Սպասում էի, որ մեկը կհիշի, թե ոնց են Մանվել Գրիգորյանին բանտում լուսանկարել և այդ լուսանկարը հանրայնացրել էր հենց «Հայկական ժամանակը»։ Բայց ոչ ոք չհիշեց, կամ ես չեմ տեսել։
2018-ի օգոստոսին «Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակել էր ԱԱԾ մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանի՝ բանտախցում արված լուսանկարը։ Օրենքով լրատվամիջոցն իրավունք ունի չբացահայտել տեղեկատվության աղբյուրը։ Բայց եթե անկեղծ լինենք, 2018-ի իշխանափոխությունից հետո «Հայկական ժամանակը» վաղուց արդեն ոչ թե լրատվամիջոց էր, այլ իշխանության խոսափող։
Աղմուկից հետո թերթը պաշտոնական հայտարարությամբ ընդունեց, որ կատարվածը լրագրողական գայթակղություն էր, և ներողություն խնդրեց ընթերցողներից ու հանրությունից։
Հիմա ինչո՞ւ եք զարմանում, որ Քոչարյանի լուսանկարն էլ նույն «Հայկական ժամանակն» է հանրայնացրել։ Կամ ինչո՞ւ եք պատասխանատու փնտրում, երբ նախադեպն արդեն կա։
Տարբերությունն ընդամենը մեկն է. 2018-ին հանրությունը դեռ պետք էր իշխանական զույգին, դրա համար էլ ներողություն էին խնդրում։ Այսօր այդ նույն հանրության կարծիքը պարզապես հաշվի չեն առնում և առանց երկմտելու հանրայնացնում են մարդու անձնական կյանքի գաղտնիությունը խախտող լուսանկար։
Խնդիրը նույնիսկ կոնկրետ անձինք չեն՝ ո՛չ Մանվել Գրիգորյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը։ Խնդիրն այն է, որ նույն արարքը մի դեպքում արդարացվում է քաղաքական համակրանքով, մյուս դեպքում՝ դատապարտվում քաղաքական հակակրանքով։ Իսկ իրավունքն ու բարոյականությունը պետք է գործեն անկախ նրանից, թե լուսանկարում ով է պատկերված։ Ի վերջո, Մանվելն էլ, Քոչարյանն էլ Արցախի պատերազմի հետ իրենց անունը կապած մարդիկ են, Արցախի հերոսներ։ Սակայն, ինչպես տեսանք, քաղաքական նպատակահարմարությունը հաճախ ավելի ուժեղ է լինում, քան հարգանքը մարդու անցած ճանապարհի կամ անձնական կյանքի նկատմամբ։ Մյուս կողմից սա բացահայտում է, թե իշխանությունը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի ու իր խոսափողի՝ ում դեմ է պայքարում։ Նսեմացնում, փորձում է բարոյապես ստորացնել ազգային հերոսներին։ Հանրությանը փորձում է ներարկել, որ նրանք հերոս չեն, այլ փախչում են Ադրբեջանի ու Նիկոլ Փաշինյանի ստվերից։ Սա ազգի ոգին կոտրելու ևս մի փորձ է ու դրա մեջ է ողբերգությունը։