Այլ

7 պատերազմ․ Հայաստանն ու 2025-ի ռազմական քարտեզը

7 պատերազմ․ Հայաստանն ու 2025-ի ռազմական քարտեզը

2025 թվականին համաշխարհային անվտանգության օրակարգն ավելի բարդ ու խնդրահարույց է դարձել ինչպես երկարատեւ հակամարտությունների, այնպես էլ՝ նոր աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում: Տարբեր տարածաշրջաններում ռազմական եւ քաղաքական գործընթացների դինամիկան փոխվում է. մինչ որոշ բախումներ համեմատաբար հանգիստ են, մյուսներում պատերազմի ռիսկը մեծանում է:

Հարավային Կովկասում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տասնամյակներ շարունակվող հակամարտության փաստացի ավարտը, մեզ հայտնի ու մեզ համար բացարձակապես անընդունելի եւ նույնիսկ՝ ցավալի պատճառներով, չնայած այն հանգամանքին, որ դեռեւս խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, ձեւավորում է նոր իրողություն: Քաղաքացիական հասարակության, տնտեսական համագործակցության եւ հաղորդակցության ոլորտներում կողմերի միջեւ նախնական շփումները վկայում են տարածաշրջանում լարվածության նվազման մասին: Սա փաշինյանական ռեժիմի՝ ադրբեջանաթուրքական օրակարգի սպասարկման հետեւողական քաղաքականության արդյունք է։ Այնուամենայնիվ, վաղաժամ է այս գործընթացը գնահատել որպես լիակատար կայունություն ու խաղաղություն. տարածաշրջանի ապագա անվտանգության ճարտարապետության առումով:

Իսկ արեւմտյան կիսագնդում իրավիճակը, ընդհակառակը, վատթարանում է: ԱՄՆ-ի եւ Վենեսուելայի միջեւ երկարատեւ քաղաքական առճակատումը վերածվել է ռազմական բախման ռիսկին ամենամոտ ճգնաժամի։ Տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխությունը, էներգետիկ քաղաքականությունը եւ միգրացիոն ճնշումն ավելի են սրում հարաբերությունները։ Այս ֆոնը պայմաններ է ստեղծում համաշխարհային քարտեզի վրա այլ թեժ կետերի ակտիվացման համար։

Ստորեւ ներկայացնում ենք հիմնական հակամարտության գոտիների ցանկը, որտեղ ռազմական բախումները շարունակվել են 2025 թվականին, եւ որոնք սպառնում են համաշխարհային կայունությանն ու անվտանգությանը։

1. Ուկրաինա-Ռուսաստան պատերազմ։ Արյունալի դիմակայությունը թեւակոխում է չորրորդ տարին։ Այս պատերազմը ոչնչացրել է Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը։ Չնայած 2025 թվականին առաջնագիծն էականորեն չի փոխվել, անօդաչու թռչող սարքերը եւ հրթիռակոծումները մտել են նոր փուլ։ Ուկրաինայի «Սարդոստայն» գործողությունը եւ Ռուսաստանի նոր հարձակումները Դոնեցկի մարզում ցույց են տալիս, որ պատերազմը կշարունակվի երկար ժամանակ։ Խաղաղության ծրագրի շուրջ ռուս-ամերիկյան, Կիեւ-Վաշինգտոն բանակցությունները դեռեւս էական ու արմատական լավատեսության հիմք չեն տալիս, թե պատերազմը կդադարի այս տարի։ Եվ ոչ միայն։ Փաստ է, որ այս ռազմական հակամարտությունը 24 ժամում կարգավորելու Թրամփի խոստումը նրա պաշտոնավարման եւ անձի հերթական ամպագոռգոռ վստահեցումներից էր, որն առայսօր հիասթափեցրել է նույնիսկ իրեն՝ ԱՄՆ առաջնորդին։

2. Մերձավոր Արեւելք. Իսրայելն ընդդեմ Իրանի եւ Գազայի 2025 թվականի հունիսին Իսրայելի կողմից Իրանի վրա իրականացված ուղիղ օդային հարվածները «Ամ Քելավի» գործողության շրջանակներում հարուցեցին տարածաշրջանում «մեծ պատերազմի» վախը։ Գազայում շարունակվող մարդասիրական ճգնաժամը եւ Լիբանանի սահմանին լարվածությունը Մերձավոր Արեւելքը շարունակում են դարձնել աշխարհի ամենաանկայուն տարածաշրջանը։

3. Սիրիա. «սառեցված», բայց ոչ մարած հակամարտության գոտի 2011 թվականից շարունակվող հակամարտությունը դեռեւս լիովին չի լուծվել 2025 թվականին։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Իրանի ռազմական ներկայությունը տարբեր տարածաշրջաններում երկիրը պահում է մասնատված՝ նույնիսկ Ասադի իշխանության տապալումից հետո։ Ամերիկյան եւ թուրքական զորքերը պարբերաբար ռազմական գործողություններ են իրականացնում այդ երկրի տարածքում՝ ընդդեմ անջատողական ուժերի։

4. Սուդան. արյունոտ վերք Աֆրիկյան մայրցամաքում։ 2023 թվականին սկսված ներքին պատերազմն ավելի է սրվել 2025 թվականին։ Մայրաքաղաք Խարթումում եւ Դարֆուրի շրջանում մարտերը հանգեցրել են մայրցամաքի ամենամեծ փախստականների ճգնաժամին։

5. Մյանմա. քաղաքացիական պատերազմի ընդլայնում։ 2021 թվականի հեղաշրջումից հետո սկսված ներքին բախումներն այս տարի հանգեցրին կենտրոնական բանակի կողմից վերահսկողությունը կորցնելուն: Էթնիկ զինված խմբավորումները ռազմավարական առավելություն ստացան երկրի մեծ մասում։

6. Սահելի շրջան (Մալի, Բուրկինա Ֆասո, Նիգեր)։ Այս շրջանը 2025 թվականին դարձել է համաշխարհային ահաբեկչության կենտրոն: Քաղաքական ցնցումների հետեւանքով առաջացած վակուումը թույլ է տվել արմատական խմբավորումներին՝ ընդլայնել իրենց գործունեությունը։

7. Եթովպիա։ Չնայած պաշտոնապես խաղաղության համաձայնագիր է կնքվել, Տիգրայի շրջանում եւ այլ նահանգներում տեղական խմբավորումների եւ կենտրոնական կառավարության միջեւ բախումները լիովին չեն դադարել։

ՀԳ․ Թաիլանդ-Կամբոջա սահմանային ռազմական բախումները եւս խնդրահարույց են։ Թաիլանդի հետ սահմանային հակամարտության սրման ֆոնին Կամբոջայի խաղաղ բնակիչների մեջ զոհերի թիվը հասել է 30-ի։ Այս մասին հայտնում է Սինհուան՝ հղում անելով Կամբոջայի տեղեկատվության նախարար Նեթ Պհեակտրային։ Թաիլանդի եւ Կամբոջայի սահմանամերձ շրջաններում ռազմական գործողությունները վերսկսվել են անցած հանգստյան օրերին։ Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ, Թաիլանդի օդուժն ավիահարվածներ է հասցրել Կամբոջային։ Ավելի վաղ կամբոջական ԶԼՄ-ները հայտնել էին, որ սահմանի ամբողջ երկայնքով շարունակվում են թեժ մարտերը: Վերջին տվյալներով՝ երկրի սահմանամերձ նահանգների վրա թաիլանդական զինուժի հարձակումների պատճառով ավելի քան 54,5 հազար մարդ է լքել տները, իսկ Թաիլանդում, ընդհանուր առմամբ, տարհանվել է 400 հազար բնակիչ, որոնցից 125 հազարն ապաստանել են սահմանամերձ նահանգների ժամանակավոր տեղակայման կետերում:

Մնում է հուսալ, որ այս եւ մյուս փոքր ռազմական բախումներում չդադարող կրակոցների փոխարեն վերջապես կհնչի խաղաղության եւ դիվանագիտության լեզուն, կհնչի որպես վերջին լռեցնող կրակոց․․․
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image