Քաղաքականություն

Ազարը

Ազարը

Մեր գյուղում Հերիքնազ անունով մի կին կար: Պոլիկլինիկայում բուժքույր էր աշխատում: Նա մեր փոքրիկ տարածաշրջանի ամենակարևոր մարդն էր սովխոզի դիրեկտորից հետո: Ինչ լիներ՝ մարդիկ հավարը գցում էին Հերիքնազին՝ ախչի, Հերիքին կանչեք՝ մի բան կանի։ Այ մարդ, ի՞նչ ես դմբրված կանգնել, գնա Հերիքին բեր, էս էրեխեն ձեռից գնում է։ Հերիք, այ Հերիք, մին արի տես էս հավերը խի՞ ձու չեն ածում… Շարժուն, թառլան կին էր Հերիքնազը, բոլորին հասնող, ասող, խոսող… Հիշում եմ՝ երբ գյուղում ազար հիվանդություն էր ընկել, Հերիքը դեմն առավ: Պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը ձեռքերը լվաց, պատճառաբանելով, որ ինքը ազարի մասնագետ չէ: Գյուղը գրեթե թևաթափ էր, մարդիկ ուզում էին արտագաղթել, բայց էլի Հերիքնազը հասավ: Ասեմ, որ ազարը հավերի հիվանդություն է, որը մարդուն չի անցնում, բայց ազդում է մարդու սննդակարգի վրա: Գյուղացին կտրվում է ձվից, մինչդեռ ձուն, մանավանդ մեր գյուղում, թիվ մեկ ուտելիքն էր այն ժամանակներում: Ի՞նչ արեց Հերիքնազը: Հագավ սպիտակ խալաթը, պայուսակի մեջ տարբեր չափերի ներարկիչներ տեղավորեց, ինչ-որ լուծույթներ և սկսեց շրջել տուն առ տուն: Այդպես նա ներարկումներ կատարեց գրեթե բոլոր հավերին, որոնց թևերն անզորությունից կախվել էին մինչև գետին: Նրանց մի մասն, իհարկե, անկեց, բայց մի մասն էլ օրեր կամ ժամեր անց կրկին կայտառացավ ու սկսեց նախկինի պես քուջուջ անել: Գյուղում կրկին ձու հայտնվեց: Վայ, ապրի Հերիքի արևը՝ Հերիքին օրհնում էր տատս, որ մեր հավերին սրսկելու ժամանակ բուժքույր էր աշխատել Հերիքնազի մոտ: Նա հավերին բռնում էր, Հերիքնազը՝ սրսկում…

Հիմա կասեք՝ էս մարդը ուրիշ բանուգործ չունի՞, որ մեր երկրի ու ժողովրդի համար այս ծանր ժամանակներում Հերիքնազին է հիշել: Ճիշտն ասած՝ ես էլ զարմացա, թե ինչպես հիշեցի այս պատմությունը: Առավոտյան թերթերն ու կայքերն էի նայում և հանկարծ մեր գյուղը հիշեցի, սովխոզի դիրեկտորին, Հերիքնազին, ազարը… Թերթերը գրում էին Գրիգոր Մինասյանի հրաժարականի մասին, ակնարկում, որ նա վերջինը չէ, որ շուտով ուրիշ գլուխներ են թռչելու, որ ՔՊ-ի ներսում մի խումբ է աշխատում, այսպես կոչված՝ «չիստկայի» խումբ, և ՔՊ-ի ճանապարհից մաքրում բոլոր «չուժակներին»: Եվ առաջին տպավորությունս այն էր, որ ՔՊ-ում ազար է ընկել: Իհարկե, դա լավ է: Մտածեցի՝ թող կոտորեն իրար վերջանան… Բա լա՞վ էր, որ Քովիդի ժամանակ մենք էինք կոտորվում, իսկ իրենց ոչ մի գրող չէր կպնում: Ու այսպես հիշեցի Հերիքնազին՝ հանկարծ չհայտնվի՞ նրա նման մեկն ու ՔՊ-ին փրկի այս բարեպատեհ ինքնաոչնչացումից:

Այսուհանդերձ՝ Գրիգոր Մինասյանն ափսոս էր: ՔՊ-ն իր դեմքը փրկելու համար գոնե նրան պիտի պահեր: Միակ կիրթ մարդն էր, որ ճակատագրի չգիտեմ ինչ հարվածների բերումով հայտնվել էր ուսապարկերի այդ պահեստում և փորձում էր ինչ-որ բան անել համատարած անգործության, դավաճանության ու խեղկատակության այդ գլոբալ հավանոցում: Թերթերը նաև գրել էին, թե ովքեր կարող են փոխարինել Գրիգոր Մինասյանին: Անուններ չտամ, էլի, սիրելի ընթերցող, որ դու էլ ինձ նման չհիասթափվես քե երկրից ու իշխանությունից: Ուղղակի իմացիր, որ ՔՊ-ում ազար է ընկել ու չկա մեկը, որ դրանց ներարկում անի: Թե բա՝ Նիկոլը դեռ ամիսներ առաջ էր ասել, որ ՔՊ-ում մեծ «չիստկա» է լինելու: Այսինքն, ի՞նչ, պիտի գային ու առաջինը Գրիգոր Մինասյանի՞ց կախվեին: Չեմ հասկանում՝ անհնազա՞նդ էր, թե՞ Նիկոլին «մեծարգո վարչապետ» չէր ասում: «Գլուխը կերան»: Հաջորդիվ ազարն ո՞ւմ կտանի՝ ոչ ոք չգիտի: Թերթերը գրում են, որ Անդրանիկ Քոչարյանի «սարսափազդու» հանձնաժողովը պահանջել է, որ գլխավոր դատախազն ու ՆԳ նախարարը ներկայանան ԱԺ՝ հաշվետվություններ տալու: Քննչականի պետի անունն են տալիս, հիշում են ԲԴԽ-ի Կարեն Անդրեասյանին, որ Գրիգոր Մինասյանի քիփ ընկերն է և այսպես շարունակ: Այսպես որ գնաց՝ տակը Նիկոլն ու մի խումբ ուսապարկեր են մնալու՝ այն էլ մեկ-երկու օլիգարխի հովանու ներքո: Հակառակի պես օլիգարխն էլ Հերիքնազ չէ, որ համբերատար բուժի այս ողջ հավանոցը: Համ էլ՝ Արփին ու Լուլուն չեն թողնի, ստորագրահավաք կանեն հավերի շրջանում ու մեկ էլ տեսար՝ օլիգարխ կփոխեն:

ՔՊ-ի համար աշխատեց՝
Էդիկ Անդրեասյան  

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image