«Հրապարակի» զրուցակիցը վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն է։
- Ադրբեջանական մասմեդիան, հատկապես՝ մերձիշխանական, ահազանգում է՝ «վերջին ամիսներին Բաքվի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերություններում մտահոգիչ տեղաշարժ է նկատվել, որը հուշում է Վրաստանի քաղաքական տրամաբանության փոփոխության մասին»։ Բողոքում են, որ Վրաստանի հետ սահմանին սեպտեմբերից ի վեր ադրբեջանցի վարորդները բախվում են խնդիրների՝ մեքենաների բացթողնման համակարգված ուշացումների հետ կապված։
- Իրականում, մտահոգիչ է այն հանգամանքը, որ Վրաստանի իշխանությունները խորամանկել են՝ փչացնելով հարաբերությունները բոլորի հետ։ Եղել են ուշացումներ հայկական բեռնատարների հետ, հիմա էլ՝ ադրբեջանական։ Վրաստանը տարանցիկ երկիր է, եւ նման դեպքերը լրջորեն վնասում են երկրի հեղինակությանը։ Խնդիրը կոնկրետ դեպքերը չեն. դա կարող է լինել ցածր կամ միջին մակարդակի պաշտոնյայի բացթողումը։ Խնդիրն այն է, որ համակարգը շատ երկար ժամանակ է պահանջում նման դեպքերին արձագանքելու համար, ինչը լրացուցիչ հարցեր եւ կասկածներ է առաջացնում։ Քանի որ տարածաշրջանը շարժվում է դեպի տնտեսական ինտեգրացիա՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտեցման միջոցով, Վրաստանը պետք է որքան հնարավոր է շատ ներդրում ունենա, մասնակցի եռակողմ գործընթացներին եւ չլինի պասիվ կամ արգելակ, ինչպես վերջերս տեսանք։
- Տնտեսական պատրվակով առաջացած քաղաքական լարվածության մասին ակնարկելով՝ Բաքվում պնդում են նաեւ, որ Վրաստանի իշխանությունները չեն ցուցաբերել ո՛չ քաղաքական կամք, ո՛չ էլ կառավարման կարողություն՝ խնդիրը լուծելու համար։
- Սա հենց այն է, ինչի մասին ասացի առաջին հարցին պատասխանելիս։
- Ադրբեջանում հնչող մեղադրանքներից մեկն էլ այն է, թե այն դեպքում, երբ Երեւանն ու Բաքուն լծվել են ռեգիոնալ տրանսպորտային նոր ճարտարապետության ստեղծմանը, Թբիլիսին, օրինակ, բազմապատիկ բարձր սակագին է պահանջում Ադրբեջանից՝ սահմանային բեռնափոխադրումների համար։ Մինչդեռ, ըստ ադրբեջանական կողմի, իրենց երկիրը 40-ապատիկ ցածր սակագին է սահմանել։
- Սա մեղադրանք է ոչ թե Բաքվի, այլ Minval.az հրատարակության կողմից։ Իրենք են գրել, եւ այդ հոդվածը վերաբերում է Ադրբեջանից Հայաստան նավթամթերք տեղափոխելու սակագներին։ Եվ այստեղ, թեեւ ուշացումով, մեր իշխանությունները համապատասխանաբար արձագանքել են։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ «Վրացական երկաթուղիները» կիրականացնեն ադրբեջանական վառելիքի միանվագ, լիովին անվճար երկաթուղային փոխադրում դեպի Հայաստան։ Հուսանք, որ սա կշարունակվի եւ կլինի Վրաստանի ներդրումը խաղաղության գործընթացում։
- Պնդումներից մեկն էլ հետեւյալն է՝ քանի որ Ադրբեջանից դեպի Հայաստան բեռնափոխադրումների միակ երթուղին Վրաստանի տարածքն է, Թբիլիսին միտումնավոր բարձրացնում է մաքսատուրքերը շահադիտական նպատակով։ Ակնարկում են նաեւ․ «Վրաստանը, փաստացի, դեմ է խաղաղության եւ փոխշահավետ տնտեսական կապերի կայուն տարածաշրջանային ճարտարապետության ձեւավորմանը»։
- Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում ցանկացած խոչընդոտ ստեղծում է ավելորդ լարվածություն: Եսասիրական դրդապատճառները դրա հետ կապ չունեն: Որքա՞ն կարելի է վաստակել հարյուր կիլոմետրով: Սա քաղաքականություն է՝ իր մաքուր տեսքով:
- Ադրբեջանում նաեւ ավելի կոշտ տեսակետներ են հնչում՝ «Թբիլիսին պետք է հասկանա, որ անհիմն խոչընդոտների քաղաքականությունն անխուսափելիորեն առաջացնում է հակազդեցություններ, հիշեցնում են՝ ժամանակին, ռուս-վրացական լարված հարաբերությունների ֆոնին Բաքուն չի օգտվել Վրաստանի խոցելիությունից եւ չի բարձրացրել մաքսատուրքերը։
- Վրաստանն ու Ռուսաստանն այսօր լարված հարաբերություններ չունեն։ Մոսկվան շատ գոհ է Թբիլիսիի գործողություններից, եւ սա մտահոգիչ է։ Ես կցանկանայի, որ Երեւանն ու Բաքուն գոհ լինեն մեր քաղաքականությունից, այլ ոչ թե այն պետության մայրաքաղաքից, որը զբաղեցնում է Վրաստանի տարածքի 20 տոկոսը։
- Այս թեմայով քննարկումներ ունեցե՞լ եք ձեր երկրի եւ ադրբեջանցի գործընկերների հետ։ Ամեն ինչ այդքան լո՞ւրջ է։
- Իհարկե, ես քննարկել եմ դա, եւ բոլորը համաձայն են, որ դա անհեթեթություն է։ Ինչպես ճիշտ ասաց «Կովկասյան լուրեր» հաղորդման համահաղորդավար Իյա Բարաթելին՝ թուլամտություն եւ քաջություն։ Եվ դա լավագույն տարբերակն է։ Շատ ավելի վատ է, եթե դա երրորդ ուժի արդյունք է, կարծում եմ՝ դուք գիտեք, թե որն է․․․