Ինչպիսի՞ն է հետհեղափոխական Հայաստանը, ինչպիսի՞ խնդիրների է բախվում հետհեղափոխական կառավարությունը նոր Հայաստանում։
Hraparak.am-ը զրուցել է քաղաքագետ Խաչիկ Գալստյանի հետ։
-Հեղափոխության ժամանակահատվածը, Հայաստանում տիրող մթնոլորտը համատարած ժողովրդական էյֆորիայի, ոգեւորվածության ժամանակաշրջան էր։ Այն ժամանակվա հեղափոխության կարգախոսները կոչ էին անում հանդուրժողականության, սիրո եւ համերաշխության, խաղաղասիրության։ Իսկ արդեն ամիսներ անց դրանցից ոչինչ չի մնացել։ Հեղափոխության ալիքն ուներ հսկայական էներգիայի, ստեղծարարության պաշար եւ կարող էր ուղղվել կառուցելուն, ստեղծելուն։ Ամիսներ անց, սակայն, վերադառնում ենք ի շրջանս յուր, նկատվում է ատելության խոսք, հասարակական տարբեր սեգմենտների պառակտում, կան ներազգային համերաշխության խնդիրներ։ Ինձ ավելի շատ դա է մտահոգում։
-Խնդրում եմ մի քիչ առարկայացնեք Ձեր խոսքը՝ ինչպե՞ս կարող է սեր եւ հանդուրժողականություն լինել հեղափոխություն իրականացրած ժողովրդի եւ Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրվող հանցագործների, նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչների միջեւ։
-Բոլոր այն երկրները, որոնք անցնում են ժողովրդավարացման ճանապարհով, բախվում են նման հարցերի՝ ի՞նչ անել նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչների հետ, ի՞նչ անել նախկին ռեժիմի ուժային մասը սպասարկողների հետ։ Մասնագիտական գրականության մեջ դա կոչվում է «դահիճների պրոբլեմ», «պրետորիականների պրոբլեմ», որոնք հարավաֆրիկյան երկրների զինվորներն են եւ ծառայել են ռեժիմին։ Եվ հիմա, որքան փորփրենք անցյալը, կկորցնենք նաեւ ապագայի տեսլականը։ Եթե հայտարարվում է, որ բոլոր մեղավորները պետք է պատժվեն, ապա ՀՀ-ում կա երեք միլիոն մեղավոր, բոլորին պետք է պատժել։
-Այսինքն՝ հռչակենք կոլեկտիվ պատասխանատվությո՞ւն։
-Շատ երկրներում տեսեք, թե ինչ բանաձեւ են գտել հեղափոխություններից հետո։ Այն մարդիկ, որոնք հարկերից խուսափել են, պետության առջեւ են պարտավորություններ ստանձնում։ Շատ դեպքերում հայտարարվել են տնտեսական համաներումներ։ Հեղափոխության առաջին օրերին հնչող ելույթներից թվում էր, թե նոր խաղի կանոններ կհաստատվեն, տնտեսական համաներում կլինի, կլինեն դաշտի առողջացմանը միտված քայլեր։ Սակայն տեղի է ունենում ընտրովի արդարադատություն, կան ընտրովի մոտեցումներ, հաշվեհարդար։
-Բոլոր դեպքերում կա հասարակական կոնսենսուս, որ Մարտի 1-ի պատասխանատուներն ու կազմակերպիչները պետք է պատժվեն։ Արդյո՞ք գործընթացը ճիշտ հունով չի ընթանում։
-Մարտի 1-ի ողբերգությունը մեծ ցավ է։ Տասնմեկ տարվա վաղեմությամբ Մարտի 1-ի քաղաքական գնահատականը տրված է, թե ովքեր են հանցագործները, ինչպես պետք է պատժվեն։ Մենք պետք է այդ էջը շրջենք ու անցնենք առաջ։ Հասարակական տրամադրությունների առողջացման տեսանկյունից Մարտի 1-ի ողբերգությունն, այո․ ունեցել է հսկայական դերակատարում։ Այն, ինչ տեղի ունեցավ 2018թ․, Մարտի 1-ի հետեւանքն էր։ Մարտի 1-ը ցույց տվեց, որ բռնությունը բացասական դեր ունի, եւ երկու կողմերն էլ արդյունքում կարող են պարտվել։ Եվ 2018թ․ ցույց տվեց, որ անհնար է բռնության ճանապարհով հասնել իշխանափոխության։ Մարտի 1-ի ամենամեծ դասն այն էր, որ ունեցանք խաղաղ, սահուն իշխանափոխություն։