Կառավարությունն օրեր առաջ հավանության արժանացրեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը, որն առաջիկայում սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։
ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանի խոսքով՝ ոլորտային նոր օրենսդրություն ունենալու շուրջ աշխատանքները մեկնարկել են ավելի քան 10 տարի առաջ եւ ընթացել են տարբեր փուլերով: Ներկայացված փաթեթը մշակվել է՝ հիմք ընդունելով, մի կողմից, 2021 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված, սակայն Սահմանադրական դատարանի որոշմամբ ուժի մեջ չմտած օրենքը, մյուս կողմից՝ երկու փուլով իրականացվել են լրամշակման աշխատանքներ «ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» դրույթների հիման վրա, որում հստակեցված են բարձրագույն կրթության եւ հետազոտության ոլորտում թիրախներն ու ակադեմիական քաղաքի հայեցակարգը:
Օրենքի վերջնական նախագծի ամբողջական տարբերակն արդեն հասանելի է կառավարության կայքում` բոլոր այն առարկությունների փաթեթով, որը ներկայացվել է օրենքը մշակող մարմնին, եւ որը` տարբեր հիմնավորումներով, ընդունվել կամ չի ընդունվել ԿԳՄՍՆ-ի կողմից:
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասում է` լավ կլիներ, որ վերջին 10 տարվա ընթացքում առաջարկված փոփոխությունները որեւէ ձեւով արտացոլվեին այդ օրենքի նախագծում։ «Ցավոք, 2023-ի նախագիծը, որը դրվեց շրջանառության մեջ, եւ այն նախագիծը, որն ընդունվեց կառավարության կողմից նախորդ շաբաթ եւ ուղարկվում է Ազգային ժողով, էական տարբերություն չկա դրանց միջեւ: Որեւէ առաջարկ, որ Գիտությունների ազգային ակադեմիան ներկայացրել էր, չի ընդունվել, եւ հիմնական առաջարկությունները, որոնք վերաբերում են Ակադեմիայի կառուցվածքին, ակադեմիական ինստիտուտների ու բուհերի համագործակցությանը, որոնք պետք է որ տեղ գտնեին նախագծում, չեն ներառվել, այսինքն՝ ըստ էության, ոչինչ չի փոխվել: Սա նշանակում է, որ ինչ-որ մեկի մոտ իդեա ֆիքս կա` Ակադեմիան քանդելու, բուհերը միավորելու, հետո ակադեմիական ինստիտուտները բուհերին միավորելու եւ այդ ամբողջն ակադեմիական քաղաք տանելու հարցում: Այ, սրա մասին է օրենքի նախագիծը, որի տրամաբանությունը վերջին 2 տարվա ընթացքում որեւէ փոփոխության չի ենթարկվել: Արդյո՞ք սա նորմալ է»,- հարցին հարցով է պատասխանում Ա. Մխիթարյանն ու արձանագրում, որ, ըստ էության, օրենքի շուրջ կազմակերպված քննարկումներն ընդամենը ձեւ էին:
«Էլ ինչի՞ համար են այդ քննարկումները, եթե որեւէ առաջարկ չպետք է ընդունվի: Սա ձեւ է, ընդ որում՝ այդ ձեւը երեւում է հատկապես այն ժամանակ, երբ օրենքի նախագիծը դրվում է «Ի-դրաֆտ»-ում, եւ կարծիքներ արտահայտելուն զուգահեռ տեղի է ունենում նաեւ քվեարկություն: Ու պարզվում է` հենց «դեմ»-երն ավելի շատ են լինում «կողմ»-երից, 1-2 օրվա ընթացքում «կողմերն» ավելանում են երկու անգամ, իսկ այդ կողմ քվեարկողներն էլ նախարարության ու նրա ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների աշխատողներն են, որոնք նախագծի՝ քննարկման դրված վերջնաժամկետից 2-3 օր առաջ հրաման են ստանում՝ «կողմ» քվեարկել այդ օրենքի նախագծին: Հիմա արդյո՞ք սա ձեւ չէ..., հետո հպարտությամբ գրում են, թե 3 հազար «կողմ» է եղել նախագծին, 1500` «դեմ», այն դեպքում, որ այդ «դեմ»-երից գրեթե յուրաքանչյուրը ներկայացնում է իր կարծիքն ու առաջարկությունները, իսկ որեւէ «կողմ» քվեարկած չի ներկայացրել իր կարծիքը, քանի որ պարզապես մեխանիկորեն, հրահանգավորված մտել՝ քվեարկել են: Սա է մեր կառավարության աշխատաոճը եւ մեր լիազոր մարմնի գործելակերպը»:
Ատոմ Մխիթարյանը եւս մեկ անգամ ցավով ընդգծում է, որ կառավարությունն ու ԿԳՄՍՆ-ն ավելի շատ քննարկումների իմիտացիա են ստեղծել, քան այդ ուղղությամբ ռեալ քայլեր արել։ «Ինչպե՞ս է աշխատում կառավարությունը, այդ թվում` նախարարությունը. իրենք փոխանակ ռացիոնալ հատիկ գտնեն այդ առաջարկների մեջ, մտածում են՝ ինչ գործակալներ գտնեն, որոնք ինչ-որ մի բանով կարող են գովել այդ օրենքի նախագիծը, եւ, ըստ էության, այդ առաջարկների վերաբերյալ որեւէ բովանդակային քննարկում չի լինում: Հազար անգամ, այդ թվում` տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը բարձրաձայն ասաց, որ իրենք օրենքի նախագծի քննարկման հարցով մի քանի անգամ ցանկություն են հայտնել հանդիպել կառավարությունում, քննարկել այդ ամբողջը եւ ներկայացնել իրենց տեսակետը, բայց իրենց առաջարկությունը մնացել է բաց, այսինքն՝ որեւէ արձագանք, նույնիսկ` բացասական, Ակադեմիան չի ստացել: Սա է իրավիճակը»,- նկատում է զրուցակիցս:
Կրթության փորձագետն ասում է` նախորդ օրենքի նախագիծը, որն ԱԺ-ի կողմից ընդունվեց, բայց հետո մի քանի դրույթների պատճառով հակասահմանադրական ճանաչվեց եւ հետ ուղարկվեց լրամշակման, ավելի լավն էր, քան սա։ «Անգամ այդ նախագիծը, չնայած բազմաթիվ քննադատություններին, շատ ավելի լավն էր, քան այն նախագիծը, որը հիմա դրված է սեղանին: Նախարարությանը մնում էր այն հոդվածները, որոնք Սահմանադրությանը հակասող էին ճանաչվել ՍԴ-ի կողմից, դրանք պետք է վերափոխվեին, վերախմբագրվեին եւ ներկայացվեին կառավարությանն ու Ազգային ժողովին: Սակայն նրանք տակնուվրա արեցին ամբողջ նախագիծը, մտացածին բաներ են գրել մասնավորապես «ակադեմիական քաղաք» կոչվող անհասկանալի կառույցի մասին... ո՞վ է նման բան գրում օրենքում... բայց իրենք գրել են ու դրա ձեռն ընկել են կրակը, մարդիկ են ման գալիս, որ դրա մասին կողմ բաներ խոսեն»,- ասում է Մխիթարյանն ու նկատում, որ օրենքը սահմանում, ամրագրում է մի հասկացություն, կառույց, որը դեռ գոյություն չունի, եւ չգիտենք էլ, թե երբ կլինի՝ 2030-ի՞ն, թե՞ 2040-ին: «Ընդ որում, դեռ չգիտենք՝ այդ ակադեմիական քաղաքը լինելո՞ւ է, թե՞ ոչ, բայց օրենքում արդեն ամրագրվել է, որ ակադեմիական քաղաքից դուրս որեւէ բուհ որեւէ ենթակառուցվածք չի կարող զարգացնել»:
Վերջերս ԿԳՄՍ նախարարը, որպես ապացույց պետության հանդեպ հոգածության, առաջ քաշեց այն հանգամանքը, որ կառավարությունը 2018-ից ի վեր ավելի քան 74 մլրդ հավելյալ գումար է ուղղել գիտության ոլորտին՝ դրանով ցույց տալով գիտության ոլորտի առաջնահերթությունն իր համար, միաժամանակ զգալիորեն բարձրացրել են գիտնականների աշխատավարձերը։ «Այդ թվերին 2 բան պետք է հակադրել, առաջինը` այն ժամանակահատվածում, երբ բյուջեից գիտության ոլորտին տրվող հատկացումներն աճել են, նույն ժամանակահատվածում գիտնականների թիվը վերջին 5 տարում Հայաստանում պակասել է ավելի քան 20 տոկոսով, հիմա ո՞րն է ավելի խոսուն թիվ: Եվ 2-րդ․ այդ բյուջեն քանի՞ տոկոսով է կատարվում, այսինքն՝ գումարները հատկացվում են գիտության բնագավառին, բայց քանի որ գիտության բնագավառը չի կարողանում կլանել այդ գումարները, որովհետեւ գիտնականների թիվն է քիչ, աշխատողներ չկան, հատկացված գումարի ավելի քան 30 տոկոսը հետ է վերադառնում բյուջե: Այս թվերն ինքնըստինքյան խոսում են ներկայացված թվերի սնանկության մասին: Այո, թղթի վրա բարձրացնում են բյուջեն, բայց իրականում ոչինչ չի ավելանում, եւ գիտնականներն էլ թողնում հեռանում են ոլորտից: Սա է պատկերը»,- եզրափակում է Ա. Մխիթարյանը: