Հասարակություն

Հովհաննավանքի ակցիայի տապալումը Փաշինյանի փրկությունն է

Հովհաննավանքի ակցիայի տապալումը Փաշինյանի փրկությունն է

Ի տարբերություն շատ-շատերի, ովքեր ամբողջ մի շաբաթ անկեղծորեն տագնապում ու կոչնակ էին հնչեցնում, թե Հովհաննավանքում կարգալույծ արված նախկին քահանայի կողմից պատարագի մատուցումը եւ Նիկոլ Փաշինյանի՝ այդ պատարագին մասնակցելու մտադրությունը կարող են հոծ մարդկային զանգվածներ հավաքել Հովհաննավանքի շրջակայքում եւ անկառավարելի բախման պատճառ դառնալ, ես նման ենթադրությունները ֆանտասմագորիա եմ համարել եւ անիրական։ Նույնիսկ հրապարակավ «Խորհրդային ժամանակներում չորքոտանիներ էլ են մտել սրբավայրեր» հոդվածում գրել էի․ «Ամենից անհասկանալին այն է, թե մի կարգալույծ արվածի կողմից պատարագի մատուցումն ինչու է իրադարձություն դարձվում ու «Կիկոսի մահը» հեքիաթի նմանությամբ իրարանցում առաջացնում»։

Ինչպես հոկտեմբերի 26-ի խաղաղ առավոտն ու կեսօրը ցույց տվեցին, Հովհաննավանքում ոչ մի դրամատիկ իրադարձություն էլ չպատահեց, չնայած պատարագը մատուցվեց, Փաշինյանն էլ ներկա գտնվեց։ Անշուշտ, հետաքրքիր է, թե ինչպես էր պատահել, որ «Նիկոլից ավելի Նիկոլ» ներկայացող եւ օրնիբուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ վայրահաչող ՔՊ-ական մատյան գունդը, ովքեր ավելի մականուններով են հայտնի, քան անուն-ազգանվամբ, Հովհաննավանք չէր գնացել եւ Փաշինյանի կողքը կանգնել։ Միայն չասվի, թե հանկարծ Եկեղեցու դեմ վայրահաչելու մեղքի ծանրություն են գիտակցել։ Ես այդ զարմանալի փաստի բացատրությունը չունեմ, դիցուք, Վ․ Ալեքսանյանը, Ռ․ Ռուբինյանը, Ա․ Թորոսյանը, Ա․ Դավոյանը, Թ․ Ղազարյանը, Հ․ Կոջորյանը, Ժ․ Անդրեասյանը եւ մնացյալ ՔՊ-ական թափթփուկները ի՞նչ էին հաշվարկել, որ Հովհաննավանք չէին գնացել։ Հետաքրքիր կլիներ՝ երբեւէ այդ զանգվածային ու ցուցադրական դասալքության շարժառիթը հասկանալ։ Սակայն ավելի էականը որեւէ շոշափելի մարդկային զանգվածի՝ Հովհաննավանքում չհավաքվելու նշանակությունն է Փաշինյանի համար։ 

Ես համոզված էի, որ Հովհաննավանքում ոչ մի հոծ հանրություն էլ չի հավաքվի, եւ ոչ մի իրադարձություն էլ չի լինի, նախ՝ այն ակնհայտ պատճառով, որ կիրակի օրով, լույսը չբացված, ինչ վարչական ռեսուրս էլ կիրառվի, հնարավոր չէ մարդկանց, դիցուք, Լոռիից, Շիրակից, Սյունիքից, Վայոց ձորից, Վանաձորից, Երեւանից, տներից հանել, մի տեղ հավաքել, տեղափոխել մարզկենտրոններ, այդտեղից էլ՝ կարգով-շարքով ավտոբուսներով՝ Հովհաննավանք։ Աշխատանքային օր լիներ, աշխատանքային ժամ, ինչ-որ բան անել գուցե հնարավոր լիներ։ Բայց կիրակի օրով, լույսը չբացված․․․ դա անլուծելի խնդիր էր։ 

Գումարած, եթե 2019-ի գարնանը, երբ Փաշինյանը դեռ այնքան չէր ձախողվել, տապալվել եւ պարտվել, որքան այժմ, այնքան մերժելի չէր հասարակության համար, որքան այժմ, դատական համակարգի դեմ անձնապես իր կողմից Երեւանում իրականացվող ակցիային, երբ ճչում էր «վնգստացող դատավորների» մասին եւ ձիարշավային slang-ից ծագած vettingով սպառնում, միեւնույն է, Երեւանի կենտրոնում Փաշինյանին չհաջողվեց գոնե հազար հոգի մարդ հավաքել իր շուրջ։ Այժմ, ինչ է, իր բացարձակ մերժված վիճակով Փաշինյանը պիտի կարողանար Աշտարակի շրջանի ինչ-որ գյուղում հազարնե՞ր հավաքել։ Իհարկե, չէր կարող։

Ի տես եւ ի լուր աշխարհի բացահայտված իրողությունը, որ Փաշինյանը չի կարող որեւէ շոշափելի զանգված ու հետեւորդ գեներացնել ընդդեմ Եկեղեցու, արտաքուստ կարող է թվալ Փաշինյանի ֆիասկոն, բայց խորության մեջ դա Փաշինյանի փրկությունն է։ Վերջապես իր համար ուղի երեւաց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ գարնանից գեներացրած ու ոչ մի տեղ չտանող իր խելագար վարքը փոխակերպելու։ Այո, եթե իրեն հաճո է կարգալույծ քահանայի օրինազանց եւ մերժված պատարագին մասնակցել, թող թեկուզ ամեն կիրակի գնա, իր անձնական օգտագործման նախկին քահանա Ստեփան Ասատրյանը պատարագ մատուցի, ինքն էլ դրան մասնակցի։ Քավ լիցի, ինքը, իր մեղապարտ հոգին եւ Աստծո ու Եկեղեցու առաջ մահացու մեղք գործող իր քահանան․․․ ինչ կուզեն անեն, դա ոչ մեկին հետաքրքիր չէ։ 

Կարեւորը՝ Փաշինյանը գիտակցի, որ որքան էլ 2018-ին խելագարված ամբոխն է իրեն բերել իշխանության, ամբոխը դա չի արել ի սեր Փաշինյանի, այլ՝ հանուն Հայաստանում իշխանություն ուզուրպացրած «ղարաբաղյան կլանին» հեռացնելու։ Փաշինյանն այդտեղ ծառայում էր լոկ որպես բութ գործիք։ Նույն՝ «ղարաբաղյան կլանի», դրանց արբանյակների, դրանց հետ ասոցացվողների՝ իշխանությանը մոտենալը բացառելու համար էլ, նույնիսկ 44-օրյա պատերազմի աղետալի պարտությունից հետո հասարակությունը Փաշինյանին պահեց իշխանության ղեկին։ 
Սակայն, երբ Փաշինյանն իր այդ գծված ֆունկցիոնալ պարագծից դուրս է գալիս, հասարակության որեւէ աջակցություն չի ստանում։ Որքան էլ «աչոք ու մտոք կույր» ձեւանա, Հովհաննավանքի մերժված պատարագից հետո Փաշինյանը չի կարող այդքանը չգիտակցել։ Հետեւաբար, ճիշտ կվարվի, եթե Սուրբ Էջմիածնի դեմ իր սրբապիղծ, եկեղեցամերժ ու աստվածամերժ արշավն այլեւս ամփոփի Հովհաննավանքի մերժելի պատարագներին հաճախելով։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն առնչվող որեւէ այլ քայլ ինքը չպետք է կատարի։ Դա իր միակ փրկությունն ու ելքն է այն փակուղուց, դեպի ուր հրապարակավ քայլել է մի քանի ամիս եւ որտեղ վերջնահաշվում հայտնվել է։

Եվ վերջում էլ՝ ճիշտ կվարվի, եթե իր ՔՊ-ական թափթփուկների բերաններն էլ գոցի, որպեսզի այլեւս ՔՊ-ից Մայր Աթոռի հասցեին ձայն չլսվի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image