Քաղաքականություն

«Հրապարակ». Սեպտեմբերի 22-ը ջրբաժա՞ն, թե՞ հաղթանակների սկիզբ

«Հրապարակ». Սեպտեմբերի 22-ը ջրբաժա՞ն, թե՞ հաղթանակների սկիզբ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը, ինչպես հայտնի է, սեպտեմբերի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծ հավաք է նախաձեռնել, որը, ըստ սրբազանի, դառնալու է հաղթանակների սկիզբը։ Մայիս-հունիս ամիսների ակտիվ պայքարից հետո Շարժումն ակնհայտորեն թեւակոխել էր արձակուրդային ռեժիմ՝ իշխանությունների դեմ փողոցային ակտիվ պայքարը փոխարինելով դահլիճային հանդիպումներով, մարզային այցերով եւ եկեղեցու բակում ավանդական դարձած հանդիպումներով, որոնց վերջերս հաշված մարդիկ են մասնակցում։ Անգամ քաղաքական ակտիվ դերակատարներից շատերը, որ շարժման սկզբում սրբազանի կողքից չէին հեռանում, գիշեր-ցերեկ մասնակցում էին ակտիվ գործողություններին, տեխնիկական եւ մարտավարական տարաձայնությունների պատճառով ետ են քաշվել ու այլեւս չեն մասնակցում հավաքներին։

Ոմանք կողմ են ռադիկալ գործողություններին, օրակարգի հստակությանը, ոմանք հեռացել են, քանի որ սրբազանն իրեն մոտ է թողնում այնպիսի անձանց, որոնք այնքան էլ ընկալելի չեն քաղաքական դաշտի կողմից։ Մեզ պատմեցին, որ վերջին հավաքներից մեկի ժամանակ Գառնիկ Իսագուլյանը բաց տեքստով ասել է՝ որտեղ Կարեն Բեքարյանն է որոշումներ կայացնում, այնտեղ չի կարող կոշտ պայքար լինել: Ի դեպ, պատմում են, որ Բեքարյանն է սրբազանի գլխավոր խորհրդատուն, նա է որոշում՝ ում հարթակ տալ, ում` ոչ: Ասում են, որ նրա համար ընդունելի չեն կոշտ հռետորները, որոնք խիստ, երբեմն էլ դաժան քննադատության են ենթարկում իշխանություններին, կարծում է, որ այս պայքարը պետք է տարբերվի նախորդներից, նաեւ՝ գործող իշխանությունների լեքսիկոնից։ Պարզ ասած՝ Բեքարյանը փափուկ մարտավարության կողմնակից է։ Ավելի քան երկու տասնյակ աջակից ուժերից հաշված մարդիկ են անվերապահորեն վստահում սրբազանին ու մասնակցում նրա կազմակերպած հավաքներին, խոսքը խորհրդարանական ընդդիմության, «Սասնա ծռերի», «Ապրելու երկրի» ու եւս մեկ-երկու մարդ-կուսակցությունների առաջնորդների մասին է, որոնք, թեպետ ունեցած տարաձայնություններին, այդուհանդերձ, չեն խզում կապերը` մի պատճառով, որ իրենց համար քաղաքական տանիք են գտել։ Անգամ հոգեւոր դասի նրա հայտնի աջակիցներն են մի կողմ քաշվել, քանի որ, ասում են` շարժումն այսպես շարունակվելու դեպքում դատապարտված է ձախողման, եւ հիմա իշխանություններին ուղղված ռեւերանսներ են անում, թե պարտադիր չէ, որ Նիկոլը հրաժարական տա` կարող է մեղա գալ ու շարունակել հանձնել երկիրը․․․

Շարժման ակտիվից մեզ վստահեցրին, թե սրբազանն ինքն էլ գիտի, որ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով հիասթափություններ կան, ուստի փորձելու է ռեինկարնացիա անել պայքարը։ Անցած շաբաթ քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ նա վստահեցրել է, որ այնպիսի ծրագիր է ներկայացվելու, որ բոլորի մտահոգությունները փարատվեն։

Եվ սեպտեմբերի 22-ին Համալիրում կայանալիք միջոցառմանը, որը մեկնարկելու է ժամը 15.00-ին, ծրագրել է, որ միայն ինքն է ելույթ ունենալու, բեմին՝ իր թիկունքում ունենալով հինգ հարյուր երիտասարդների։ Այդպիսով փորձելու է ցույց տալ, որ շարժման մեջ որեւէ ուժ, գործիչ, անհատ չունի առավելություն, որ քննարկումների առիթ չդառնա, թե ինչու այս մեկը ելույթ ունեցավ, մյուսը՝ ոչ։ Սրբազանը ներկայացնելու է իր ասելիքը, վճռականությունը` մինչեւ վերջ պայքարելու հարցում։ Հայտարարելու է, որ հենց հաջորդ օրվանից վերսկսում են ակտիվ փողոցային պայքարը։
Միջոցառումից հետո նախատեսել է երթ` դեպի Եռաբլուր։

Թե ինչ հաշվարկով է «նույն գետը մտնելու», եթե ամիսներ առաջ անհնազանդության ակցիաները չհաջողեցին, մեր աղբյուրը փակագծեր չբացեց՝ ասելով միայն, որ Համալիրում մարդկանց քանակից կերեւա, թե ինչ գործողություններ են իրականացնելու։

Շատերը սպասում են այդ օրվան, որից հետո կա՛մ կշարունակեն պայքարը, կա՛մ արդեն հրապարակավ կխոսեն ապահարզանի մասին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image