Անկեղծ ասած, դժվարանում էի այս նյութին համապատասխան վերնագիր ընտրել. «Ճանապարհային վթար. որտե՞ղ է ավարտվում օրենքի ուժը», «Անմեղ վարորդի երկրորդ վթարը», «Վթարից հետո. մենակ օրենքի դիմաց», «Երբ դժբախտությանը գումարվում է անտարբերությունը»: Բոլորն էլ «արժանի» էին վերնագիր դառնալու:
Իջեւանում, մարզպետարանի շենքին հարակից քարե սալարկով փողոցով դանդաղ վեր էր բարձրանում «Օպել» մակնիշի ավտոմեքենան՝ երթեւեկության կանոնների պահպանմամբ: Ոչինչ չէր հուշում գալիք վտանգի մասին։ Ամեն ինչ փոխվեց մի ակնթարթում․ դիմացից անսպասելիորեն հայտնվեց «Վիլիս» մակնիշի մի ավտոմեքենա եւ բախվեց աջ գոտով ընթացող «Օպելին»։ Վարորդը փորձեց վազանցել իր առջեւից ընթացող մեքենային, հայտնվեց հակադիր գոտում եւ ուշ նկատեց դիմացից եկող մեքենան։ Թաց քարե սալարկի վրա արգելակելը չփրկեց իրավիճակը։ Դեպքի վայր ժամանեցին ճանապարհային ոստիկանները։ Պարզվեց, «Վիլիսի» վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Նա եւ նրա մեքենան հեռացվեցին։ Ապահովագրական ընկերության ներկայացուցիչը եւս արձանագրեց դեպքը եւ, ըստ երեւույթին, կատարեց իր գործառույթները։ Սակայն այդ պահից էլ սկսվեց պատմության ցավոտ եւ, ցավոք, օրինաչափ մասը։
Վթարի ենթարկված մեքենան չէր կարող շահագործվել։ Հարցը պարզ էր ու կենսական՝ ինչպե՞ս տեղափոխել այն։ Ապահովագրական ընկերության աշխատակցի պատասխանը կարճ էր․ ինքը կարող է միայն տեղափոխող մեքենայի վարորդի հեռախոսահամար տալ։ Այլ աջակցություն նախատեսված չէ։ Տվեցին հեռախոսահամար։ Պահանջվող գումարը Իջեւանից Վանաձոր տեղափոխելու համար ոչ միայն բարձր էր, այլեւ փաստաթղթերով չհաստատվող։ Իսկ առանց համապատասխան փաստաթղթի, ապահովագրական որեւէ ընկերություն չի փոխհատուցում տեղափոխման ծախսերը։ Վթարի ենթարկված վարորդը կանգնած էր փակուղու առաջ․ կա՛մ ընդունել պայմանները եւ կրել չհիմնավորված եւս մեկ ծախս, կա՛մ թողնել մեքենան ճանապարհի եզրին ու սպասել անորոշության։
Այս իրավիճակում անհնար է չնկատել համակարգային բացը։ Ապահովագրական ընկերությունները պարտավորվում են փոխհատուցել վնասը, սակայն չեն ապահովում վթարված մեքենայի օրինական տեղափոխումը։ Պետական վերահսկողությունն ավարտվում է վթարի արձանագրումով, իսկ դրանից հետո քաղաքացին մնում է միայնակ՝ իր խնդիրների հետ։ Խնդիրը ոչ միայն ֆինանսական է կամ բարձր սակագների ու անհատ վարորդների անօրինական վարքագծի մեջ։ Խնդիրը համակարգային է եւ վերաբերում է այն պետական եւ վերահսկող մարմիններին, որոնք կոչված են կարգավորելու ճանապարհային երթեւեկության, ապահովագրության եւ արտակարգ իրավիճակներում օգնության տրամադրման մեխանիզմները։ Այն վերաբերում է մարդու արժանապատվությանը, անվտանգության զգացողությանը, պետության նկատմամբ վստահությանը։ Երբ վթարի ենթարկված անմեղ վարորդը ստիպված է իր դժբախտության պահին «բանակցել» պատահական ծառայությունների հետ, բացել գրպանը՝ առանց որեւէ երաշխիքի, որ իր կատարած ծախսը փոխհատուցվելու է, իսկ նրա ամեն դրամը հաշված է։
Անկախ նրանից՝ մարդն Իջեւանից է, Վանաձորից, Զանգեզուրից, թե Տավուշից, իրավիճակը նույնն է։ Վթարը դառնում է ոչ թե մեկ պահի փորձանք, այլ՝ երկարատեւ փորձություն, որտեղ օրենքն ու պատասխանատու կառույցները չեն գործում։ Եթե ապահովագրական ընկերությունները պարտավոր են փոխհատուցել վնասը, ապա ինչո՞ւ նույնքան հստակ պարտավորություն չունեն՝ ապահովելու նաեւ վթարված մեքենայի օրինական, փաստաթղթավորված եւ հասանելի տեղափոխումը։ Ինչո՞ւ է դա թողնված շուկայական քմահաճույքին ու պատահական վարորդների «բարեհաճությանը»։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ