Նախորդ օրը ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը երկնել է հերթական կեղծիքը՝ այս անգամ պոպուլիզմով փաթեթավորելով այն: Ի դեպ, երբ նա հայտարարում էր, որ չունի ոչ մի «իզմ», կրկին կեղծում էր. «պոպուլիզմն» ամենատարածված «իզմն» է մարդկային պատմության մեջ: Դա «իզմ»-ով վերջացող գաղափարական հասկացությունների բացառումն է՝ զբաղեցնելով դրանց տեղը: Հիմա ներկայացնեմ վերջինիս պոպուլիստական հերթական «գլուխգործոցը»: Ահա այդ գրառումը. «Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի և Գևորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները»։
Նախ, ոչ մի հեղաշրջում, այն էլ՝ ռազմական, անելու մտադրություն Բագրատ Սրբազանը (աշխարհի կամ ինչպես եկեղեցում է ընդունված՝ ավազանի անվամբ՝ Վազգեն Գալստանյանը) չի ունեցել:
Ի դեպ, որպես ՀԱԵ հետևորդ, ինչպես ինքն է իրեն ներկայացնում, նա իրավունք չունի Սրբազանին կոչել նրա ավազանի անունով: Դրա իրավունքն ունի միայն կաթողիկոսն այն ժամանակ, երբ արդեն կարգալույծ է արել որևէ հոգևորականի: Դա՝ մեկ, և երկրորդ. թե ինչ կապ ունի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գոյություն չունեցած ռազմական հեղաշրջման հետ՝ կիմանա երևի միայն իր հիվանդ ուղեղը: Նա, ի դեպ, շատերիս նման ընդամենը խոսքով էր աջակցում 2024-ի «Սրբազան պայքարին»: Իսկ որ Սրբազանների կալանավորումն ապօրինի է՝ «չգիտեն» միայն ինքն ու իր կամակատարները: Ինչ մնում է ինչ-որ բան կիսելուն, ապա Հայաստանի բոլոր գրագետ, խելացի ու հայրենասեր մարդիկ կիսում են Նիկոլին պաշտոնից հեռացնելու տեսլականը: Դա նշանակում է, որ եթե բոլոր այդ մարդիկ մտադրություն ունենային «մարդկանց պատերի տակ գյուլլել, երկրում քաոս ստեղծել», ապա ստիպված էին լինելու գյուլլել առնվազն իրենց հարազատներին՝ եթե ոչ մեկը մյուսին: Իսկ դա, ընդունենք, այն աստիճանի անհեթեթություն է, որ նույնիսկ գերազանցում է մինչ այդ Նիկոլի երկնած անհեթեթ բոլոր մտքերին:
Եվ վերջապես այն հարցը, որ մեջբերման մեջ որպես թիրախ է ընտրված հենց կաթողիկոսը, վկայում է, որ վերջինս փորձում է հասնել «երկուսը մեկում» նպատակին: Այն է՝ մեղադրել երկու Սրբազաններին ու, այսպես ասած, գողականով սխալ հանել կաթողիկոսին: Իր մոտ հանցագործ աշխարհի մտածողության տարրերի առկայությունը ենթադրել է տալիս, որ պատանի տարիքում Նիկոլը խնդիրներ է ունեցել իր շրջապատում: Ու գիտակցորեն, որպես պաշտպանական վահան, վերջինիս ուղեղում ներառվել են այդ տարրերը: Կարծում եմ, որ դա եղել նաև պատճառներից մեկը, որ մի ժամանակ ակտիվորեն քրեական ենթամշակույթի դեմ էր ելույթ ունենում: Եվ համապատասխան օրենսդրական ակտեր գեներացվեցին նրա պահանջով: Որովհետև այդ ենթամշակույթի դեմ պայքարը գերակայություն չէր կարող համարվել պետության ադեկվատ ղեկավարության առկայության պարագայում:
Ինչ մնում է ֆեյսբուքյան այդ գրության մեջ առկա՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք իրավապահների գործունեության համար փակ չլինելուն, ապա դա ցույց տրվեց մի քանի օր առաջ՝ երբ ԱԱԾ-ն բռնությամբ ներխուժեց Մայր Տաճարի տարածք: Կարծում եմ, որ տվյալ գրությամբ փորձում է արդարացնել այդ ներխուժումը: Եվ միաժամանակ մեծացնում է ճնշումը կաթողիկոսի վրա: Չնայած, եթե հարմար պահ ստեղծվի՝ ներխուժումը կարող է նաև կրկնվել: Հատկապես որ այդ վարկածը շրջանառում էր նրա կուսակցական կամակատարներից մեկը: Տաճարական տարածքն էլ որպես համայնքային տարածք ներկայացնել խոսում է եկեղեցու արժեքը մարդկանց աչքում գցելու փորձ: Վստահ չեմ, որ վարչականորեն այդպես է, թե ոչ, ու գուգլելն էլ՝ նաև ռուսերենով ու անգլերենով, որևէ արդյունք չտվեց: Ինչևէ, այդպես լինի, թե ոչ, Մայր Տաճարի տարածքը՝ պայմանավորված թե՛ մեր մտածողությամբ և թե՛ հայոց եկեղեցու միջազգային հեղինակությամբ ու նույնիսկ «կարգավիճակով», չի կարող համարվել համայնքային տարածք: Որքան էլ փորձի տվյալ հարցն այդպես ներկայացնել հայոց երկրի՝ լեգիտիմությունը կորցրած ղեկավարը:
Ֆեյսբուքյան գրառումներով, հատկապես վերջին՝ «Հիսուսի տունն ազատագրելն առաջնորդելու» խոստումոբ ինքն իրեն կրկին դրել Քրիստոսի տեղը, ով վաճառականներին ստիպեց հեռանալ Երուսաղեմի տաճարից: Բացի զուտ սրբապղծությունից՝ վարչապետի աթոռից կառչած անձը ճնշումն ուժեղացնում է՝ փորձելով հասնել Գարեգին Բ կաթողիկոսի պաշտոնանկությանը: Իսկ ես մնում եմ իմ կարծիքին՝ հնարավորինս արագ, որպես ֆորս-մաժորային իրադարձություն, հրավիրել Ազգային-եկեղեցական ժողով: Դրա համար, ի դեպ, տրվում է մինչև վեց ամիս ժամանակ, բայց կարելի անել նաև, ասենք, մեկ ամսում: Ու այդ ժողովում միաժամանակ իրականացնել թե՛ Գարեգին Բ-ի հրաժարականի ու թե՛ նոր կաթողիկոսի ընտրությունը: Դա, կրկնվեմ, կդիտարկվի որպես պարտություն, բայց հենց դրանով, շախմատային լեզվով ասած, մատ կհայտարարվի Նիկոլին՝ չեզոքացնելով նրա գլխավոր խաղաքարտերից մեկը: Այլապես այս տարբերակում ինքն անընդհատ օրակարգ է թելադրում՝ միավորներ հավաքելով թե՛ երկրի ներսում և թե՛ դրսում: Վերջինիս վկայությունը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունն էր Նիկոլին աջակցելու առումով: Իսկ եթե Նիկոլը փորձի միջամտել եկեղեցական ժողովին, ապա նույն Մակրոնը ստիպված է լինելու փոխել հռետորաբանությունը: Էլ չասած, որ այդ միջամտությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ իր համար նաև երկրի ներսում:
ՀԳ. Ինչ վերաբերում է այսօրվա խուզարկություններին ու ձերբակալություններին, ինչպես նաև խորհրդարանում ՔՊ-ականնների վարքագծին՝ հետաքրքիր է, թե իշխանափոխությունից հետո թաքնվելու համար որքան գումար են տալու դրանք մկան ծակ գտնելոււ համար: Իսկ որ երկրում իշխանափոխությունը տեղի է ունենալու՝ դա կասկածի ենթակա չէ: Եվ դրա վկայությունը բոլոր բռնապետությունների ճակատագիրն է: