Խմբագրի կողմից

Ահա Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրականությունը...

Ահա Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրականությունը...

Ոմանք ինձ մեղադրում են, թե փորձում եմ Փաշինյանի մեղքը նվազեցնել` ներկայացնում եմ, թե անձի երկատում, հոգեկան խանգարման դրսևորումներ կան նրա մոտ, մինչդեռ սա հստակ ծրագիր է, պլանավորված դավաճանություն, որի հիմքերը դեռ 18-ից առաջ են դրվել: Ոմանք էլ ինձ մեղադրում են, թե իրենց «փրկիչին» վարկաբեկում եմ, նսեմացնում նրա արժեքը, իսկ նա մեզ «խաղաղություն, բարեկեցություն, ասֆալտ, նոր դպրոցներ...» է տվել:

Բոլոր կարծիքներն, իհարկե, կյանքի իրավունք ունեն, բայց եկեք ելնենք փաստերից, տարանջատենք ճանճերը կոտլետից և անմեղության կանխավարկածը չխախտենք:

Կարող է և մի հրեշավոր ծրագիր է գործարկվել 2018 թվին, բայց ես շատ լավ հիշում եմ երկրով մեկ ծավալված պայքարը, ամենավերջին գյուղում անգամ ընթացող ակցիաները և ապրիլի 23-ին բացված շամպայնի շշերի որոտը Երևանում: Գոնե դա չէր կարող մութ ուժերի կողմից այլ երկրում պլանավորված լինել...

Ես նաև հետևել ու տեսել եմ այն դեգրադացիան, որն ապրել է այդ երիտասարդների խմբակը 18-ից մինչ այսօր: Արձանագրել եմ հազարավոր հակասությունները, վայրիվերումները, հուսահատությունից ծնված կռուտիտները, փակուղուց ծագած չարությունը, խեղճությունից բխող թուլամորթությունը, աթոռների հանդեպ սիրուց և աթոռ չունենալու վախից սկիզբ առնող ստորությունները...

Ես ուզում եմ, որ կարողանանք տարբերակել ոչ իրենց մեղքով առաջացած իրավիճակը` իրենց սրիկայության ու ստորության արդյունքում ծնված աղետից:

Որ շատ խոհափիլիսոփայական չլինի գրածս, օրինակների վրա ասեմ: Կիրանցի, Շուռնուխի մի մասի, Ջերմուկում, Սև լճում թշնամու ներկայության հետ համակերպվելը, ինչքան էլ այս իշխանության ողորմելի ու խեղճ, անկարող ու վախկոտ լինելու մասին է վկայում, կարելի է զինված ու ագրեսիվ հակառակորդի անհամարժեք ուժով ու նոր պատերազմի վախով բացատրել: Ասել` դե, պատերազմում պարտվել ենք, պարտվածը կապիտուլյացիայի էլ է ենթարկվում: Բայց Արարատի սիմվոլից հրաժարվելը, Արևմտյան Հայաստանը ժխտելը, Արցախի մասին հիշողությունն ու ինստիտուտները մոլագարի նման ոչնչացնելը... բացառապես իշխանություն ունեցողների ստոր ու նենգ բնույթի, հակահայ լինելու մասին է վկայում:

Գուցե Բաքվի բանտում գտնվողների հարցով զբաղվելու ուժ և կարողություն այս ապիկարները չունեն (չնայած դա կարող էին հազար այլ ձևով անել), կամ դուխ չունեն (նախկին դուխովները) Ալիևին պատասխանելու, բայց ընդդիմադիրների դեմ վայրահաչելը, անհիմն բանտարկելը, ոմանց ունեցվածքը խլելը, կզցնել- սատկացնելու լեքսիկոնը նողկալի են և սրանց չմարդ, չհայ լինելու մասին են վկայում:

Մի մարդ, ով իր ողջ կյանքում ազատ արտահայտվել է, իշխանության հասցեին բերանը եկածն ասել, նախագահներին ու վարչապետներին չի խնայել, հիմա մարդկանց կալանավորում է իրեն քննադատելու համար: Ողջ կյանքում խոսել է ընտրակեղծիքներից, հիմա Վահագն Հովակիմյանի ձեռքով մի ողջ կուսակցություն է ապօրինաբար դուրս թողնում խորհրդարանից ու 60 հազար քվե է չեղարկում: Ի՞նչ որակում տաս այս ամենին... շիզոֆրենիկ ու հանցագործ պահվածք

Քաղաքական գործիչների վարույթներին ծանոթանալիս էլ դժվար է եզրակացնել, որ դրանք ադեկվատ, իրավունքի տարրական նորմերին ծանոթ մարդիկ են հարուցել: Արմեն Աշոտյանի նախարար ժամանակ ինչ որ բուհում ինչ որ տարածք են սեփականաշնորհել: Ավետիք Չալաբյանը Ռուսաստանի ինչ որ ներկայացուցչի հետ զրույց է ունեցել (արևմտամետ կոչվածներն ամեն օր են նման զրույցներ ունենում եվրոպացիների հետ): Դավիթ Ղազինյանին մեղադրում են 2 կնոջ զրույցի պատճառով, իսկ ինքն այդ կանանց չի ճանաչում...

Ահա Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրականությունը...

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image