Հասարակություն

«Հրապարակ». Լարսում իրավիճակը կատաստրոֆիկ է. հազարավոր մեքենաներ են կանգնած

«Հրապարակ». Լարսում իրավիճակը կատաստրոֆիկ է. հազարավոր մեքենաներ են կանգնած

Վերին Լարսի անցակետում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով երթեւեկությունը կրկին փակվել է, ինչի հետեւանքով հազարավոր հայկական բեռնատարներ շարունակում են մնալ սահմանին կուտակված։ Վարորդները հայտնում են, որ աշխատանքային գործընթացը վերջին օրերին ավելի է բարդացել․ հերթերի կառավարումը հաճախ անկանոն է իրականացվում` անհասկանալի մեծ ընդմիջումներով, իսկ տեղում վրացական վերահսկող մարմինների հետ հաղորդակցությունը ոչ միշտ է կայուն, ինչը երկարացնում է սպասման ժամանակն ու խանգարում բեռների ժամանակին առաքմանը։

Ավելին, վարորդներից մեկը մեզ պատմեց, որ վրացական կողմի հետ հայ վարորդների հարաբերությունները բավականին վատացել են, վրացի սահմանապահներն ու մաքսավորներն անընդհատ քաշքշուկների մեջ են գցում վարորդներին, թղթաբանության hետ կապված խնդիրներ առաջացնում, ինչն էլ ավելի է ծանրացնում իրենց աշխատանքը։

Լարսի փակումը միաժամանակ լուրջ տնտեսական լարվածություն է առաջացրել․ բեռնափոխադրողները ստիպված են կատարել հավելյալ ծախսեր՝ կանգառների, օրերով սպասելու, անցումը երկարաձգվելու պատճառով: Իսկ ապրանքների մատակարարման շղթաներում արդեն նկատվում են ուշացումներ։ 

Փորձագետները կրկին ընդգծում են, որ Հայաստանը շարունակում է զգալիորեն կախված մնալ այս միակ հիմնական ցամաքային ուղուց, եւ յուրաքանչյուր նման միջադեպ ընդգծում է այլընտրանքների անհրաժեշտությունը։ Բայց այլընտրանքային ճանապարհների մասին երազելը դեռ շատ վաղ է, եւ դրանք հեշտ գլուխ չեն գալու:

Բացի սրանից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2 ամիս է՝ չի կարողանում հոկտեմբերից հայ վարորդների համար առաջացած մեկ այլ լուրջ խնդիր լուծել. ամիսներ առաջ Ռուսաստանի` Վերին Լարսի անցակետից դեպորտ էին անում ֆուռերի հայ վարորդներին։ Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության խստացումների հետեւանքով նրանք ՌԴ տարածքում տարեկան կարող են մնալ ոչ թե 180 օր, այլ՝ 90, իսկ շատ վարորդների` ՌԴ տարածքում մնալու ժամկետը՝ (90 օր) արդեն լրացել է: ՀՀ իշխանությունը, ըստ էության, ոչինչ չարեց, որպեսզի լուծի այդ հարցը, եւ վերադառնան 180-օրյա տարբերակին: Հիմա շատ վարորդներ սպասում են, որ հունվարից դուրս գան աշխատանքի, հակառակ դեպքում՝ եթե հիմա սահմանը հատեն, նրանց կարող են արտաքսել` միգրացիայի կանոնները խախտելու համար, եւ այն էլ՝ երբեմն մի քանի տարի ժամկետով:

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն այն ժամանակ հայտարարել էր. «Խնդիրը բարձրացրել ենք, ու դիմացի կողմը հասկացել է, որ մեզ դա անլուծելի պրոբլեմի առաջ կկանգնեցնի: 90 օրը մեր վարորդները միայն Վերին Լարսի հերթերում կարող են կանգնել տարվա ընթացքում: Օրեր շարունակ աշխատանք է իրականացվել... Մեր տպավորությամբ, մեզ խոստացել են, որ կլուծեն խնդիրը»: Պապոյանն ընդգծել էր՝ հարցը քննարկվելու է ԵԱՏՄ-ի հոկտեմբերի 24-ի նիստում: Ստացվում է՝ այս մի հարցն էլ Պապոյանը չի կարողացել լուծել, ինչպես շատ այլ հարցեր: Օրինակ, վրացական կողմը ալկոհոլով բեռնված ֆուռերին գարնանը շաբաթներով թույլ չէր տալիս առաջ շարժվել։ Ի վերջո, հայտարարեցին, որ հարցը լուծված է, բայց ոչ թե օրինական կարգով, այլ վրացական կողմին «մուծվելու» եղանակով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image