Մեծ է գայթակղությունը՝ գրելու Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանության մասին, բայց դրա մասին գրեթե ամեն ինչ ասված է: Առանձնապես մեծ գիտակ պետք չէ լինել՝ այդ սպանության շարժառիթներն ու պատվիրատուներին հայտնաբերելու համար. ընդամենը վերհիշեք ապրիլին տեղի ունեցած Փարաքարի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո համաժողովրդական տոնախմբությունը եւ «Ապրելու երկիր» կուսակցության հաղթանակը Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի նկատմամբ, կարդացեք ՆԳՆ հայտարարությունը սպանության մասին, որից երեւում է, որ սպանություններն իրականացրել է պրոֆեսիոնալ մարդասպան, կարդացեք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որով փորձում է իր եւ իր իշխանության վրայից ցրել սպանության պատասխանատվությունը, եւ ամեն ինչ պարզ կդառնա: Դեռեւս 10 օր առաջ իմ եւ Զառայի փոդքասթի ժամանակ ասել էի, որ իր որոշ ընդդիմախոսներին կալանավորելուց հետո, մյուսներին ուղղակի սպանելու են, դրա համար են երկրում հատուկ քրեական միջավայր ստեղծում, որ կարողանան ասել, թե եթե երկրում ամեն օր մարդ են գնդակահարում, մի օր էլ դրա զոհը կարող է իշխանության ընդդիմախոսը լինել: Թեեւ իշխանության որեւէ բարձրաստիճան ներկայացուցիչ մինչեւ հիմա չի սպանվել:
Այն, ինչի մասին գրում եմ, թեեւ ուղղակիորեն կապ չունի Վ. Գրիգորյանի սպանության հետ, բայց, մեծ հաշվով, առնչվում է այն մթնոլորտին, որը դեռ 8-9 ամիս տիրապետող է լինելու երկրում: Մինչեւ ԱԺ ընտրությունների անցկացումը եւ նույնիսկ դրանից հետո նման սպանությունների եւ հաշվեհարդարների պակաս չի լինելու: Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է՝ իր վերարտադրությունը կազմակերպելու համար, մեկուսացնելով կամ ֆիզիկապես չեզոքացնելով իր քաղաքական հակառակորդներին, նրանց ինչում ասես մեղադրելով: Տեսեք, թե ինչ է կատարվում Մոլդովայում խորհրդարանական ընտրություններից առաջ, եւ կհասկանաք, թե ինչ է մեզ սպասվում:
Այս կիրակի օրը` սեպտեմբերի 28-ին, Մոլդովայում տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրությունները: Ինչպես Հայաստանում, Մոլդովայում եւս իշխանության է, այսպես կոչված, պրոեվրոպական «Գործողություն եւ համերաշխություն» կուսակցությունը, որի ղեկավար Մայա Սանդուն զբաղեցնում է նախագահի պաշտոնը, որն անընդհատ հայտարարում է, որ իրենց նպատակը Մոլդովան ԵՄ անդամ դարձնելն է: Հիմնական ընդդիմությունը սոցիալիստների եւ կոմունիստների դաշինքն է, որը, պարզ է` ունի պրոռուսական կողմնորոշում:
Մոլդովան ագրարային երկիր է, մինչեւ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը Մոլդովայի գյուղարտադրանքի 90 տոկոսն արտահանվում էր Ռուսաստան`գինիներ, մրգեր, բանջարեղեն, վերամշակվող արտադրություն: Փոխարենը Մոլդովան ստանում էր էժան ռուսական գազ: Բայց ԵՄ աջակցությամբ Մոլդովայում իշխանության եկան եվրոպամետ ուժերը, եւ Ռուսաստանի շուկան մոլդովական ապրանքների համար փակվեց, գազը եւ էլեկտրաէներգիան 3-4 անգամ թանկացան: Մարդիկ իրենց արտադրած ապրանքը եվրոպական երկրներում չեն կարողանում վաճառել, դրանք մրցունակ չեն: Կեռաս կամ խնձոր Գերմանիայում էլ են աճեցնում, իսպանական, իտալական, ֆրանսիական գինիների հետ մոլդովականը չի կարող մրցակցել: Եվրոպացիներն ասում են՝ ռապս աճեցրեք, խոտաբույս, որից բիոդիզել են արտադրում, որ մենք կարողանանք էկոլոգիապես ավելի մաքուր միջավայրում ապրել: Արդյունքում բարձրարժեք գյուղատնտեսությանը փոխարինել են ռապսի դաշտերը, որը ծաղր է երկրի եւ նրա քաղաքացիների նկատմամբ: Եվրաինտեգրացիայի համը տեսած եւ դրանից սրտխառնոց ապրած որոշ մոլդովացիներ իրենց հայացքը կրկին ուղղել են դեպի Ռուսաստան․ ռուսամետ դիրքորոշում ունեցող սոցիալիստների եւ կոմունիստների դաշինքն ընտրություններում հաղթելու շանս ունի, ինչը հիստերիայի մեջ է գցել գործող վարչապետին: Վերջինս հայտարարություններ է անում, որոնք շատերը բացատրում են նրա հոգեկան անհավասարակշիռ վիճակով: Նմանություններ կան, չէ՞:
Սեպտեմբերի 23-ին Սանդուն հայտարարել է, որ Ռուսաստանը հարյուրավոր միլիոն եվրոներ է ծախսում՝ ընտրողներին կաշառելու համար, որ եթե պրոռուսական ուժերը հաղթեն, երկրում սկսվեն ապակայունացում եւ քաոս, երկիրը կվերածվի ռազմական հենակետի` Ռուսաստանը Մոլդովայի տարածքը կօգտագործի ուկրաինական Օդեսայի վրա հարձակվելու համար: Մոլդովայի ընդդիմության ներկայացուցիչները համոզված են, որ նման հայտարարություններ նա անում է` կանխազգալով իր ղեկավարած քաղաքական ուժի պարտությունը: Եթե ընտրությունների արդյունքներից պարզ դառնա, որ իշխող ուժը պարտվել է, իշխանությունը կարող է ընտրությունների վրա «ռուսական ազդեցությունը» մեջտեղ բերելով` չեղարկել արդյունքները եւ երկրում հաստատել բացարձակ բռնապետություն: Մոլդովայի հարեւան եւ ազգակից Ռումինիայում վերջերս նման դեպք արդեն եղել է. այնտեղ չեղարկեցին նախագահական ընտրությունների արդյունքները՝ պատճառաբանելով հաղթած նախագահի կապը Ռուսաստանի հետ:
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը ընտրություններից 4 օր առաջ հայտարարեց, որ եթե իշխանության կուսակցությունը պարտվի, եվրոպական երկրները ռազմական ներխուժում են իրականացնելու Մոլդովա եւ այդ նպատակով զորք են կենտրոնացրել ռումինա-մոլդովական սահմանին: ԵՄ երկրները պատրաստ են մինչեւ վերջ եւ անգամ զենքի ուժով պաշտպանել իրենց վասալներին եւ նրանց` իշխանության մնալու իրավունքը: Հետաքրքիր է. իսկ եթե նմանատիպ իրավիճակում հայտնվի Հայաստանը, երբ պարզ դառնա, որ Փաշինյանը հաղթելու հնարավորություն չունի, ո՞ր երկրի տարածքում են զորք կուտակելու եվրոպացիները եւ որտեղի՞ց են փորձելու ռազմական ներխուժում իրականացնել: Գուցե ՆԱՏՕ-ի գծով իրենց դաշնակից Թուրքիայի՞: