ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Մալթայի արտաքին գործերի եւ առեւտրի եւ խթանման հարցերով նախարար Կարմելո Աբելայի հետ համատեղ մամուլի ասուլիս էր հրավիրել։
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ԵՄ համաձայնագրի ստորագրումը հնարավորություն է տալիս ավելի ակտիվ քաղաքական երկխոսություն վարելու, եւ դրա ապացույցն էլ Կարմելո Աբելայի այցն է։ Հետո Մնացականյանն ընդգծեց, որ թե՛ ՀՀ-ն, թե՛ Մալթան փոքր երկրներ են, եւ մենք աշխատում ենք փոքր երկրների հոգեբանությամբ։ Մալթան էլ ԵՄ անդամ երկիր է, նա վավերացրել է ՀՀ- ԵՄ համապարափակ գործընկերության եւ ընդլայնման համաձայնագիրը, ինչի համար էլ Մնացականյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերոջը։
ՀՀ արտգործնախարարը նկատեց, որ թեեւ երկու երկրների միջեւ ապրանքների շրջանառությունը տպավորիչ չէ, սակայն կան ոլորտներ, որտեղ իրենք կարող են համագործակցել փոխադարձ հետաքրքրությունների շրջանակներում։ Դրանք են, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտները, կրթության եւ մշակույթի ոլորտները։ Մնացականյանը հիշեցրեց, որ Հայաստանը եւ Մալթան համագործակցում են միջազգային տարբեր հարթակներում, ներառյալ՝ ՄԱԿ-ում, տարբեր միջազգային հարցեր, որոնք վերաբերում են անվտանգությանը, նույնպես քննարկման առարկա են իրենց համար։
Կարմելո Աբելան էլ իր հերթին նշեց, որ Մալթային դիտորդի կարգավիճակ է շնորհվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում։ Նա շնորհակալություն հայտնեց համագործակցության համար, շեշտեց, որ ստորագրել են համաձայնագրեր, որոնք չեն մնում դարակներում։
«Որպես ԵՄ անդամ՝ սատարում ենք ՀՀ-ին՝ ավելի սերտորեն աշխատելու, խոսքը միայն դիվանագետների եւ քաղաքական գործիչների մասին չէ»,- ասաց Կարմելո Աբելան։ Նա նշեց նաեւ, որ գուցե գալիք տարի ուղիղ թռիչք հաստատվի ՀՀ-ի եւ Մալթայի միջեւ։