Արարատի պատկերից, անգամ ուրվանկարից այս իշխանությունների վախերը ձեռքբերովի են: Այնպես չէ, որ Իջեւանի միջնակարգ դպրոցի գերազանցիկ աշակերտ Նիկոլիկն ի ծնե դեմ է եղել Արարատի՝ մեր սուրբ լեռան պատկերին: Նիկոլի պես նաեւ մյուս ՔՊ-շնիկները, որոնք, վստահ եմ, դպրոցում սերտել են Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն: Այո, սերտել են, որովհետեւ առանց այդ բանաստեղծությունն անգիր անելու հնարավոր չէր ո՛չ դպրոց ավարտել, ո՛չ էլ, մանավանդ, ընդունվել Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ… «Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա… Որպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում»… Հիշեցի՞ք, արա այ…
Դե հիմա ձեզ հարց տվեք՝ այդ ինչպե՞ս պատահեց, որ թուրքերը ոչ մի ժամանակ չբողոքեցին հայկական խորհրդանիշների մեջ Արարատ լեռան պատկերի առկայությունից ու դա սկսեցին անել հենց ձեր իշխանության օրոք: Հայաստանի առաջին հանրապետության զինանշանին եղել է Արարատը, Խորհրդային Հայաստանի զինանշանին եղել է Արարատը, ՀՀ այսօրվա պաշտոնական զինանշանի վրա կա Արարատը: Ի՞նչ պատահեց, էլի, մի հատ ասեք, այդ ի՞նչ տեղի ունեցավ, որ Իջեւանի միջնակարգ դպրոցի գերազանցիկ աշակերտ Նիկոլը, որին մեծարում եք իբրեւ ամենաինքնիշխան, ամենաանկախ, ամենախելացի ղեկավար, որոշում կայացրեց Հայաստանի ելքումուտքի դրոշմակնիքների վրայից հեռացնել Արարատի պատկերը: Խոստովանեք, որ թուրքերն են պահանջել… Ասեք, որ այս արարատաֆոբիան ձեզ թուրքերն են ներարկել, սպառնացել են չբացել սահմանը, փակել Նիկոլի օդերը, փող չտալ, նոր պատերազմ հրահրել, խայտառակել հայության ու ողջ աշխարհի առաջ… Հիմա եկել, հազար ու մի ծամածռություններ եք անում.. Թե բա՝ հարեւանը կվատանա մեր տան պատին Արարատի նկարը տեսնելուց… Ի՞նչ ասեմ, որ ձեր տան մի սենյակը տաք այդ նրբազգաց հարեւանին, իսկույն կլավանա: Փորձված բան է: Արցախը տվեցիք՝ լավացան, Կիրանցը տվեցիք՝ լավացան, «Զանգեզուրի միջանցքը» տվեցիք՝ լավացան… Գորիս-Կապան ճանապարհը, Ջերմուկի բարձունքները, Սեւ լիճը… Խաղաղություն է` Ալիեւը չի կրակում: Է, այսօր չի կրակում՝ վաղը կկրակի… Կամ էլ՝ ինչո՞ւ կրակի, եթե կարող է ասել՝ Սահմանադրությունը փոխեք, եւ դուք, սուտի ինքնիշխաններ, վազում եք կատարելու:
Հիմա, ենթադրենք, Քըլըչը Ռուբինյանին ասել է՝ Արարատ լեռան նկարը վիզաների վրայից հանեք, որովհետեւ, մեծ սուլթանի կարծիքով, դա տարածքային պահանջ է` ուղղված Թուրքիային: Իրադարձությունները գոնե ժամանակագրական առումով այսպես են պատկերանում՝ Քըլըչը եկավ Հայաստան, եւ այդ այցին հաջորդեց նոյեմբերի 1-ից Արարատ լեռան պատկերը վիզաներից հեռացնելու որոշումը: Բայց մի պահ կանգ առնենք այստեղ ու վերհիշենք Նիկոլի՝ Թուրքիա գնալը, Էրդողանի գրքով նկարվելը, Էրդողանի եւ Ալիեւի հետ համատեղ ուրախ հանդիպումները, ինչու ոչ` նաեւ Նիկոլի հայտարարությունն այն մասին, որ կառավարությունն ինքն է: Ի՞նչ է ստացվում… Ռուբինյանն այդ ո՞վ դարձավ, որ ռիսկ աներ ինքնագլուխ կերպով հակադարձել Քըլըչին, թե այդ ի՞նչ ես ասում, Արարատը հանրահայտ բիբլիական լեռն է ու մեծ ջրհեղեղից մազապուրծ եղած ողջ մարդկության խորհրդանիշը: Ուզում եմ ասել, որ պահանջը նախապես ներկայացվել է Նիկոլին եւ ոչ թե ծաղրածու Ռուբինյանին, որ, լինելով ԱԺ փոխխոսնակ, լեգիտիմություն չունի այդպիսի բանակցություններ վարելու: Եվ, ուրեմն, արարատաֆոբիան Նիկոլից է գալիս, դա նրա ձեռքբերովի վախերից է, որ նույնությամբ անցել է ՀՀ կառավարությանը եւ մյուս ՔՊ-շնիկներին:
Լուլու, այ Լուլու, Խուստուփն ի՞նչ կապ ունի այս պատմության հետ: Ասում ես՝ մենք մեզ վատ կզգայինք, եթե թուրքերն իրենց դրոշմակնիքի վրա դնեին Խուստուփի նկարը: Ախչի, թուրքերն ինչո՞ւ պետք է Խուստուփի նկարը դնեն իրենց որեւէ կնիքի վրա: Նկար դնելը, ի՞նչ է, ինքնանպատակ զբաղմո՞ւնք է: Թուրքերը Խուստուփի հետ կապված պատմական հիշողություն չունեն՝ ի տարբերություն մեզ, որ Արարատի փեշերին ենք ապրել՝ որպես մարդկային ցեղ` մեր ձեւավորման առաջին օրվանից: Բա ինչո՞ւ դու քեզ վատ չզգացիր, Լուլու, երբ Նիկոլը հերթով հրաժարվում էր մեր լեռների պատկերներից, թե դրանք ձյունածածկ, անպետք լեռներ են: Բայց արի՝ քեզ մի հետաքրքիր բան պատմեմ, Լուլու, որ փոխանցես Նիկոլիդ: Ուրեմն, ԱՄՆ 1 դոլարանոցի վրա բուրգ է պատկերված, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ում բուրգեր չեն կառուցվել, ու դա «իրական» ԱՄՆ-ի պատմության հետ որեւէ կապ չունի: Եվ, պատկերացրու, Լուլու, մինչ օրս ոչ մի եգիպտական փարավոն կամ ացտեկների որեւէ առաջնորդ իրեն վատ չի զգացել ԱՄՆ 1 դոլարանոց թղթադրամին նայելուց: Եվ, պատկերացրու, թուրքերն էլ իրենց վատ չէին զգա Արարատի պատկերը տեսնելուց, եթե Հայաստանում ձեր իշխանության նման խուտուտ տված իշխանություն չլիներ:
ՀԳ. Արարատի սեգ ճակատին դար է դիպել վայրկյանի պես ու անցել… Դուք ի՞նչ եք, որ չանցնեք, այ արարատաֆոբներ: