ԱԺ ԿԳՄՍ հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով գիտության ոլորտի ֆինանսավորմանը, նշել է, որ գիտության ոլորտին 2024 թվականին հատկացվել է շուրջ 40,2 մլրդ դրամ, որը 2018 թվականի համեմատությամբ ավելի է 29,9 մլրդ դրամով. ոլորտում ֆինանսավորման շուրջ 280 տոկոսի աճ ունենք:
Նաեւ նշել է, որ գիտության ոլորտում դրույքաչափերի բարձրացման, գործող տարակարգերի եւ ատեստավորման մեխանիզմների ներդրմամբ պայմանավորված՝ աշխատավարձերի մինչեւ 300 տոկոս աճ է ապահովվել՝ ի համեմատ, օրինակ, 2021 թվականի: Նրա խոսքով՝ գործում են նաեւ ավելի քան 20 դրամաշնորհային ծրագրեր, եւ գիտնականը կարող է միանգամից մի քանի ծրագրի շահառու լինել: Ըստ նախարարի՝ ունենք 1 մլն-ից ավելի վարձատրություն ունեցող գիտնականներ։ Ի դեպ, օրեր առաջ էլ նա նշել էր․ «Մենք ունենք գիտնականներ, որոնք ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան պետական պաշտոնյաները»:
Հատկանշական է, որ վերջերս անդրադառնալով պետության ֆինանսավորման ծավալների եւ աշխատավարձերի աճին, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը մեզ հետ զրույցում մասնավորապես ընդգծել էր․ «Այդ թվերին 2 բան պետք է հակադրել, առաջինը` այն ժամանակահատվածում, երբ բյուջեից գիտության ոլորտին տրվող հատկացումներն աճել են, նույն ժամանակահատվածում գիտնականների թիվը վերջին 5 տարում Հայաստանում պակասել է ավելի քան 20 տոկոսով, հիմա ո՞րն է ավելի խոսուն թիվ: Եվ 2-րդ․ այդ բյուջեն քանի՞ տոկոսով է կատարվում, այսինքն՝ գումարները հատկացվում են գիտության բնագավառին, բայց քանի որ գիտության բնագավառը չի կարողանում կլանել այդ գումարները, որովհետեւ գիտնականների թիվն է քիչ, աշխատողներ չկան, հատկացված գումարի ավելի քան 30 տոկոսը հետ է վերադառնում բյուջե: Այս թվերն ինքնըստինքյան խոսում են ներկայացված թվերի սնանկության մասին»: