Հունիսի 8-14-ը Ֆրանսիայի Անսի քաղաքում կկայանա Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն, որին Հայաստանը կներկայանա «Օձի ապուր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմով: «Օձի ապուր» ֆիլմը «Բադա» ընկերության առաջին նախագիծն է, որը ստեղծվել է ԿԳՄՍՆ եւ Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ։
Ռեժիսոր Զաքար Դեմիրճյանի եւ պրոդյուսեր Րաֆֆի Մովսիսյանի «Օձի ապուր» կարճամետրաժ դեբյուտային անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է աշխարհի ամենահեղինակավոր անիմացիոն կինոփառատոնի՝ Անսիի կարճամետրաժ ֆիլմերի «Հեռանկարներ» մրցութային բաժնում:
Սցենարի հեղինակներն են Րաֆֆի Մովսիսյանը եւ Զաքար Դեմիրճյանը, կոմպոզիտորը՝ Էմիլ Աբրամյանը, նկարիչներ՝ Դանիել Գրիգորյան, Վերոնիկա Ստեփանյան, գծային պրոդյուսեր՝ Արմինե Հարությունյան:
Սյուժեն ռազմաճակատ մեկնող զինվորի մեկ օրվա պատմությունն է, որի համար ճանապարհին պատահած դիպվածները երանելի իրականության պատկերացման հիմք են դառնում։ Ռումբի պայթյունից երեւակայականն ու վերհուշները միախառնվում եւ ցնորքի են վերածվում։