Վերլուծություն

Հանձնե՞լ, թե՞ պահել մանդատները

Հանձնե՞լ, թե՞ պահել մանդատները

Մանդատները հանձնելու կամ պահելու հարցը դարձել է ընդդիմադիր շրջանակների քննարկումների ամենասուր հարցը: Մի մասը հիմնավորում է, որ պահպանելով մանդատները՝ կարող են անել ավելի, քան գործող ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունները: Պատճառն այն է, որ ՔՊ-ն իր 60 թե 61 ձայնով զրկվել է սահմանադրական մեծամասնություն ունենալուց: «Резонно!» (բնական է (կամ բանական է)՝ մոտավոր իմաստով)՝ կասեր ռուսը: Այդ կարծիքին ընդդիմադիր ընդդիմադիրները պատասխանում են՝ գործող իշխանությունը կզբաղվի մարդագողությամբ: Ու հանգիստ կստանա պակասող 10 ձայնը:

«Резонно!»՝ սրան էլ կասեր ռուսը: Բայց այդ դեպքում առկա է մի փոքրիկ «բայց». ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստան»-ն էլ դրանց թվում, ԱԺ-ում կունենան մինչև 45 մանդատ: ԲՀԿ-ն, որքան էլ դա տհաճ լինի անձամբ վարչապետի աթոռից կառչած անձի համար, վերահաշվարկի արդյունքում ապահովել է իր տեղն ԱԺ-ում: Այդ անձինք, նախ, իրավապահների հետապնդումներից որոշակիորեն պաշտպանված կլինեն իրենց մանդատով: Երկրորդ, նրանք միշտ կլինեն խմբակցությունների ղեկավարության աչքի առջև: Եվ այդ պարագայում հանցագործ մարդագողությանն էլ խոչընդոտելն ավելի հեշտ կլինի:
Հիմա անցնենք մանդատները հանձնելուն: «Ուժեղ Հայաստան» դաշինքի, «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ թեկնածուների ցուցակներում առկա է ավելի քան 500 անձ: Հիմա համեմատենք՝ 45 և 515. ո՞ր դեպքում ավելի հեշտ կլինի մարդագողություն անելը: Բնականաբար, երկրորդ դեպքում, հատկապես որ 515-ից ոչ մեկը պաշտպանված չի լինելու մանդատով: Կարծում եմ, որ ասվածը բավարար է, որպեսզի ընդդիմությունը պահպանի մանդատները: Բայց եթե նույնիսկ 515-ն էլ հերոսաբար (բնականաբար, ոչ հարկատուի իմաստով) դիմանան իրավապահների անօրինական հետանդումներին, առկա է մեկ այլ որոգայթ:

Դա Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի 4-րդ կետն է: Ըստ որի, ԱԺ-ում պետք է ներկայացված լինի առնվազն 3 քաղաքական ուժ: Ու հենց այդ դրույթի հիման վրա 2021-ին ԱԺ անցավ «Պատիվ ունեմ» դաշինքը: Բայց ոչ մի բառ առկա չէ այն մասին, թե ինչպես պետք է վարվել, եթե ԱԺ 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցնող ուժերը հրաժարվեն մանդատներից: Որովհետև Սահմանադրության հեղինակը չի մտածել այդ հնարավորություն մասին: Ավելի ճիշտ, առաջնորդվել է մեղսունակության և ոչ թե անմեղսունակության վարկածով: Որովհետև ադեկվատ մարդու ուղեղում չէր կարող ծագել այնպիսի իրադրության վերաբերյալ գաղափար, երբ ԱԺ անցած ողջ ընդդիմությունը պատրաստ լինի հրաժարվել մանդատներից: Ասեմ, որ երբ մշակվում էին սահմանադրական փոփոխությունները, վրացական սցենարը դեռևս կյանքի չէր կոչվել:

Այնուամենայնիվ, եթե պատահի այնպես, որ ԱԺ անցած քաղաքական ուժերը կարողանան 100 տոկոսանոց արդյունքով հանձնել մանդատները, ապա չեմ կասկածում, որ Նիկոլենց կհաջողվի կյանքի կոչել ցերը նշված սահմանադրական դրույթը: Եթե անհրաժեշտ համարեն, ապա կարող են դրա համար դիմել ձեռնասուն դարձրած Սահմանադրական դատարան և ստանալ դրական պատասխան: Այդ պարագայում ԱԺ մտնելու հերթում կլինեն «Միասնության թևեր» կուսակցությունը՝ 33644 քվեով և «Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը՝ 30807: Եթե ենթադրենք թե առաջին և կամ նույնիսկ երկուսն էլ հրաժարվեն մանդատներից, ապա նրանց կփոխարինեն «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը՝ 26567 քվեով և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը՝ 25624 քվեով, և այդպես շարունակ: Մինչև որ հասնեն Զավենիչի, ինչպես նաև նրա նմանների՝ մի քանի հազար ձայն հավաքած կուսակցություններին:

Ինչպես տեսնում ենք, զուտ տեխնիկական առումով է անհրաժեշտ, որպեսզի ընդդիմադիր երեք խմբակցությունները պահպանեն իրենց մանդատները: Ու յուրաքանչյուրը կարողանա ձևավորել խմբակցության այնպիսի կազմ, որպեսզի հնարավոր չլինի մարդագողություն անելը: Եվ այդ պարագայում ՔՊ-ն կզրկվի մանդատների 3/5-րդը ձեռք բերելու հնարավորությունից: Ինչն անհրաժեշտ է, որպեսզի կարողանա ստանալ սահմանադրական օրենքներ ընդունելու և անկախ համարվող պետական կառույցների ղեկավար նշանակելու միանձնյա հնարավորությունից: Էլ չասած սահմանադրական փոփոխության համար անհրաժեշտ 2/3-րդն ապահովելու մասին, ինչը վերջ կդնի այն Հայաստանին, որում դեռևս ապրում ենք:

Եվ մի խիստ կարևոր հանգամանք, որ աչքաթող է արվում մանդատներից հրաժարվելու կողմնակիցների կողմից. իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո հայոց եկեղեցու հետ: Այդ հարցը բացարձակ չի քննարկվում: Որովհետև ԱԺ-ում չունենալով ընդդիմություն՝ Նիկոլն օրենսդրորեն կխեղդի եկեղեցին, հետո դա կյանքի կկոչվի իրավապահների ուժերով: Դրա դեմ ոչինչ անել չենք կարողանալու՝ եթե, իհարկե, մինչ այդ չկազմակերպվի թավշյա կոչված երկրորդ հեղափոխությունը: Չնայած դա էլ կթաղվի արյան մեջ՝ հիշենք 2024 թվականի հունիսի 12-ը: Հիշենք Իջևանում արյան գետեր հոսեցնելու մասին՝ Նիկոլի կողմից իրավապահներին տրված հրահանգը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...

×
Gallery Image