Քանի որ այսօր ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարական տվեց, ոմանք հիշեցին նրա թեւավոր խոսքերը` ինքը կույս Հռիփսիմեն է, եթե Վեհափառը կուսակրոն է, բանակին ոչ միայն զինվորներ, այլեւ գլուխներ են պետք, ես հո բրբսնյակի ծաղիկ չե՞մ, որ հակադրվեմ` մանդատս դնեմ: Պարզվեց` իրոք «բրբսնյակի ծաղիկ» չի եւ առաջին իսկ առաջարկով` հրաժարվում է պաշտոնից ու ապագա մանդատից:
Հատկապես «բրբսնյակի ծաղիկ» արտահայտությունը շատ էր դուր եկել մարդկանց եւ այն մինչ օրս տարբեր կոնտեքստներում կիրառում են, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ է դա նշանակում, ինչ նկատի ուներ հայտնի բուժքույրը` դա ասելիս:
Մեր զրուցակիցներից մեկը` տարեց մի կին, պարզվեց, գիտի, թե ինչ նկատի ուներ Հռիփսիմե Հունանյանը եւ մեզ բացատրեց. «Իրականում` ոչ թե բրբսնյակ է, այլ բարբզնակ եւ դա հիրիկ ծաղկի անվան բարբառային ձեւն է»:
Հիրիկը շատ գեղեցիկ ծաղիկ է, երբեմն կոչում են նրբագեղ հիրիկ, այն Հայաստանի բոլոր մարզերում աճում է, բայց շատ քիչ է` վերացման եզրին, ուստի գրանցված է Կարմիր գրքում: Այն համարվում է նաեւ դեղաբույս, 14 տեսակի հիրիկ կա բնության մեջ, հայտնի է նաև բարբզնակ կամ լալազար անունով:
Արեգ Մարգարյան