«Հրապարակի» զրուցակիցն ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի ժառանգ Դոնալդ Վիլսոն Բուշն է, որն ԱՄՆ-ում հիմնել է ասոցիացիա՝ Armenian National Association-ը։
- Փետրվարին Հայաստան եւ Ադրբեջան է ժամանում փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ TRIPP նախագծի, հայ-ադրբեջանական խաղաղության հարցով վաշինգտոնյան համաձայնագրերի ընթացքը խթանելու։ Սա 2012-ից ի վեր՝ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցից հետո, ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է ՀՀ։ Նշանակում է՝ ԱՄՆ-ն ամրապնդում է իր դիրքերը ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Հարավային Կովկասում։ Սա նշանակո՞ւմ է հայ-ամերիկյան հարաբերությունների նոր՝ բարձր նշաձող։
- Այո, ԱՄՆ փոխնախագահի առաջիկա այցը Երեւան հստակ վկայությունն է այն բանի, որ հայ-ամերիկյան հարաբերությունները սահմանում են նոր, բարձր նշաձող: Հետաքրքիր է, որ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան տեղի է ունենալու փետրվարին․ 80 տարի առաջ՝ փետրվարին, Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջորջ Քենանը Մոսկվայից ուղարկեց իր երկար հեռագիրը (1946թ. փետրվարի 22), որում ԱՄՆ պետքարտուղարին նախազգուշացրեց, որ Խորհրդային Ռուսաստանի պահվածքն էքսպանսիոնիստական է, հետեւաբար, լուրջ սպառնալիք է արեւմտյան ժողովրդավարության համար, որ ԱՄՆ-ն պետք է ընդունի երկարաժամկետ, համբերատար, բայց ամուր զսպման ռազմավարություն, որը չի սպառնա Ռուսաստանի առաջնորդությանն արեւելյան կիսագնդում: Ուղիղ ռազմական բախման փոխարեն, ԱՄՆ-ն պարտադրեց 5 տասնամյակ տեւած տնտեսական մեկուսացում եւ սառը պատերազմ, որը, ի վերջո, կործանեց խորհրդային տնտեսությունը։ 1991-ին ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ն շարունակել է զսպել իրեն եւ ավելի քան 30 տարի երբեք ուղղակիորեն չի սպառնացել Մոսկվային՝ ռազմական բախմամբ։ Դրա փոխարեն, ԱՄՆ-ն օգտագործել է մեղմ դիվանագիտություն եւ տնտեսական խթաններ՝ նախկին խորհրդային պետություններին ռուսական ազդեցությունից հանելու համար (չնայած Հայաստանը դրանցից մեկը չէ՝ նախկին ԱՊՀ երկրներից շատերը, ըստ էության, միացել են ՆԱՏՕ-ին): Ակնհայտ է, որ 2005-ից ի վեր 3 մայրցամաքները միացնող ռազմավարական աշխարհագրական դիրքի պատճառով, Հայաստանը եղել է ԱՄՆ արտաքին քաղաքականության եւ այս տարածաշրջանի աշխարհաքաղաքական ռազմավարության առաջնային ուշադրության կենտրոնում։ Եվ հիմա, երբ Ռուսաստանի գերիշխող ազդեցությունն Անդրկովկասում գրեթե ավարտվել է ռուս-ուկրաինական պատերազմում վերջերս տեղի ունեցած ռազմատնտեսական փլուզման պատճառով, ԱՄՆ փոխնախագահն այս ամիս կժամանի Երեւան՝ ճանաչելու ԱՄՆ-ի հետ Հայաստանի գործընկերության կարեւորությունը եւ հաստատելու Հայաստանի ռազմավարական դերը նոր աշխարհակարգում, որը ձեւավորվում է ամերիկյան ազդեցությամբ։
- Կոնկրետ ի՞նչ արդյունքներ սպասել Վենսի այցից, Ձեզ հայտնի՞ են հայաստանյան այցի օրակարգի մանրամասները։
- Քանի որ նախատեսվում է փոխնախագահի (եւ ոչ թե նախագահի) այց Հայաստան, Ջեյ Դի Վենսի առաջիկա այցը հիմնականում արարողակարգային բնույթ կունենա, մենք չպետք է ակնկալենք որեւէ լայնածավալ երկկողմ հայտարարություն կամ նշանակալի դիվանագիտական առաջընթաց։ Այցը պետք է դիտարկել որպես այն հստակ եւ շոշափելի արդյունքներից մեկը, որը հաստատում է ԱՄՆ-ի հավատարմությունը 2024 թ․ հունվարի 14-ին Հայաստանի հետ ստորագրված գործընկերության համաձայնագրին։ Անշուշտ, ԱՄՆ կողմից Հայաստանին օգտակար աշխարհաքաղաքական եւ տնտեսական արդյունքների վրա ազդելու հանձնառության արդյունքները սկսել էին երեւալ դեռեւս Վենսի առաջիկա այցից շատ առաջ։ Ձեր փնտրած շոշափելի արդյունքներից մի քանիսն են՝ ԱՄՆ զորքերի հետ համատեղ զորավարժություններ (Eagle Partnership), որոնք արդեն 3 տարի անընդմեջ տեղի են ունենում ՀՀ ՊՆ-ի հետ, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանների բացում՝ առեւտրային տրանսպորտի համար, ինչը հանգեցրել է ցորենի եւ բնական գազի գների անկման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ TRIPP մայրուղու խաղաղության համաձայնագրի ստորագրում՝ 2025 թ․ օգոստոսի 8-ին, տնտեսական աճի պայթյունային աճ եւ Հայաստանի ՀՆԱ-ի աննախադեպ՝ 121 % աճ՝ 2020 թվականից՝ 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր (2025-ին ՀՆԱ-ի 27.86 % աճ՝ 2020 թ․ ՀՆԱ-ի 12.6%-ի համեմատ): Այս կարճ ցանկը ներկայացնում է ԱՄՆ-ի ներգրավվածության վերջին մի քանի արդյունքները 1991-ին Հայաստանի անկախության հռչակումից ի վեր։ Իմ կարծիքով, Ջեյ Դի Վենսի առաջիկա այցը տեղի կունենա պարզապես Հայաստանի՝ Արեւմուտք անցման հարցում ԱՄՆ-ի երկարաժամկետ հանձնառության այս հսկայական եւ դրական արդյունքներն ընդգծելու համար՝ այդպիսով վերջնականապես ազատագրելով այն օսմանյան եւ ռուսական բազմադարյա տիրապետությունից։
- Օրերս կայացավ ՀՀ եւ ԱՄՆ ԱԳ նախարարների հանդիպումը, եւ համատեղ հայտարարություն տարածվեց TRIPP-ի վերաբերյալ, որով ամերիկյան ընկերությունը պատասխանատու կլինի TRIPP զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով, Հայաստանն ԱՄՆ-ին առաջարկում է TRIPP ընկերության 74 տոկոս բաժնեմասը՝ իրեն պահելով 26-ը: Հետագայում համագործակցությունը կերկարաձգվի եւս 50 տարով, եւ ՀՀ կառավարության մասնաբաժինը կդառնա 49 տոկոս: Ի՞նչ հնարավորություններ է բացում TRIPP-ը Հայաստանի համար։
- Իմ կարծիքով, այս համաձայնագիրը խոստումնալից ապագա է նշանակում տնտեսական առաջընթացի եւ առեւտրային զարգացման համար ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար։ Ես լավատես եմ, քանի որ գիտեմ, որ TRIPP մայրուղին ընդամենը փոքր, թեեւ առաջին մասն է շատ ավելի մեծ տարածաշրջանային ծրագրի, որը միացնում է ամբողջ Անդրկովկասը ճանապարհների, երկաթուղիների եւ օպտիկամանրաթելային մալուխների ցանցով՝ Հայաստանը դարձնելով դրա կենսական կենտրոնը։ Ամերիկյան տեսանկյունից լավագույն օրինակը, որ կարող եմ բերել, թե ինչ դրական փոփոխություններ պետք է ակնկալել Հայաստանի համար TRIPP-ի տնտեսական ազդեցության առումով, Էյզենհաուերի միջպետական ավտոմայրուղիների համակարգի կառուցումն է 1956-1969թթ.: ԱՄՆ-ում այդ մայրուղու կառուցման նախագիծը ոչ միայն ապահովեց հազարավոր աշխատատեղեր եւ շահավետ շինարարական պայմանագրեր, այլեւ նպաստեց արվարձանների զարգացմանն ամբողջ Ամերիկայում: Սա, իր հերթին, խթան հանդիսացավ ամերիկյան ավտոարդյունաբերության համար, հանգեցրեց սպասարկման վրա հիմնված ձեռնարկությունների աճին՝ մոթելներ, արագ սննդի կետեր, առեւտրի կենտրոններ, հանգստի վայրեր, բենզալցակայաններ: Էյզենհաուերի մայրուղու կառուցման հսկայական առեւտրային ազդեցությունն ԱՄՆ տնտեսության վրա անհնար է հաշվարկել։ Ես կանխատեսում եմ նույն պայծառ ապագան Հայաստանի համար, որը շուտով կսկսվի TRIPP մայրուղու կառուցմամբ, որը կապում է Հայաստանն Ադրբեջանի եւ Թուրքիայի, իսկ լայն հաշվով՝ Եվրոպան Ասիայի հետ։
- Ադրբեջանում արդեն սկսել են հաշվել այս նախագծից ակնկալվող տնտեսական օգուտները։ Երեւանից ու Բաքվից զատ, TRIPP-ը ողջունել են Վրաստանը, որոշ վերապահումով՝ Ռուսաստանը, իսկ Իրանը լուրջ մտավախություններ ունի, եթե չասենք՝ դեմ է։ Օրերս ՀՀ-ում Իրանի դեսպանը նշեց, որ այս երթուղին կարող է օգտագործվել այլ նպատակներով, եւ Հայաստանը վերածվում է Թեհրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի կենտրոնի։ Սա չի՞ խաթարելու TRIPP-ի իրագործման ընթացքը։
- Լավ հարց է՝ հաշվի է առնում Մերձավոր Արեւելքում ԱՄՆ մասնակցության անկայուն աշխարհաքաղաքական իրողությունները եւ Իրանի ապագայի վրա ազդելու ԱՄՆ մտադրությունը: Իրավացի եք՝ ենթադրելով, որ Իրանի մասնակցությունը, որպես Հայաստանի տարածաշրջանային գործընկեր, թելից է կախված։ Ներկայում, երբ մենք խոսում ենք, Միացյալ Նահանգներն ինտենսիվ եւ ուժեղ ռազմական դիրք է գրավում Օմանի ծոցում, որը, այս կամ այն կերպ, որոշելու է Իրանի ապագա կուրսը: Բայց, անկախ այն արդյունքից, որին կհանգեցնի ԱՄՆ միջամտությունը, ես չեմ կարծում, որ դա որեւէ կերպ բացասական ազդեցություն կունենա TRIPP մայրուղու կառուցման վրա: Մի կողմից, եթե Իրանի ներկայիս կառավարությունը փոխվի, TRIPP մայրուղու նախագիծը կշարունակի առաջ շարժվել ըստ նախատեսվածի, իսկ եթե հաջողվի գոյատեւել, TRIPP նախագիծը կշարունակի առաջ շարժվել ըստ նախատեսվածի։ Իրականում, ոչ մի տարբերություն չկա։ Կարեւոր է հիշել Ամերիկայի երկարաժամկետ ռազմավարական շահը ՝ ամրապնդելու Հայաստանի ներկայիս դիրքը՝ որպես առեւտրի, մշակույթի եւ հաղորդակցության աշխարհագրական խաչմերուկ, որը կապում է նրա հարեւաններին տարածաշրջանում: Մոտ ապագայում, երբ անդրկովկասյան տարածաշրջանային ավտոմոբիլային եւ երկաթուղային գծերի ցանցն ավարտուն տեսք ստանա, իսկ Հայաստանը դառնա նրա դինամիկ կենտրոնը, դրանից կշահեն նրան միացած բոլոր երկրները՝ Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը եւ, այո, նույնիսկ Ռուսաստանը:
- Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ գոհ են Թրամփի վարչակազմից, ի տարբերություն նրա նախորդի՝ Բայդենի։ Հայաստանում, հակառակը, կարծիք կա, որ նախագահ Բայդենի վարչակազմն ավելի հայամետ էր ու արդյունավետ՝ Հայաստանին եւ Արցախին վերաբերող հարցերում։ Դուք նախկին եւ գործող վարչակազմերի՝ Հայաստանի նկատմամբ քաղաքականության ի՞նչ փոփոխություններ եք տեսնում։
- Ոչ, Հայաստանի նկատմամբ ԱՄՆ նախկին եւ ներկա վարչակազմերի քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չկա: Դա բացատրվում է նրանով, որ ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ նախագահները չեն կարող որեւէ փոփոխություն մտցնել: Պարզ ասած՝ ԱՄՆ նախագահը չի պլանավորում, չի սահմանում, չի որոշում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը։ Միացյալ Նահանգների նախագահը, ԱՄՆ Պետդեպարտամենտի եւ ԱՄՆ Պատերազմի դեպարտամենտի միջոցով, պարզապես իրականացնում է այն արտաքին քաղաքականությունը, որը մանրակրկիտ կերպով մշակվում է ԱՄՆ ռազմական ղեկավարության կողմից՝ համագործակցելով օտարերկրյա հետախուզական աղբյուրների եւ ամերիկյան գաղտնի ծառայությունների հետ, ինչպիսիք են ԿՀՎ-ն եւ ՀԴԲ-ն։ Համատեղ աշխատելով՝ այս խմբերն օգտագործում են քվանտային համակարգիչներ եւ այլ բարդ միջոցներ՝ ստեղծելու մանրամասն մոդելներ, որոնք ի վերջո դառնում են արտաքին քաղաքականության ծրագրեր, որոնք այնուհետ իրականացնում է ԱՄՆ նախագահը։ Ուղիղ ասեմ, որ 1999 թվականին Վազգեն Սարգսյանի սպանությունից ի վեր Հայաստանի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ որեւէ էական փոփոխություն չեմ տեսել: Հաշվի առնելով 2008 թ․ համաշխարհային շուկայի փլուզման, 2014 թ․ Ղրիմ Ռուսաստանի ներխուժման եւ 2020 թ․ Covid համավարակի հետ կապված որոշ կարճաժամկետ ճշգրտումները՝ Հայաստանի համար ԱՄՆ մշակած ընդհանուր պլանը գրեթե 30 տարի մնացել է անփոփոխ։