Փետրվարի 24-ին ռուս-ուկրաինական պատերազմի 4-րդ տարին է․ 2022 թ. փետրվարի 24-ին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն անցան Ուկրաինայի սահմանը, այդ թվում եւ Բելառուսի կողմից, եւ սկսեցին գրավել ուկրաինական քաղաքներն ու գյուղերը: Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ սկսում են հատուկ ռազմական գործողություն, որի նպատակն Ուկրաինայի ապաազգայնականացումն ու ապառազմականացումն է: Ենթադրվում էր, որ գործողությունը պետք է ավարտվեր շատ արագ` մայրաքաղաք Կիեւի գրավմամբ եւ այնտեղ պրոռուսական իշխանություն հաստատելով: Ռուսական բանակը գրավեց Կիեւի մի քանի մերձակա քաղաքներ, բայց ուկրաինական բանակը եւ ժողովուրդը ռուսներին չընդունեցին իբրեւ ազատարարների, եւ սկսվեց երկարատեւ ու փոխադարձ մաշող պատերազմը: Արեւմտյան երկրները` ԱՄՆ-ն, ԵՄ-ն, նրանց դաշնակիցները հարյուր միլիարդավոր դոլարների օգնություն հատկացրին Ուկրաինային` զենքի, զինամթերքի եւ ուղղակի ֆինանսական աջակցության տեսքով, առանց որի Ուկրաինան չէր դիմանա իրենից անհամեմատ ավելի մեծ մարդկային եւ ռազմական ներուժ ունեցող Ռուսաստանին:
Երեւի ոչ մի պատերազմի ժամանակ այդքան չի խոսվել խաղաղության եւ պատերազմը դադարեցնելու մասին, որքան ռուս-ուկրաինականի ժամանակ: Պատերազմից ընդամենը մեկ ամիս հետո Ստամբուլում սկսվեցին առաջին բանակցությունները, կողմերը շատ մոտ էին խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն, ինչպես հետո պարզվեց, արեւմտյան երկրները, այդ թվում` Մեծ Բրիտանիան, ի դեմս այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնի, կտրականապես արգելել էին որեւէ փաստաթուղթ ստորագրել՝ պնդելով, որ պատերազմը պետք է շարունակվի մինչեւ հաղթական ավարտ եւ Ուկրաինայի բոլոր գրավված տարածքների ազատագրում: Խաղաղության բանակցությունները շարունակվում են մինչ օրս, քանի որ պատերազմը շարունակելու կողմնակիցներն ավելի շատ ու ազդեցիկ են խաղաղության կողմնակիցներից: Պատերազմը դարձել է յուրօրինակ բիզնես՝ ինչպես արեւմտյան երկրների, այնպես էլ ուկրաինական վերնախավի համար: Նման բազմաթիվ գործարքներ բացահայտվեցին, այդ թվում նույն՝ Բորիս Ջոնսոնի մասնակցությամբ, Ուկրաինայի նախագահի մերձավոր օլիգարխ Մինդիչը երկրից փախավ՝ միլիոնավոր դոլարների յուրացման մեղադրանքով, բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ կալանավորվեցին կամ փախան երկրից: Նույնը՝ Ռուսաստանում. բանակի բազմաթիվ բարձրաստիճան գեներալներ, քաղաքացիական պաշտոնյաներ մեղադրվեցին պատերազմի վրա միլիարդներ աշխատելու մեջ:
Թվում է, թե ուկրաինացի ժողովուրդը հերոսաբար դիմադրում է ռուսական ագրեսիային եւ չի համակերպվում իր երկրի եւ տարածքի կորստի հետ: Բայց ո՞ւմ համար են այդ զոհողությունները, եթե, շատերի կարծիքով, հարցականի տակ է ուկրաինացի ժողովրդի գոյությունը, երկիրը դատարկվել է եւ շարունակում է դատարկվել, ծնելիությունը 3-4 անգամ պակաս է մահերից: Ընդամենը 10 տարվա ընթացքում 45 միլիոնանոց Ուկրաինայից մնացել է, պաշտոնական վիճակագրությամբ` 28, իսկ ոչ պաշտոնականով` 18-20 միլիոն մարդ, այն էլ՝ հիմնականում ծերեր, թոշակառուներ, հաշմանդամներ: Երիտասարդ, գործունյա մասն արտագաղթել է ԱՄՆ, ԵՄ, Կանադա, այլ ապահով երկրներ: Ուկրաինայի տնտեսությունը ոչնչացված է, էներգետիկան, արդյունաբերական ձեռնարկությունները, ենթակառուցվածքներն ամեն օր ենթարկվում են հրթիռային հարձակումների, երկիրը հայտնվել է էներգետիկ ճգնաժամի մեջ: Ո՞վ պետք է վերականգնի Ուկրաինան, երբ մարդիկ անվերադարձ հեռացել են, իսկ վերականգնման համար կպահանջվեն հարյուր միլիարդավոր կամ ավելի մեծ միջոցներ: Ուկրաինան եւ նրա հասարակությունը պատանդ են դարձել արեւմտյան երկրների ձեռքին, որոնք, իրենց շահերից ելնելով, պահանջում են շարունակել պատերազմը: Դա շատ նման է այն գլադիատորական մարտերին, երբ հանդիսատեսը պահանջում էր, որ վիրավոր եւ արնաքամ լինող մարտիկը կրկին ոտքի կանգնի եւ շարունակի կռվել, որովհետեւ ինքը փող է տվել՝ այդ մենամարտը դիտելու համար, եւ խաղադրույք է արել նրա հաղթանակի վրա:
Ռուսաստանը եւս կորուստներ է ունենում թե՛ մարդկային եւ թե՛ տնտեսական առումով, միլիոնավոր մարդիկ իրենց վրա զգում են պատերազմի արհավիրքը, հարյուր հազարավոր զոհերն ու հաշմանդամները, անընդհատ ռմբակոծության տակ ապրելու վախը, միլիարդավոր դոլարների ֆինանսական կորուստները, որոնք կարող էին ուղղվել երկրի շենացմանը եւ մարդկանց բարեկեցության բարձրացմանը, ուղղվում են պատերազմին կամ դրա հետեւանքների վերացմանը: Բայց պատերազմն Ուկրաինայի տարածքում է, Ուկրաինան է կորցրել իր տարածքի 20 տոկոսի վերահսկողությունը, եւ այդ առումով հավասարության նշան դնել չարժե:
Ուկրաինան հավատաց ԱՄՆ-ի, ԵՄ-ի խոստումներին, թե իրենք ամեն ինչով կօգնեն, թույլ չեն տա Ռուսաստանին՝ հասնել հաղթանակի, Ուկրաինան հավատաց, որ արեւմտյան դաշնակիցների երաշխիքները եւ օգնությունը բավարար կլինեն, որ պարտության մատնեն Ռուսաստանին: Հիմա արդեն, երբ հաղթանակի հույսը գնալով ավելի ու ավելի անիրատեսական է դառնում, միեւնույն է` դա չի մոտեցնում խաղաղությունը, քանի որ Ուկրաինայի իշխանությունը եւս շահագրգռված չէ խաղաղության պայմանագիր կնքելով, Զելենսկին 2022-23 թթ. իր հասարակությանը խոստանում էր հաղթանակ եւ 1991-ի սահմանների վերականգնում, եթե հիմա այս պայմաններով խաղաղության պայմանագիր ստորագրվի, մարդիկ հարց են տալու` ինչի՞ համար էին այդ զոհողությունները, եթե հաղթանակ չէր լինելու կամ լինելու էր ավելի վատ պայմաններով: Խաղաղության բացակայությունը Զելենսկուն եւ նրա թիմին օգնում է՝ մնալ իշխանության, չնայած նրա նախագահության ժամկետն արդեն 2 տարի է՝ լրացել է, բայց նա հրաժարվում է նոր ընտրություններ կազմակերպել՝ պատճառաբանելով, որ պատերազմի պայմաններում չի կարելի ընտրություն անել: Քանի դեռ պատերազմը շարունակվում է, ինքը նախագահ է: Թե դեռ որքան կշարունակվի պատերազմը, դժվար է կանխատեսել, հնարավոր է՝ եւս մի քանի տարի, մինչեւ կողմերից մեկի վերջնական պարտությունը եւ ջախջախումը:
Ռուս-ուկրաինական պատերազմն իր ազդեցությունն ունեցավ նաեւ Հայաստանի վրա: Փաշինյանի ռեժիմը, թվացյալ չեզոքություն դրսեւորելով, իրականում խաղադրույք արեց Ուկրաինայի հաղթանակի վրա. նախ՝ սառեցրեց հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, հումանիտար աջակցություն ուղարկեց Ուկրաինա եւ պատերազմն օգտագործեց Հայաստանը ռուսական ազդեցությունից Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցության գոտի տեղափոխելու համար: Փաշինյանը հասկանում է, որ պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանը բավարար ռեսուրս չունի՝ հակադրվելու Թուրքիային եւ Ադրբեջանին, որոնց հետ հարաբերությունները փչացնելու ո՛չ ցանկություն կա, ո՛չ հնարավորություն: Այն տեսակետը, թե Հայաստանը ռուսական ազդեցությունը փոխարինում է եվրոպականով, ոչ միայն սխալ է, այլեւ՝ բացարձակ խաբեություն: 2 օր առաջ ԱՄՆ նախագահի կազմակերպած Խաղաղության խորհրդի հավաքին ոչ մի ազդեցիկ եվրոպական երկիր ներկա չէր` ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Գերմանիան եւ ո՛չ էլ, ասենք, Սլովակիան կամ Չեխիան: Իսկ Հայաստանը ներկա էր, ո՞վ էր տարել Հայաստանին այդ հավաքին, ո՞վ էր բռնել Փաշինյանի թաթիկից, իհարկե՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Էրդողանն ու Իլհամ Ալիեւը:
Շատերը Հայաստանում ասում են, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը վտանգավոր կլինի մեզ համար, քանի որ Ռուսաստանը կկարողանա անդրադառնալ Հարավային Կովկասին եւ, մասնավորապես, Հայաստանին: Նման պնդում անողները թուրքական ազդեցության բացահայտված գործակալներ են, որոնք, գործելով իշխանության հետ համատեղ, Հայաստանը տանում են թուրքացման ճանապարհով եւ ռուսական հակազդեցությունն իսկապես համարում են սպառնալիք: Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը թույլ կտա կանգնեցնել Հայաստանի թուրքացման, եթե ուզում եք` ավելի կատեգորիկ՝ Հայաստանի ոչնչացման քաղաքականությունը, Հայաստանի թուրքահպատակեցման վերջնարդյունքը Հայաստանի ոչնչացումն է: Այլ հեռանկար ուղղակի չկա: