2024 թվականին, ավագանու որոշմամբ, Արարատ համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողերը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ), 5 տարի ժամկետով տրամադրվել են «Գնդասար» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպությանը: 1 հեկտարի համար, որպես սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար, սահմանվել է 800 դրամ:
Փորձեցինք հասկանալ, թե Արարատի մարզում ինչ ծրագիր է իրականացնում այս կազմակերպությունը: Արարատի համայնքապետարանից տեղեկատվություն ստանալու համար, պարզվում է` մեծ ջանքեր են պահանջվում: Համայնքապետարանի միակ քաղաքային հեռախոսահամարին կարող ես զանգել ժամերով եւ պատասխան չստանալ: Զանգահարեցինք աշխատակազմի քարտուղար Արթուր Մուսիկյանին, որն ասաց, որ մեր հարցերին բանավոր չի պատասխանի. «Սերվիտուտը տալիս ենք մարդկանց` իրենց տարածք մտնելու համար, գրավոր գրեք, մենք ավագանու նիստով հարցը կբարձրացնենք»: Արդեն ավանագու նիստով հարցը բարձրացվել է, ի՞նչ տարբերություն` գրավո՞ր եք պատասխանում, թե՞ բանավոր։ «Տարբերությունն էն ա, որ ես չգիտեմ՝ կոնկրետ որ օրաթերթից եք, ինչի համար եք զանգում, Դուք ներկայացրել եք, բայց ես չգիտեմ՝ հեռախոսից այն կողմ ով ա խոսում, հարցերը գրավոր ուղարկեք»:
Համայնքապետարանի պաշտոնական կայքում բացակայում են ավագանու անդամների հեռախոսահամարները, միայն համայնքապետարանի կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության եւ առողջապահության բաժնի պետի հեռախոսահամարը գտանք: Համայնքապետարանում վերջին շրջանում շատ զգուշավոր են դարձել, չի բացառվում, որ դա կապ ունի վերջերս ձերբակալված պաշտոնյաների՝ երկու ամսով կալանավորված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանի եւ համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի եւ կոմունալ ծառայության բաժնի պետ Հրաչ Դավթյանի հետ:
Փորձեցինք մեր հարցի պատասխանն այլ տեղում փնտրել: Պետռեգիստրից տեղեկացանք, որ «Գնդասար» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպությունը գրանցված է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի Պարույր Սեւակի փողոցի 50 շենքում: Զանգակատուն համայնքի վարչական շենքը եւս գտնվում է նույն հասցեում: Համայնքի վարչական ղեկավար Հովիկ Կարապետյանից հետաքրքրվեցինք «Գնդասար» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության մասին՝ ի՞նչ գործառույթ է իրականացնում։ «Մենք տարածք ենք տրամադրել այդ կազմակերպությանը, բնապահպանություն են իրականացնում: Կազմակերպության հետ ունենք վարձակալության պայմանագիր, դա նոր չէ` 2017 թվականից է»: Բայց «Գնդասար» բնապահպանա-սոցիալական ՀԿ-ն պետռեգիստրով 2023 թվականին է գրանցվել, այդ ինչպե՞ս ստացվեց, որ 2017 թվականից է գործում։ «Ուղղակի անունն է փոխվել, առաջ Հայկական բարձրավանդակների կենսաբազմազանության պահպանման հիմնադրամ է եղել, իրենք կենդանիների պահպանությամբ են զբաղվել: Ունեն բնապահպաններ, որոնք մոնիթորինգ են անում, տեսանկարահանող թակարդներ են դնում, հաշվառում են անցկացնում, տեսնում են` ավելացե՞լ է կենդանիների քանակը, թե՞ պակասել, կենդանիների շարժն են գրանցում եւ նմանատիպ բաներ: Մեր համայնքում է, եւ անսովոր կլիներ, որ ես դրա մասին չիմանայի»: Սովորաբար այդպիսի բնապահպանական ծրագրերում ընդգրկված համայնքներին որոշակի գումար է հատկացվում, ձեր համայնքապետարանին տվյալ կազմակերպության կողմից գումար փոխանցվե՞լ է։ «Չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց նախկինում ինչ-որ աշխատանքներ՝ արտաքին լուսավորության հետ կապված, խաղահրապարակի կառուցում, իրենք կատարել են, եթե մենք ինչ-որ առաջարկությունով հանդես ենք եկել: Մենք ֆինանսական հարցերի հետ գործ չունենք, իսկ ՀԿ-ի նախագահը Սյուզի Կարապետյանն է: Մնացած հարցերն էլ ուղղեք WWF հայաստանյան կազմակերպությանը»:
Պետռեգիստրում գտանք Հայկական բարձրավանդակների կենսաբազմազանության պահպանման հիմնադրամը, որի հիմնադիր տնօրենն Արթուր Կարապետյանն է, հիմնադրամը գրանցվել է 2004 թվականին: Սյուզի Կարապետյանը, որը «Գնդասար» բնապահպանա-սոցիալական ՀԿ տնօրենն է, պարզվում է՝ Արթուր Կարապետյանի դուստրն է եւ Զանգակատուն վարչական համայնքի ղեկավար Հովիկ Կարապետյանի քույրը: Ահա թե ինչու վարչական ղեկավարն ամեն բան գիտեր տվյալ ՀԿ-ի մասին:
Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցության ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից՝ KfW բանկի միջոցով: Ո՞րն է ծրագրի նպատակը, Հայաստանի ո՞ր մարզերում են իրականացնում ծրագիրը․ հարց ուղղեցինք WWF Հայաստանի կազմակերպության համագործակցության, հաղորդակցության եւ ֆոնդահայթայթման բաժնի ղեկավար Ժակ Նիազյանին։ «Էկոմիջանցքների ծրագիրը 2015 թվականից է: Ծրագրում ընդգրկված են Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի, Լոռվա մարզերը: Էկոմիջանցքների ծրագրի նպատակն այն է, որ կենդանիների բազմացման համար նպաստավոր պայմաններ լինեն: Ծրագրի շրջանակներում ունենք դրական արդյունքներ, նախ՝ պահպանվող տարածքներն են տարածվել, հետո՝ կենդանիների դրական աճ է նկատվել: «Արփա» պահպանվող լանդշաֆտում 2019 թվականի համեմատ վերջին տարիներին կենդանատեսակների 47 տոկոս աճ է գրանցվել»:
Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք տվյալ ՀԿ-ն համագործակցում է իրենց հետ, բնապահպաննե՞ր են կամ ինչ-որ ձեւով կապ ունե՞ն բնության հետ։ «Որքանով ես եմ տեղյակ, կրթությամբ բնապահպաններ ոչ բոլորն են, ամեն դեպքում՝ այնպիսի մարդիկ են, որոնք վստահություն են ներշնչել, որ պատասխանատվություն են կրելու բնության համար: Անգամ եթե այդ մարդիկ կրթություն չունեն, անխտիր բոլորն ունեն մեծ մոտիվացիա՝ բնության պահպանության հետ կապված հարցերում: Երբեք չի լինում, որ տեսնենք` մարդը հետաքրքրված չէ, իր համար դա եկամտի աղբյուր լինի: Բավականին երկար պրոցես ենք անցնում՝ ոչ միայն այս, այլեւ մեր ցանկացած ծրագրերով եւ մեր միջազգային գրասենյակի կողմից հսկվելով: Մարդկանց նախկին վարած գործունեությանն ենք ծանոթանում, որպեսզի հասկանանք, թե ինչքանով է համապատասխանում այդ մարդկանց աշխատանքը մեր ունեցած տեսլականին»:
ՀԳ․ Փորձեցինք նաեւ ճշտել, թե ինչքան գումար է ստացել «Գնդասար» կազմակերպությունը` ինչ աշխատանքների դիմաց: Բայց մի շաբաթ տանել-բերելուց հետո մեզ հրաժարվեցին ասել գումարի չափը: Նման ՀԿ-ներ, ի դեպ, գործում են բոլոր մարզերում, եւ դրանք՝ բոլորն էլ մարզային իշխանությունների կամ համայնքապետարանների հետ սերտ առնչություն ունեն: Չենք կարող պնդել, որ այստեղ կոնկրետ կոռուպցիոն ռիսկեր կան, սակայն մարզից մարզ այս նմանությունները խոսում են այն մասին, որ ոմանք լրացուցիչ եկամտի աղբյուր են տեսել եւ օգտվում են այդ աղբյուրից: