Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմին կա, որը վերջերս հանդես էր եկել հայտարարությամբ, լրատվամիջոցներին եւ լրագրողներին հորդորելով պահպանել լրատվամիջոցների էթիկական սկզբունքների կանոնագիրը՝ կազմված 7 կետից․
1. ճշգրտություն եւ անկողմնակալություն,
2. ազնվություն տեղեկությունների աղբյուրների հետ հարաբերություններում,
3. խմբագրական անկախություն,
4. հարգանք մարդկանց անձնական կյանքի եւ այլ իրավունքների նկատմամբ,
5. հարգանք զանազան խմբերի ներկայացուցիչների եւ համամարդկային արժեքների նկատմամբ,
6. ազնվություն հանրության հետ հարաբերություններում,
7. ազնվություն ընտրությունները եւ հանրաքվեները լուսաբանելիս:
Որպես լրագրող՝ ես սրբորեն պահպանում եմ այդ կետերը: Դրանք ինձ համար զուտ էթիկայի կանոններ չեն, այլ պատվիրաններ, որ ժառանգություն եմ ստացել Երեւանի պետական համալսարանից, ինչպես նաեւ՝ իմ նախկին ու ներկա գլխավոր խմբագիրներից: Հիմա, երբ 45 տարվա հեռավորությունից նայում եմ իմ անցած լրագրողական ճանապարհին, հասկանում եմ, որ այն քիչ լրագրողներից եմ եղել, որոնց կարելի է, բառի բուն իմաստով, սրբադասել: Շատ էլ չենք. գործողներից ես եմ մնացել, Պետրոս Ղազարյանը եւ Նիկոլ Փաշինյանը, որ վերջին շրջանում բացառապես Ֆեյսբուքում է ստեղծագործում: Ինչո՞վ ենք մենք առանձնանում մյուսներից: Այո, նախեւառաջ, վերոնշյալ 7 կետերի պահպանմամբ: Մեկս՝ մի քիչ ավել, մեկս՝ մի քիչ պակաս, բայց միշտ գործել ենք մեր պարտավորվածությունների շրջանակում: Ի տարբերություն ինձ՝ Պետրոսն ու Նիկոլն ավելի ճարպիկ են: Մինչ ես դանդալոշի նման միշտ մոլորված կանգնած եմ պատվիրանների շրջագծում, Պետրոսն ու Նիկոլը հասցնում են օրվա մեջ մի քանի անգամ այդ շրջագծից դուրսուներս անել եւ չարժանանալ դիտորդ մարմնի քննադատությանն ու նախազգուշացումներին:
Բայց իմ համբերությունն էլ սահման ունի: Մի օր վեր կկենամ, կգնամ՝ դիտորդ մարմնին կպատմեմ այն ամենը, ինչ մտածում եմ Պետրոսի ու Նիկոլի մասին: Ու տեսնեմ՝ դրանից հետո ոնց են ինձ հետ հավասար սրբադասելու այդ զույգին: Մեկը՝ Նիկոլը… Իր տեսած ու չտեսած բաների մասին գրում է նույն համոզվածությամբ: Ո՞ւմ տեղն է դրել իրեն, պայծառատե՞ս է, ինչ է… Կանոնագրի 5-րդ կետն ասում է՝ հարգանք զանազան խմբերի ներկայացուցիչների եւ համամարդկային արժեքների նկատմամբ: Դուք Նիկոլին երբեւէ տեսե՞լ եք որեւէ մեկին կամ որեւէ բան հարգելիս: Նրա համար «զանազան խմբերը» երկուսն են՝ ՔՊ եւ ոչ ՔՊ, ավելի ճիշտ՝ ինքը եւ ոչ ինքը: Մեկ էլ կտեսնես՝ Եռաբլուրում ծնկի է իջել… Այ տղա, բա ո՞ւր է հարգանքդ այն խմբի հանդեպ, որ քեզ չի թողնում Եռաբլուր այցելել, ինչո՞ւ ես զոհվածների ծնողներին ասֆալտի վրայով քարշ տալիս: Չլինի՞ հարգանքի ուրույն ձեւ է, որ ես՝ 45 տարվա լրագրողս, չգիտեմ: 6-րդ կետը, տեսեք, ինչ է ասում. «ազնվություն հանրության հետ հարաբերություններում»:
Հենց այս պահին մեր հանրությունը, վախ, վախ, վախ, համոզված է, որ Նիկոլն իր հետ հարաբերություններում ազնիվ է, չի խաբում, չի թլսորում, ուղեղները չի լվանում, չի հիմարացնում, մարդկանց չի թշնամացնում… մթնոլորտն էլ հո հանդուրժողականությունից պայթում է: Կարող եք ասել՝ դե Նիկոլը հիմա վարչապետ է, լրագրող չէ, որ հետեւի 6-րդ կետի պահանջին: Թույլ տվեք չհամաձայնել, որովհետեւ Նիկոլն այս անտանելի վիճակն ստեղծում է ժուռնալիստիկայի ժանրի իր գրառումներով: Ոչ մի կոնկրետ գործ՝ միայն գրում է ու գրում: Խնդրեմ, գնացել՝ Ալիեւի ու Թրամփի հետ ինչ-որ թղթեր է ստորագրել… Մեջը բան չկա, բայց արդեն մի ամիս է՝ խոսում ու խոսում է, գրում ու գրում է, որ ժողովրդին հիմարացնի, ցույց տա, թե գործ է արել: Վերջում էլ, ինչպես դա արդեն տեսանք, մի սուտ ներողություն կխնդրի ժողջանից իր ափեղ-ցփեղ գրառումների համար ու դարձյալ կհայտնվի էթիկայի կանոնների շրջագծում:
Պետրոս Ղազարյանի քաշը, հասկանալի է, այնքան չի հերիքի, որ իրեն նիկոլական «կայֆեր» թույլ տա, բայց նա էլ պակաս ճարպիկը չէ: Մարդ է հրավիրում տաղավար, չռած աչքերով, «անմեղ գառի» արտահայտությամբ մի այնպիսի նաղլ կապում, ասես իրենից դենը հայրենասեր ու հայրենիքի դարդերով ապրող մարդ չկա: «Խմբագրական անկախությունն» ի՞նչ բան է, Պետրոսը գիտի՞… Մի քանի անգամ իրեն ասել եմ՝ այ տղա, Հանրայինում ես աշխատում, էդ անտերը հանրության սեփականությունն է, հանրության խոսափողը պետք է լինի, մի քիչ անկախ եղիր էդ հիմար ՔՊ-ից: Ձեւ չունի, եղբայր, կինը նախարար է, կառավարության անդամ, իսկ կառավարությունը Նիկոլն է: Ենթադրենք՝ Նիկոլի գլխից թռավ, կնոջ գլխից ո՞ւր պետք է թռչի: Կանոնագրի հենց առաջին կետն ասում է՝ ճշգրտություն եւ անկողմնակալություն: Ինձ երբեմն թվում է, որ Պետրոսի մոտ ճշգրտության ու անկողմնակալության ավելցուկ կա: Սակայն այդ հրաշալի հատկությունները դրսեւորվում են բացառապես երկրի ղեկավարների հետ «շփումներում»: Նա հավասարապես սիրել է թե՛ Քոչարյանին, թե՛ Սարգսյանին եւ թե՛ Փաշինյանին, նրանց հանդեպ եղել հավասարապես ճշգրիտ ու անկողմնակալ: Վստահ եմ, որ եթե առաջիկա կիրակի տեղի ունենան ընտրություններ, եւ գա նոր իշխանություն, Պետրոսը նախ՝ ազնվորեն կլուսաբանի այդ ընտրությունները, ապա ճշգրիտ ու անկողմնակալ կեցվածք կդրսեւորի նոր ղեկավարի նկատմամբ: Ի՞նչ ասեմ, նախանձելի ունակություն լրագրողի համար:
Ի՞նչ անեմ, երեւի երկու բառ էլ իմ դարդերից ասեմ ու ավարտեմ: Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի հարգելի դիտորդ մարմին, Ձեզ չի՞ թվում, արդյոք, որ սպառվել եք ու չգիտեք ինչով զբաղվել: Գուցե նոր մարմի՞ն է պետք ընտրել, այլապես եկել, Էդիկ Անդրեասյանին եք կարգի հրավիրում, կոչեր անում, չգիտեմ ինչ: Ձեզ համար գաղտնի՞ք է, որ մեր՝ լրագրողներիս «անկարգությունը» գալիս է իշխանությունների անկարգությունից, բառապաշարից, վարքուբարքից: Թե՞ մենք «կյաժ» ենք ու պարտավոր ենք «էթիկայի կանոնների» համաձայն հանդուրժել վարչապետ կոչվածի եւ նրա ենիչերների՝ մեզ ուղղված լուտանքներն ու սպառնալիքները: Հիշեք միշտ, հարգելի դիտորդ մարմին, սուրը երկու սայր ունի: Մենք մեր սայրի տերն ենք, իրենք՝ իրենց: Թող, ուրեմն, իրենց գործով զբաղվեն, որ մեր սայրի վրա չընկնեն: