Քաղաքականություն

Ընդդիմության դաշտը չպետք է թողնել ռեւանշի ձգտող նախկիններին

Ընդդիմության դաշտը չպետք է թողնել ռեւանշի ձգտող նախկիններին

Քաղաքական բարդ ու փշոտ ճանապարհ անցած, իր առանցքային գործիչների  հիմնական մասին տարիների  ընթացքում կորցրած «Ժառանգություն»-ը մարտի 31-ին հրավիրել է հերթական՝ 12-րդ համագումարը, որի ժամանակ էլ կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ՝ ԵՊՀ դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը։

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանը դեռ ամիսներ առաջ է ընտանիքով մեկնել Հայաստանից եւ այժմ ապրում է Կանադայում։  
Եթե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք «Ժառանգություն»-ն ուներ ընդդիմադիր դիրքորոշում, խորհրդարանում եւ նրա պատերից դուրս ծավալում էր ակտիվ ընդդիմադիր գործունեություն՝ այցելելով քաղբանտարկյալներին, մասնակցելով ակցիաների, ընդվզելով իշխանությունների ապօրինի որոշումների դեմ, ապա 2018թ․ թավշյա հեղափոխությունից հետո նա հայտնվել է անորոշ վիճակում։ 

Ո՞րն է լինելու այս կուսակցության առաքելությունը, քաղաքական ի՞նչ տեքստով եւ ուղերձով է նա հանդես գալու, որպեսզի ընկալելի լինի իր համակիրների համար։ 

Քանի որ Նարինե Դիլբարյանի ընտրվելը կուսակցության փոխնախագահի պաշտոնում անակնկալ էր, նախ նրանից հետաքրքրվեցինք, թե երբվանից է համագործակցում «Ժառանգության» հետ։ 
««Ժառանգության» հետ իմ շփումները ոչ կուսակցական անդամատոմսի մակարդակով չափազանց վաղեմի են, սկսած իրենց հիմնադրման պահից։ Մինչեւ վերջերս ես կուսակցական դառնալը չէի համարում նպատակահարմար։ Հեղափոխությունից հետո, երբ կուսակցական համակարգն ազատականացավ, ես հասկացա, որ երբ ունես գաղափարներ, մտադրություն, ապա դրանց իրացման լավագույն ճանապարհը կուսակցական ուղին է։

Ի վերջո, ես կանգ առա «Ժառանգություն» կուսակցության վրա, եւ կարծում եմ, որ ճիշտ եմ արել։ Կուսակցության պատմությունն ու գաղափարախոսությունը ինձ հարազատ են։ Արձանագրենք, որ «Ժառանգություն»-ում ձեւավորվել են շատ արդյունավետ գործիչներ։ Եթե անգամ այդ մարդիկ կայացել եւ հետո հեռացել են, զբաղվում են փորձագիտությամբ եւ մարդու իրավունքների հարցերով, ապա դա հրաշալի է։ Եվ եթե մենք անընդհատ խոսում ենք քաղաքացիական հասարակության ձեւավորման մասին, ապա պետք է այդ փորձն անես կուսակցական համակարգում։ Համագումարում շատերը խոսեցին իմ նախորդ աշխատանքից, վարչությունում էլ առաջարկեցին եւ ընտրեցին փոխնախագահ։ Կարծում եմ, որ «Ժառանգություն»-ն ունի շատ անելիքներ, եւ հիմա խիստ պահանջարկված է կուսակցական-քաղաքական կյանքի զարգացումը»,- նշեց Նարինե Դիլբարյանը։

Դիլբարյանը կարծում է, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքն ունի վերանայման կարիք, «Ընտրական օրենսգիրքը» կարիք ունի վերանայման։

Նարինե Դիլբարյանը կարծում է․ «Եթե մենք անցել ենք խորհրդարանական կառավարման մոդելի, ապա պետք է նպաստել կուսակցությունների զարգացմանը, նրանց նկատմամբ մոտեցումն էլ պետք է փոխվի։ Նախկինում մտնում էին իշխող կուսակցություն իրենց առաջընթացի համար, դրանք աշխատանքի տեղավորման գործակալություններ էին։ Այսուհետ չպետք է այդպես լինի։ Եվ ես կարծում եմ, որ «Ժառանգություն»-ն այն տեղն է, որտեղ կարող եմ իրացնել իմ պատկերացումները»։

Հարցին, թե առաջիկայում քաղաքական ինչ նախաձեռնություններով է պատրաստվում հանդես գալ, Նարինե Դիլբարյանն արձագանքեց, որ այդ մասին կխոսի ավելի ուշ։ 
Ըստ նրա՝ կուսակցությունում հայտնվելու առինքնող հատկանիշներից մեկն էլ այն է, որ այսուհետ ինքը չի լինի հպարտ միայնակ, կուսակցությունում էլ կքննարկի իր ծրագրերը։ 

«Ժառանգություն»-ն իր գոյության ընթացքում բախվել է լուրջ խնդիրների ներկուսակցական ժողովրդավարության, բազմակարծության պատճառով։ Ո՞րն է լինելու այսուհետ կուսակցության դիրքորոշումը, ընդդիմադի՞ր է լինելու գործող իշխանություններին։

«Համագումարի ժամանակ  շեշտվեց այն միտքը, որ եթե լինեն շեղումներ կուսակցության ծրագրից եւ ժողովրդավարական Հայաստանի ուղեգծից, ապա դրան պետք է ընդդիմանալ։ Պետք չէ անհանգստանալ ընդդիմություն լինելուց։ Դա իմ համոզումն է, եւ դրա հաստատագրումը գտա նաեւ շատ կուսակցականների խոսքում, որ ընդդիմության դաշտը չպետք է թողնել նախկիններին։ Այնպես չէ, որ ընդդիմություն լինելը  եւս մենաշնորհ է, եւ այդ մենաշնորհը կարող է վերաբերել միայն նախկիններին։ Իսկ նրանց քննադատության միակ նպատակը ռեւանշն է կամ վերադարձը։ Մենք պետք է դուրս գանք այդ կարծրատիպից, ձեւավորենք առողջ, բազմակարծություն ապահովող քաղաքական համակարգ, որում «Ժառանգություն»-ը կունենա լուրջ ներդրում»,- ասաց Նարինե Դիլբարյանը։

Որոշում կայացնելուց առաջ Նարինե Դիլբարյանը հանդիպել է կուսակցության հիմնադիր, նրա առաջին նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, քննարկել քաղաքական վիճակը, քաջալերել իր որոշումը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image