Փաշինյանի իշխանության նպատակը 1990 թականից հետո Հայաստանի Հանրապետության բոլոր ձեռքբերումների զրոյացումն է: Նա ոչ միայն չի փորձում հերքել, այլեւ հրապարակային հաստատում է. «Ուզում եմ հստակ եւ աներկբա ասել՝ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»: Արդյո՞ք այս որոշումը նոր է կայացվել, թե՞ այն կայացվել է դեռեւս այն ժամանակ, երբ Փաշինյանը եկել- բերվել է իշխանության, այսպես կոչված, թավշյա, ոչ բռնիի, չգիտեմ ինչի արդյունքում: 2018 թվականին տեղի ունեցածն էլ ոչ թե թավշյա հեղափոխություն էր, այլ՝ ամենաիսկական հակահեղափոխություն, որի նպատակը Ղարաբաղյան շարժման հիմնական երկու ձեռքբերումների`Հայաստանի Հանրապետության անկախության եւ Արցախի ազատագրման զրոյացումն է: Արցախի հարցում Փաշինյանը լուծել է հակահեղափոխության խնդիրը` Արցախը հայաթափելով եւ հանձնելով Ադրբեջանին: Մնում է Հայաստանի Հանրապետության անկախության ոչնչացումը, որի ուղղությամբ էլ հետեւողականորեն եւ բավական հաջող գործում է:
1988 թվականին սկսված Ղարաբաղյան շարժումն իր էությամբ եւ բնույթով հեղափոխություն էր`ազգային ազատագրական հեղափոխություն: Հեղափոխությունները լինում են ոչ միայն սոցիալական, այլ նաեւ կամ գուցե ավելի հաճախ՝ ազգային ազատագրական, երբ որեւէ ժողովուրդ կամ ժողովուրդներ պայքար են սկսում տիրող հասարակական-քաղաքական ռեժիմի դեմ` նպատակ ունենալով փոխել ոչ միայն ռեժիմը, այլեւ ձեռք բերել անկախություն եւ սեփական ճակատագիրը տնօրինելու ազատություն: Օրինակ, 1848 թվականին Ավստրոհունգարական կայսրությունում սկսվեց այդ կայսրության կազմի մեջ մտնող ժողովուրդների ազգային ազատագրական հեղափոխություն, որը, մի կողմից, ուղղված էր կայսրական Ավստրիայի կառավարիչների` միապետության դեմ, իսկ մյուս կողմից՝ պայքար էր հանուն Հունգարիայի, Չեխիայի, Սլովակիայի, Խորվաթիայի, Գալիցիայի եւ այլ ազգային տարածքային միավորների անկախության: Հեռու պետք չէ գնալ. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին հայ քաղաքական կուսակցությունները՝ ՀՅԴ, ՍԴՀԿ, պայքարելով Օսմանյան սուլթաների դեմ, պայքար էին մղում հանուն Հայաստանի ազատագրության, ինչի արդյունքը եղավ 1918 թվականին ստեղծված Հայաստանի Հանրապետությունը:
1988-ին Հայաստանում սկսված Ղարաբաղյան շարժումը տիպիկ ազգային հեղափոխություն էր. այն մի կողմից ուղղված էր իշխող կոմունիստական գաղափարախոսության դեմ, հեղափոխության մասնակիցները դեմ էին կոմունիստական գաղափարախոսությանը, ուզում էին երկրում կառուցել ազատ շուկայական հարաբերությունների վրա կառուցված պետություն, մյուս կողմից այն պայքար էր հանուն Հայաստանի անկախության, Հայաստանի անկախության լիարժեք վերականգնման, քանի որ Խորհրդային Հայաստանը ռազմաքաղաքական կախվածություն ուներ Մոսկվայից: Հեղափոխությունն իր առջեւ խնդիր էր դրել նաեւ վերացնել ԽՍՀՄ-ի ձեւավորման ժամանակ թույլ տրված անարդարությունը`Արցախի միացումն Ադրբեջանին, եւ այն վերադարձնել Հայաստանին:
1988-90 թվականներին տեղի ունեցած ազգային հեղափոխությունը հասավ իր նպատակներին` Հայաստանի Հանրապետության անկախությանը եւ Արցախի ազատագրմանը: Ճիշտ է` անկախության հետագա տարիներին հեղափոխության նվաճումներն աղճատվեցին, մասնավորապես՝ Հայաստանն անկախություն ձեռք բերելով Ռուսաստանից, որոշակի քաղաքական-տնտեսական կախվածության մեջ ընկավ Արեւմուտքից, բայց մինչեւ 2018 թվականը տեղի ունեցած հակահեղափոխությունը Հայաստանը կարողանում էր բավական հավասարակշռված քաղաքականություն վարել, այնքանով, որքանով որ դա կարող է իրեն թույլ տալ փոքր, թշամիներով շրջապատված եւ տնտեսապես ոչ ինքնաբավ մի երկիր: Մի նկատառում եւս. մինչեւ 2018 թվականը երկիրը կառավարում էին մարդիկ, ովքեր ակտիվ մասնակցություն եւ դերակատարում էին ունեցել 1988-1990 թվականների հեղափոխությանը: 2018 թվականի հակահեղափոխության արդյունքում իշխանության ղեկին հայտնվեցին մարդիկ, ովքեր ոչ միայն մասնակից չէին եղել հեղափոխությանը, այլեւ ժխտում են հեղափոխության ձեռքբերումները:
Հակահեղափոխությունը նկարագրվում է որպես վերադարձ մինչհեղափոխական վիճակին: Ճիշտ է` Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանությունը նպատակ չէին դրել վերականգնելու Խորհրդային Միությունը, որեւէ հակահեղափոխություն 100 տոկոսով չի վերականգնել նախահեղափոխական վիճակը, բայց նրան հաջողվել է վերացնել հայկական ազգային հեղափոխության կարեւորագույն ձեռքբերումները, Հայաստանը հետ շպրտելով դեպի նախաութսունութի վիճակ ու դրանից էլ ավելի հետ: Ինչպես նշեցինք` Փաշինյանը ոչ միայն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս` ինչպիսի իրավիճակ կար մինչեւ Ղարաբաղյան շարժումը, այլեւ օժանդակեց Ադրբեջանին՝ ամբողջովին հայաթափելու Արցախը` մի վիճակ, որ գոյություն չուներ 1988-ին`դրանից առաջ եւ հետո:
Հաջորդ քայլով Փաշինյանը փորձում է վերացնել ազգային հեղափոխության մյուս ձեռքբերումը`Հայաստանի անկախությունը: Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անվան տակ նա ուզում է, որ Հայաստանը հրաժարվի Անկախության հռչակագրից, հրաժարվի հոժարակամ, իր հավաքական քվեարկությամբ: Ինչպես 1991 թվականին հանրաքվեով անկախություն է հռչակել, հիմա էլ հանրաքվեով հրաժարվի անկախությունից: Փաշինյանը չի կարող այնպես անել, որ Հայաստանը վերադառնա մինչ 1990 թվականն առկա վիճակին` մտնի ԽՍՀՄ-ի մեջ, քանի որ այդ կազմավորումը չկա, բայց կարող է երկիրը հետ շպրտել մի 110 տարով` այն դարձնելով նոր ձեւավորվող թուրքական կայսրության մաս:
«Այո, մենք չենք շարունակելու Ղարաբաղի շարժումը, ուզում եք՝ թռեք վերեւ, ուզում եք՝ իջեք ցած: Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը սա է, եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս դիրքորոշման հետ, վաղը, վաղը չէ, մյուս օրը, որեւէ պահի կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ»,- ասում է Փաշինյանը, որի՝ վերեւ թռնելու կամ ցած իջնելու կոչն ուղղված է Հայաստանի ողջ ժողովրդին: Փաշինյանը, իհարկե, գիտի, որ Հայաստանի ժողովուրդը մերժում է ե՛ւ իրեն, ե՛ւ իր կողմից իրականացվող քաղաքականությունը, բայց, ինչպես ցանկացած բռնապետ, սիրում է հանդես գալ եւ խոսել ժողովրդի անունից՝ ներքուստ ատելով եւ վախենալով այդ ժողովրդից: