Հասարակություն

«Հրապարակ». Մեկ թեթեւ վարույթ՝ վարչապետի դեմ, մնացածը՝ աշխատանքի իմիտացիա

«Հրապարակ». Մեկ թեթեւ վարույթ՝ վարչապետի դեմ, մնացածը՝ աշխատանքի իմիտացիա

Կոռուպցիայի կանխարգել­ման հանձնաժողովը (ԿԿՀ) ձեւավորվել է 2019-ին։ Այն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդն է եւ, ըստ օրենքի, պետք է հսկի պաշտոնյաների գույքը, բարեվարքությունը, շահերի բախումը, կանխի կոռուպցիոն ռիսկերը։ Իրականում ի՞նչ է անում ԿԿՀ-ն, բացի թղթաբանությունից ու հաղորդագրություններից, երբեմն էլ իշխանության ընդդիմախոսներին նեղելուց, նրանց նկատմամբ վարույթներ հարուցելուց։ Այս հանձնաժողովը ձեւով անկախ է, բայց բովանդակությամբ իշխանության կցորդն է՝ իշխանության ներ­կայացուցիչների ոչ մի կոռուպցիոն դրսեւորում չի նկատում, եթե անգամ նկատում է, ապա երկրորդ, երրորդ էշելոնից՝ մի համայնքապետ խախտել է եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը, մի մարզպետ ինչ-որ տենդեր մերձավորի է տվել։ Իսկ ԿԿՀ-ի գործունեության ամենահամարձակ դրսեւորումը Նիկոլ Փաշինյանի խայտառակ ստատուսների մասին եզրակացությունն էր, թե խախտվել են բարեվարքության կանոնները, եւ վերջ։ Մենք գրավոր հարցմամբ դիմել էինք Հանձնաժողով՝ խնդրելով պատասխանել մեր հարցերին․

1. Մամուլի հրապարակումների հիման վրա քանի՞ վարույթ է հարուցվել վերջին տարիներին, դրանցից քանի՞սն են ավարտվել: Քանի՞ գործ է ուղարկվել դատախազություն կամ կոմիտեներ՝ գործ հարուցելու: Ո՞ր լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա են վարույթներ հարուցվել։ 
2. Մինչեւ քանի՞ տարի եք հետ գնում պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերն ուսումնասիրելիս: 
3. Քանի՞ պատգամավորի եւ քանի՞ պաշտոնյայի նկատմամբ է այս պահին վարույթ քննվում Հանձնաժողովում: 
4. Չհաշված վերջին վարույթը, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ իր խոսքի հետ կապված, եւ ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ են վարույթներ հարուցվել. փոխվարչապետներ, նախարարներ, ԱԺ նախագահ, դատախազ, դատավորներ: Եթե կան ավարտված վարույթներ, ի՞նչ ճակատագրի են արժանացել:

Մեր հարցմանը պատասխանելով՝ ԿԿՀ-ն երկար թվարկել է իր գործառույթները, օրենքից մեջբերումներ արել, որոնք կարելի է համացանցում կարդալ։ Տեքստը փոքր կրճատումներով ներկայացնում ենք ձեզ․

«Հանձնաժողովն իրականացրել է 260 մեդիա հրապարակման ուսումնասիրություն, որից 134-ը՝ բարեվարքության համակարգի տարրերի (վարքագծի կանոններ, շահերի բախում, այլ սահմանափակումներ, անհամատեղելիության պահանջներ) առնչությամբ, իսկ 126-ը՝ հայտարարագրերում արձանագրված առերեւույթ անհամապատասխանությունների վերաբերյալ։ Նշված ուսումնասիրությունների արդյունքում 50 դեպքով Հանձնաժողովի կողմից հարուցվել են վարույթներ, որոնցից 39-ը՝ բարեվարքության համակարգի տարրերի, 11-ը՝ հայտարարագրերում արձանագրված առերեւույթ անհամապատասխանությունների վերաբերյալ։ 50 վարույթից 46-ն ավարտվել է, 2-ը կասեցվել է, 2-ն ընթացքի մեջ է։ Այսպես․ անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման դեպքերով իրականացվել է 7 վարույթ, որոնցից 1-ով կայացվել է անհամատեղելիության պահանջի խախտման առկայության մասին եզրակացություն, 5-ով՝ վարույթը կարճելու մասին (օրենսդրական փոփոխություններով պայմանավորված), 1 վարույթ կասեցվել է։ Վարքագծի կանոնների առերեւույթ խախտման դեպքերով իրականացվել է 8 վարույթ, որոնցից 3-ով կայացվել է վարքագծի կանոնի խախտման բացակայության մասին եզրակացություն, 4-ով՝ վարքագծի կանոնի խախտման առկայության, 1 վարույթ կասեցվել է։ Շահերի բախման դեպքերով հարուցվել է 2 վարույթ, որոնցից 1-ով կայացվել է շահերի բախման իրավիճակի առկայության մասին եզրակացություն, 1 վարույթ ընթացքի մեջ է։ Շահերի բախման առերեւույթ դեպքերով գրավոր հայտարարություն չներկայացնելու դեպքերով հարուցվել է 21 վարույթ, որոնցից 18-ով կայացվել է վարչական տույժ կիրառելու մասին որոշում, 2-ով վարույթը կարճվել է, 1-ով որոշում չի կայացվել՝ պայմանավորված Հանձնաժողովի անդամների ձայների հարաբերակցությամբ։ Այլ սահմանափակումների առերեւույթ խախտման 1 դեպքով իրականացվող վարույթն ընթացքի մեջ է։

Հայտարարագրերում հայտնաբերված առերեւույթ անհամապատասխանությունների վերաբերյալ հարուցվել է 11 վարույթ, որոնցից 5-ով որոշում է կայացվել վարչական տույժ կիրառելու, 2-ով վարույթը կարճվել է իրավախախտման նվազ նշանակության հիմքով, 2-ը՝ դեպքի բացակայությամբ, 2 դեպքով որոշում չի կայացվել՝ պայմանավորված Հանձնաժողովի անդամների ձայների հարաբերակցությամբ։ 

ԶԼՄ հրապարակումների հիման վրա նախաձեռնված հայտարարագրերի ուսումնասիրությունների արդյունքներով հաճախ արձանագրվում են այնպիսի անհամապատասխանություններ, որոնք Հանձնաժողովի նախադեպային որոշումներով որակվել են նվազ նշանակություն ունեցող (օրինակ՝ հայտարարագրված է գույքի օտարման գործարքը, սակայն ստացված եկամուտը՝ ոչ) կամ հայտարարատուներից ստացված պարզաբանումների արդյունքում անհամապատասխանությունները գնահատվում են որպես տեխնիկական բնույթ ունեցող (օրինակ՝ սխալ են հայտարարագրվել տարեվերջի եւ տարեսկզբի դրամական միջոցների արժույթները) կամ ուսումնասիրության ժամանակ արդեն լրացած են լինում վարչական տույժ նշանակելու վաղեմության ժամկետները: Նմանատիպ դեպքում, երբ առկա չեն լինում գույքի ծագման օրինականության, գույքային դրության արժանահավատության, կատարված ծախսերի՝ եկամուտներով հիմնավորվածության կամ այլ կասկածներ, Հանձնաժողովը, առանց վարույթ հարուցելու, ավարտում է ուսումնասիրությունը՝ հայտարարատուներին առաջարկելով հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու դիմում ներկայացնել: ԶԼՄ հրապարակումների հիման վրա հարուցված վարույթներով դատախազություն է ներկայացվել առերեւույթ հանցագործությունների վերաբերյալ 3 հաղորդում: ԶԼՄ հրապարակումների հիման վրա հայտարարագրերի ստուգման արդյունքում Գլխավոր դատախազություն է ուղարկվել 8 հայտարարատուի վերաբերյալ 4 հաղորդում, որից 3-ը՝ 2025-ին, 1-ը՝ 2024-ին: 

Հանձնաժողովը վարույթներ է հարուցել Armlur.am, Infocom.am, Tert.am, Hetq.am, News.am, Aravot.am, Armtimes.com, Lurer.com, Hraparak.am, Civilnet.am, Mediafactory.am, Iravaban.net, 168.am, Factor.am, Aysor.am, Fip.am, Oragir.am, Oragir.news, Past.am, Azatutyun.am, 1in.am, Arm.sputniknews, Mamul.am, civic.am, mediahub.am հրապարակումների հիման վրա: 

2. ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա իրականացվող ուսումնասիրությունների ժամանակ դիտարկվում են այն ժամանակահատվածի հայտարարագրերը, որոնց վերաբերյալ հրապարակման մեջ արձանագրված է առերեւույթ անհամապատասխանությունը: Եթե արձանագրվում են այնպիսի անհամապատասխանություններ, որ անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրել այլ տարիների հայտարարագրերը, ուսումնասիրվում են: Հանձնաժողովի որոշմամբ կարող են վերլուծվել նաեւ հայտարարատու անձի եւ ընտանիքի անդամների բոլոր տարիների հայտարարագրերը:

3. 2025 թ․ հոկտեմբերի 8-ի դրությամբ ընթացքի մեջ է 11 պաշտոնատար անձի նկատմամբ հարուցված վարույթ, որից 2-ը` ԶԼՄ-ի հրապարակումների հիման վրա: Նշված 11 վարույթներից 6-ը հարուցվել է անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման դեպքերով, 2-ը՝ շահերի բախման իրավիճակի առերեւույթ դեպքով, 1-ը՝ այլ սահմանափակումների առերեւույթ խախտման դեպքով, 1-ը՝ վարքագծի կանոնների առերեւույթ խախտման դեպքով, 1-ը՝ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու առերեւույթ դեպքով։ Ընդ որում՝ այս պահին Հանձնաժողովում չկան ընթացիկ վարույթներ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ: 

4. Այն հարցի կապակցությամբ, թե որ բարձրաստիճան պաշտոնյաների (փոխվարչապետներ, նախարարներ, ԱԺ նախագահ, դատախազներ, դատավորներ) նկատմամբ են վարույթներ հարուցվել, հարկ ենք համարում նախ նկատել, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն․․․ ԱԺ նախագահի, պատգամավորների, դատավորների եւ դատախազների կողմից վարքագծի կանոնների խախտման եւ շահերի բախման դեպքերի քննությունը Հանձնաժողովի լիազորությունների շրջանակից դուրս է։ Ինչ վերաբերում է անհամատեղելիության պահանջներին, ապա Հանձնաժողովն իրավասու է քննել պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երեւանի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից անհամատեղելիության պահանջների խախտման դեպքերը՝ առանց բացառությունների: Բացի այդ, կարեւոր է արձանագրել, որ ՀՀ օրենսդրությամբ բացակայում է «բարձրաստիճան պաշտոնյա» հասկացությունը, ուստի Հարցման 4-րդ հարցի առնչությամբ ներկայացվում են Հանձնաժողովի իրավասության շրջանակում պետական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների, իսկ անհամատեղելիության պահանջների մասով՝ նաեւ դատախազների, դատավորի, պատգամավորների նկատմամբ հարուցված վարույթների վերաբերյալ տեղեկությունները։ Այսպես, բացի ՀՀ վարչապետի նկատմամբ հարուցված 2 վարույթներից, Հանձնաժողովի կողմից վարքագծի կանոնների առերեւույթ խախտման հիմքով մինչ օրս հարուցվել է 11 վարույթ, որոնցից 1-ը՝ նախարարի պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ, 1-ը՝ նախարարի տեղակալ-ոստիկանության պետի, 2-ը՝ անկախ մարմնի անդամի/ղեկավարի, 3-ը՝ համայնքի ղեկավարի, 1-ը՝ համայնքի ղեկավարի տեղակալի, 1-ը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, 1-ը՝ տեսչական մարմնի ղեկավարի, 1-ը՝ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի նկատմամբ։ Նշված վարույթներից 4-ի արդյունքում կայացվել է վարքագծի կանոնների խախտման առկայության վերաբերյալ եզրակացություն, 6-ով՝ խախտման բացակայության վերաբերյալ եզրակացություն, 1 վարույթ գտնվում է ընթացիկ փուլում։ Հանձնաժողովն իրականացրել է շահերի բախման վերաբերյալ 24 վարույթ, անհամատեղելիության պահանջների խախտման վերաբերյալ՝ 15 վարույթ։ Շահերի բախման առերեւույթ դեպքի վերաբերյալ Հանձնաժողովն իրականացրել է 3 վարույթ՝ նախարարի, համայնքի ղեկավարի եւ մարզպետի պաշտոնները զբաղեցնող անձանց նկատմամբ: 

Նշված վարույթներից 2-ի արդյունքում Հանձնաժողովն ընդունել է խախտման առկայության, իսկ 1-ի արդյունքում՝ խախտման բացակայության վերաբերյալ եզրակացություն: Բացի այդ, շահերի բախման իրավիճակի վերաբերյալ Հանձնաժողովին հայտարարություն չներկայացնելու հիմքով իրականացրել է վարչական իրավախախտման վերաբերյալ 21 վարույթ՝ համայնքի ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Նշված վարույթներից 2-ը կարճվել են, 1-ի վերաբերյալ որոշում չի կայացվել, իսկ 18-ով կայացվել է վարչական տույժի մասին որոշում: Անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով Հանձնաժողովն իրականացրել է 15 վարույթ, որոնցից 1-ը՝ դատավորի պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ, 2-ը՝ դատախազի պաշտոն զբաղեցնող անձի, 7-ը՝ պատգամավորի, 1-ը՝ մարզպետի, 1-ը՝ մարզպետի տեղակալի, 2-ը՝ համայնքի ղեկավարի, 1 վարույթ էլ իրականացվել է 4-րդ հարցադրման մեջ չներառված պաշտոնատար անձի նկատմամբ: Անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով իրականացված 9 վարույթով Հանձնաժողովն ընդունել է անհամատեղելիության պահանջների խախտման բացակայության մասին եզրակացություն, 6 վարույթի արդյունքում՝ անհամատեղելիության պահանջները խախտելու վերաբերյալ եզրակացություն: Պաշտոն զբաղեցնող անձի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին եզրակացություններն ուղարկվել են․․․ վերջիններիս լիազորությունները դադարեցնելու հարցը քննարկելու իրավասություն ունեցող մարմինների հետ»: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image