Մի քանի ամիս է, ինչ Հրազդանի քաղաքապետարանում ավագանու նիստերին մասնակցում են ավագանու 14 անդամներից՝ 8-ը: Երկուավագանու նիստի մասնակցել են 4 անդամներ, եւ քվորում չապահովվելու պատճառով նիստերը չեն կայացել: Ավագանու անդամների ընտրությունը Հրազդանում տեղի էր ունեցել 2016թ.-ի հոկտեմբերի 2-ին: Մեր տեղեկություններով՝ որոշ ավագանու անդամները այլեւս չեն ցանկանում մասնակցել ավագանու նիստերին, եւ ամեն կերպ փորձելու են քվորում չապահովվել, որպեսզի նիստերը չկայանան: Չի բացառվում, որ ավագանու անդամների ընտրությունները Հրազդանում կկայանան այս տարի նոյեմբեր ամսին:
Ավագանու անդամների բացակայությունը նիստերին Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Դանիելյանը այսպես մեկնաբանեց. «Երեւի հարմար չի լինում, չեն գալիս: Ամեն դեպքում 2 ավագանու անդամների լիազորությունները դադարեցված են: Մեկը՝ Ռաֆայել Օհանյանը է, մյուսի անունը չեմ հիշում: Նրանք հրաժարվել են մասնակցել նիստերին, որովհետեւ Հայաստանում չեն լինում: Իրենք էլ հասկացան, եթե Հայաստանում չեն լինում իմաստը ո՞րն է, որ նիստերին մասնակցեն: Նելլի ջան, հիմա դուք գիտեք մենք ուզում ենք, որ իրենք բացակայե՞ն: Մենք էլ ուզում ենք, որ գան՝ քվորումն ապահովվի»։
Ավագանու անդամների լիազորությունները դադարեցվել է ավագանու որոշմա՞մբ. «Ավագանու նիստ չենք արել, արձանագրություն է կազմվել, ավագանու անդամները ստորագրել են»:
Հարցին՝ լարվածությո՞ւն կա քաղաքապետի եւ ավագանու անդամների միջեւ, Դանիելյանը ասաց. «Ոչ մի տեսակի լարվածություն չկա»:
«Գցեցի, բռնեցի, իմաստ չկա նիստերին մասնակցելու, դրանից չեմ գնում: Իմ համար կապ չունի կդադարեցնե՞ն, թե՞ չեն դադարեցնի իմ լիազորությունները: Եթե մի բան պիտի ուզենաս անես, էդ արածդ ոչ մի գնահատական չունենա թե՛ ժողովրդի, թե՛ մնացածի կողմից, իմ ներկայությունը ինչի ա պետք քաղաքապետարանում»,- ասաց արդեն լիազորությունները դադարեցրած ավագանու անդամը:
Ի դեպ, Հրազդանում լարված են նաեւ քաղաքապետի եւ համատիրության նախագահների հարաբերությունները, որոշները անգամ խորհրդակցությանը չեն մասնակցում: