Եթե ես իմանայի, որ հնարավոր է ՀՀ նախագահներին մի գրությամբ այսպես միավորել, ավելի շուտ կգրեի: Տեսաք, չէ՞, ինչ արեց Նիկոլն իր ֆեյսբուքյան հիմար պոստով… Երեք գրասենյակ մի մարդու պես ոտքի կանգնեց: Վայ, Նիկոլ, Նիկոլ… Այո, չկա չարիք առանց բարիքի: Սա էլ մի բարեպատեհ առիթ էր, ու վերջնականապես համոզվեցինք, որ անկախությունից ի վեր Արցախն է եղել մեր քաղաքական կյանքի առանցքը, գլխավոր խնդիրը, գլխավոր հարցը, հարցերի հարցը՝ եթե կուզեք: Թեկուզ Աստված իջեցրած լիներ Փաշինյանին, նա իր ծոծրակը կտեսներ, բայց վարչապետի աթոռը չէր տեսնի, եթե 18 թվի խեղկատակության օրերին խոստովաներ, որ գալիս է Արցախը տալու: Նա անգամ 2021 թվականին վախեցավ այդ խոստովանությունն անել եւ վերընտրվեց, որովհետեւ խոստանում էր պաշտպանել արցախահայության իրավունքները: Եվ հիմա, երբ այլեւս ամեն ինչ «հորով-մորով» է արել, իրագործել իր տերերի հրեշավոր ծրագիրը, փորձում է արդարանալ, մեղքը բարդել իր նախորդների ուսերին ու… Ու ի՞նչ անել… Այս հարցի պատասխանն է, որ ես չունեմ:
Կարգավիճակս ինձ թույլ չի տալիս ՀՀ վարչապետին հրավիրել բանավեճի, այն էլ՝ ուղիղ եթերում: Եվ ապա, նա 2018 թվականից, ինչպես ինքն է ասում, ծանոթացել է բանակցային ողջ գործընթացին, իսկ ես գիտեմ միայն այն, ինչ հրապարակվել է: Ուժերը մի տեսակ անհավասար են, եւ հնարավոր է՝ նորմալ բանավեճ էլ չստացվի: Կեսից պիտի ներվայնանամ, սկսեմ քֆուր տալ, Պետրոսն էլ եթերն անջատի: Զուտ այդ պատճառով էլ ընտրեցի Փաշինյանի հետ բանավեճի այս համեմատաբար անշառ ձեւաչափը: Կարծում եմ՝ սրա օգուտն ավելի մեծ կլինի, քան թե ես Փաշինյանին հրավիրեի, ինքն էլ չգար: Իսկ ինչ վերաբերում է իմ եւ Փաշինյանի քաշային կատեգորիաների տարբերությանը, ապա ես բացը կլրացնեմ այդ բանավեճին Փաշինյանի հետ որոշակի կապեր ունեցող մարդկանց ներգրավելով, որոնք կհաստատեն իմ ասածները: Հա, նաեւ խոստանում եմ Փաշինյանին անհարգալից չդիմել: Կընտրեմ նրան դիմելու ոսկե միջինը՝ Նիկոլ:
Գնացի՞նք: Պատրա՞ստ ես, Նիկոլ: Դե ուրեմն եկ սկսենք այն հիշարժան օրվանից, երբ քո թիմակիցներից մեկը էշ-էշ հայտարարեց, որ 2018թ․ հեղափոխությունն ավելի մեծ իրադարձություն էր, քան Արցախյան ազատամարտը: Նիկոլ, դու ինչո՞ւ այդ խոսքերի համար նրան սիկտիր չարեցիր, այլ պահեցիր քո կողքին, ավելի առաջ բրթեցիր, դարձրիր չգիտեմ ինչ: Նիկոլ, արդյոք 44-օրյա պատերազմը հենց այդ օ՞րը չսկսվեց, երբ թուրքն իմացավ, որ հայերն իրենց համար ավելի կարեւոր զբաղմունք են գտել, քան Արցախն է: Հիշո՞ւմ ես, դեռ դու էլ օգնության հասար Ալիեւին՝ հայտարարելով, որ լիազորված չես Արցախի հարցով բանակցել, որովհետեւ քեզ արցախցիները չեն ընտրել:
Նիկոլ, ես ավելի քան վստահ եմ, որ դու քո զրոյական կետից Ալիեւի հետ կես քայլ անգամ չես բանակցել Արցախի հարցով: Ես նկատի չունեմ Արցախը վերադարձնելու կամ արցախցիների ինքնորոշման իրավունքն իրացնելու հարցերը: Դու նույնիսկ Արցախն «անարյուն» հանձնելու շուրջ չես կարողացել բանակցել: Եվ, տեսնելով որ դա քեզ չի հաջողվում, հասկանալով, որ Արցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրելու համար ոչ մի արդարացում չես գտնելու, սանձազերծեցիր այս պատերազմը, թե՝ տեսեք-տեսեք, ես պայքարում եմ Արցախի համար: Ինքդ ես խոստովանել, չէ՞, որ ամեն ինչ այսպես էր լինելու, միայն թե առանց զոհերի: Բա մեզ Շուշիի նման դժգույն ու դժբախտ քաղաք պե՞տք է… Այս խոսքերի հեղինակը 2020-ի նոյեմբերի 7-8-ին դեռ հայտարարում էր, որ մարտերը Շուշիի համար շարունակվում են: Որտե՞ղ ես թաքցնելու այս պարադոքսը, Նիկոլ: Քեզ քանի՞ անգամ առաջարկեցին կանգնեցնել պատերազմը: Ինչո՞ւ չհամաձայնեցիր, եթե, իհարկե, դու չէիր սանձազերծել այս պատերազմն ու պայմանավորվել վերջնարդյունքի շուրջ:
Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, ես պատմական Հայաստանի վարչապետը չեմ: Պատահաբար ոչինչ չշփոթեցի, չէ՞: Սա էլ ես դու ասել, այնպես չէ՞, Նիկոլ: Բա ես քո Հայաստանի Հանրապետության վարչապետ ցավը տանեմ, էս ի՞նչ օրն ես գցել Հայաստանի Հանրապետությունը: Քեզ էլ հո մենք ենք ընտրել, ինչո՞ւ ես Ալիեւի հետ բանակցում Հայաստանի Հանրապետությունը խաղաղ ճանապարհով եւ մաս-մաս Ադրբեջանի կազմ տեղափոխելու «մասին»: Այդպես զարմացած շուրջդ մի նայիր, է, քեզ արդեն դատի են տվել սրա համար: Հուսամ՝ կկանգնես դատարանի առաջ ու «կբանավիճես»: Կասես՝ բա մեզ Կիրանցի նման դժգույն ու դժբախտ գյուղ պե՞տք ա, բա մեզ պե՞տք ա, որ մի կես լճի համար կռիվ անենք, բա մեզ ձյունապատ լեռներ պե՞տք են, բա մեզ Գորիս-Կապան ճանապարհ պե՞տք ա, բա մեզ Տիգրանաշենի նման մեռնող գյուղ պե՞տք ա… Տեսնո՞ւմ ես, Նիկոլ, թե ինչ ծով թեմա կա ինձ հետ բանավիճելու: Կուզե՞ս՝ Մհեր Գրիգորյանին էլ կանչենք: Ահագին բան գիտի այս մասին: Թե չէ՝ գնացել, քիթդ խոթել ես ՀՀ նախագահների, ՄԽ համանախագահների, Արցախի անկախությունը գրեթե դե յուրե ճանաչած երկրների ու խորհրդարանների արանքը, թե բա՝ բանավեճ եմ պահանջում…
Նիկոլ, դու իսկի չկարողացար Հովիկ Աղազարյանի հետ բանավիճել: Ինքը քո քաղաքական յոթն ու քառսունքը մի օրում արեց: Փաստվեց, չէ՞, որ ամբողջ թիմով եք ք.քի մեջ, եւ այսօր ընդամենը մի երկու «զուռնաչի» ունես, որ դեռ իներցիայով պաշտպանում են քեզ ու քո գրածները: Վաղը, որ էս Սորոսի մնացորդներն էլ չեղան, ի՞նչ ես անելու: Քավ լիցի, ես չեմ ասում՝ ապագա չկա: Կա ապագա, բայց դու անձամբ քեզ տեսնո՞ւմ ես այդ ապագայում: ՀՀ բնակչության 80 առ 100-ը քեզ այնտեղ չի տեսնում այլեւս: Եվ սա փաստ է, որի շուրջ բանավիճելն անիմաստ է:
ՀԳ. Ի դեպ, Նիկոլ, Բաշար Ասադի ներկա առանձնատան հարեւանությամբ մի լավ վիլլա եմ աչքադրել՝ բարձր պարիսպներով եւ ռուսական ՕՄՕՆ-ի շուրջօրյա հսկողությամբ: Կարող ես վարձակալել, շատ լավ տարբերակ է: