն, դա նույն ամրակցումն է, որ կատարվել է զրպարտական գրառման առումով ֆեյսբուքյան իր պատին: Եվ դա էլ այն դեպքում, եթե ինքն էն գլխից գտնվեր ոչ թե ցածում, այլ վերևում: Իրեն թվում է, թե նախկիններին տանել չկարողանալու հանգամանքով մանիպուլյացված հասարակության շնորհիվ իշխանության վերևում հայտնվելով՝ ինքը մեխանիկորեն վերածվել է էլիտայի՝ վերևում գտնվող անձի: Բայց եթե ժամանակին ինքնակրթվեր, ապա կգիտակցեր, որ իշխանության վերևում գտնվելը ժամանակավոր երևույթ է: Եվ եթե որևէ մեկը բախտի բերմամբ հայտնվել է այնտեղ՝ իր կրթվածությամբ ու իր վարքագծով պետք է ձգտի իրապես համարվելու էլիտա, այսինքն՝ վերևում գտնվող:  

ՀԳ. Ի դեպ, նախկինների օրոք, երբ Արցախն իր տեղում էր ու մեր հայրենիքն էլ չուներ անվտանգության խնդիրներ, տարիներ առաջ գործընկերներով բողոքի ցույց ենք արել Մայր Աթոռի եկեղեցական բակում: Ու այն, որքան հիշում եմ, վերաբերում էր նաև եկեղեցական կուսակրոնության խնդրին: Իհարկե, Նիկոլն ու նրա քաղաքացիական կինն այնտեղ չէին, քանի որ դա իրենց ծրագրերի հետ չէր կապակցվում: Բայց, կրկնվեմ, այն օրերին մենք ունեինք նորմալ պետություն ու ցանկանում էինք ունենալ ավելի լավը: Իսկ այսօր Նիկոլին ձայնակցողները ցանկանում են ոչ թե ավելի լավ պետություն ունենալ, այլ ընդամենը պահպանել Նիկոլի իշխանությունը, քանի որ շահեր ունեն դրանից:
    
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image