Հասարակություն

«Հրապարակ»․ Տպավորություն է, թե անվանումը փոխելով ուզում են Արսեն Ամիրյանին պատժել

«Հրապարակ»․ Տպավորություն է, թե անվանումը փոխելով ուզում են Արսեն Ամիրյանին պատժել

Երեւանի Ամիրյան փողոցն անվանակոչվել է Պապ թագավորի անունով, որոշումը կայացվել է Երեւանի ավագանու հունիսի 23-ի նիստում:

«Ուզում եմ վերհիշենք, թե առհասարակ ով էր Արսեն Ամիրյանը, այստեղ, իհարկե, դժվար կլինի վերհիշելը, որովհետեւ դահլիճում նստածների 90%-ն այդպես էլ չհասկացան, թե այդ մարդն ով էր, եւ այդ մարդու անունով Երեւանի կենտրոնական փողոցում մենք ունենք փողոց: Ամենայն հարգանքով Ամիրյանների բոլոր սերունդների ու ժառանգների նկատմամբ, բայց ես վստահ չեմ, որ այդ մարդն այն արժանիքներն ունի, որ Երեւանի հրապարակին կից փողոցն իր անունով անվանակոչված լինի»,- ասել է քաղաքապետ Ավինյանը:

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ, անդրադառնալով նախագծին, շեշտել է, որ սա հանրային լեգիտիմություն չունեցող նախագիծ է, առաջարկել է քննարկել նախագիծը, որպեսզի բոլոր մտավախությունները փարատվեն ու արգումենտավորվեն:

«Հիմա սա բերել ու չզեկուցվող հարցով անցկացնելն ի՞նչ է նշանակում, ո՛չ ավագանու մեջ կա կոնսենսուս, ո՛չ էլ որեւիցե հանրային ազդակ կա, դիցուք՝ Ամիրյան փողոցի բնակիչներից որեւիցե մեսիջ: Առաջարկում եմ սա անպայման դարձնել քննարկվող, որպեսզի հասկանանք, թե ինչ փաստարկներից ելնելով պետք է փողոցն անվանակոչվի: Տպավորություն է, որ Պապ թագավորն օգտագործվում է, որպեսզի Ամիրյանի անունն անվանափոխվի»,- նշել է Սուքիասյանը: Տիգրան Ավինյանը Երեւան քաղաքում փողոց անվանակոչելու մասին հարցը զեկուցվող դարձնելու մասին առաջարկը դրեց քվեարկության, սակայն չանցավ, եւ արդյունքում հարցը մնաց չզեկուցվողների շարքում:

«Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Վիկտոր Մնացականյանը, մեզ հետ զրույցում խոսելով մայրաքաղաքի փողոցների անվանափոխության անհրաժեշտության մասին, ասաց. «Հարցին կփորձեմ պատասխանել որպես քաղաքային պլանավորող: Փողոց անվանափոխելը չպետք է դառնա ինքնանպատակ: Տպավորություն է, որ Ամիրյան փողոցի անվանումը փոխելով ուզում են Արսեն Ամիրյանին պատժել կամ ինչ-որ սանկցիա կիրառել: Կա քաղաքային կառավարման եւ քաղաքային պլանավորման հետ կապված մի տերմին, որը նաեւ հատուկ է դեմոկրատական երկրներին, այն կոչվում է մասնակցային կառավարում: Դա այն է, երբ դու բնակչին գործընթացների մասնակիցն ես դարձնում: Չի կարող Երեւանի ամենամեծ հրապարակին կից, ամենաճանաչված փողոցներից մեկի անունը փոխվել միայն այն բանի համար, որ ուզում ես պատժել պատմական ինչ-որ մի կերպարի: Այս հարցը շատ մարդաբանական հարց է: Օրինակ` ինչ-որ մեկն այս մասին խոսե՞լ է երեւանցիների հետ: Կո՞ղմ են արդյոք երեւանցիներն այդ որոշման հետ, թե՞ դեմ են: Ես կարծում եմ, որ նման փոփոխությունները պետք է արվեն տեղական փոքր հանրաքվեներով: Հնարավորություն մենք ունենք՝ նման բան անելու: Չի կարելի ֆեյսբուքյան լայքերի մակարդակով նման որոշումներ կայացնել: Աշխատանքի իմիտացիա են ստեղծում, սակայն իրականում վարկաբեկում են Երեւանի ավագանու որոշումները: Քանի որ ավագանու անդամների մեծ մասը ոչ կոմպետենտ են, երիտասարդ ու անփորձ են, պատկերը տրամաբանական է: Երեւանի ավագանին հավաքվում է ամիսը մեկ անգամ, իսկ առանցքային կարեւորություն ունեցող հարցերը չեն կարող նման պարբերականությամբ քննարկվել եւ լինել արդյունավետ: Նույնն է, որ ԱԺ նիստերն ամիսը մեկ անգամ լինեն: Քաղաքներում պետք է անպայման լինեն գեղագիտական խորհուրդներ: Այդ խորհուրդներն ինչի՞ համար են, նրա համար են, որ եթե, օրինակ, ինչ-որ մի վայրում ցանկանում ես տեղադրել արձան, ապա դա անպայման պետք է որոշվի մասնագիտական համապատասխան խորհրդի կողմից, այլ ոչ թե ինչ-որ թաղապետի կամ քաղաքապետի կողմից: Երեւանում կան ժողովրդական նկարիչներ, հայտնի ճարտարապետներ, շինարարներ, ճաշակով մարդիկ, մշակութային գործիչներ: Այդ մարդկանց հետ պետք է զրուցել: Խորհուրդը եթե լիներ, գոնե առնվազն պետք է եզրակացություն տար հիմա, թե ինչու են Ամիրյան փողոցն անվանափոխում: Պատկերացնո՞ւմ եք, եթե մեկն ընկնի Պապ թագավորի հետեւից, ինչքան վատ տեղեկություններ կարող է գտնել նրա մասին»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image