«Հրապարակի» զրուցակիցը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն է։
- Տարին, այդ թվում՝ տնտեսական տարին, ընթացքի մեջ է․ ի՞նչ կանխատեսումներ ունեք 2026-ի հետ կապված։
- Կարեւոր է նկատել, որ 2026 թվականը տարբեր առումներով դժվար կանխատեսելի տարի է։ Դա, նախ, պայմանավորված է աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններով եւ հատկապես մեր տարածաշրջանի զարգացումներով՝ ներառյալ Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման հանգամանքը, Ադրբեջանի հետ առեւտրատնտեսական կապերի հնարավոր զարգացումները։ Բայց նաեւ չմոռանանք մի շատ կարեւոր հանգամանք, որ 2026 թվականը նախընտրական տարի է, եւ կարող են լինել անսպասելի զարգացումներ՝ իշխանությունների կողմից պատրանք ստեղծելու, որ տնտեսությունն ավելի արագ տեմպերով է աճում, քան՝ ոչ միայն նախորդ տարիներին, այլեւ, այսպես կոչված, նախկին իշխանությունների օրոք։ Այնպես որ, 2026-ի վերաբերյալ կանխատեսումներ անելը, թերեւս, ամենից դժվար եւ ամենաանշնորհակալ խնդիրն է։
- ՀՀ ԿԲ-ն, օրինակ, այս տարվա համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3- 4,1 տոկոս աճ, այնուհետեւ՝ 2027 թվականին՝ 4,9-5,3 տոկոս՝ ակնկալելով նաեւ արտաքին առեւտրի դինամիկայի բարելավում։ Գլխավոր դրամատան գնահատմամբ, ՀՆԱ-ի բացարձակ մեծությունը 2026 թ․ կաճի մինչեւ 12-12.3 տրիլիոն դրամ։ Հերթական «թվանկարչությո՞ւնն» է, թե՞ իրատեսական ցուցանիշ է։
- Իհարկե, տարբեր կանխատեսումներ արել է կառավարությունը եւ Կենտրոնական բանկը՝ նույնպես, բայց դրանք հիմնականում կապված են Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի եւ այլ միջազգային կառույցների կանխատեսումների հետ։ Առանձին վերցրած, եթե ըստ տնտեսական տարբեր ճյուղերի դիտարկենք, ապա չկա ծրագրված կամ համապարփակ հայեցակարգային մոտեցում, թեեւ 2026 թ. հունվարի 8-ին կառավարությունն ընդունել է, այսպես ասած, պարադիգմի փոփոխության փաստաթուղթ, բայց պարզ է, որ նման ընդհանուր դրույթները, որոնք արտացոլված են փաստաթղթում, բացարձակապես չեն բխում Հայաստանի տնտեսության առանձնահատկություններից, եւ դրա իրատեսականությունը եւս հարցականի տակ է։
- ՀՆԱ-ի կանխատեսման հաշվարկը որքանո՞վ է հաշվի առնում ռիսկերի եւ անորոշությունների գործոնները։ Արդյո՞ք այդ գործոնները կարող են տնտեսության մեջ ձեւավորել ավելի բարձր գնաճի միջավայր:
- Այստեղ կարեւորը ոչ միայն գնաճն է, որը, իհարկե, կարող է ավելին լինել, քան կանխատեսվում է։ Բայց զարգացումները, բնականաբար, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների մասով, կարող են ավելի բարձր լինել, որովհետեւ ՀՀ տնտեսությունը գտնվում է տուրբուլենտ վիճակում, բավականին շատ են գնաճային ճնշումները, բայց քանի որ սպառողական գների ինդեքսը հաշվարկվում է շուրջ 500 ապրանքների եւ ծառայությունների համար, դա խաբուսիկ պատկեր է ստեղծում, որ միջինացված ցուցանիշը 3+-1,5 տոկոսի սահմաններում կարող է պահպանվել։ Իհարկե, նախորդ տարիներին եւս դա ներկայացվել է հանրությանը, բայց աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրում շատ ավելի կարեւոր է հանրությանը ներկայացնել առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, որը 2025 թվականին նույնպես երկնիշ թվերով աճ է ունեցել։
- Հունիսին նախանշված քաղաքական գլխավոր իրադարձությունը՝ խորհրդարանական ընտրությունները, ըստ Ձեզ, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ տնտեսական իրավիճակի վրա, անկախ նրանից, թե քաղաքական որ ուժը կանցնի ԱԺ, կամ՝ կվերարտադրվի՞ արդյոք փաշինյական ռեժիմը, թե՝ ոչ։
- Այո, տնտեսության վրա ազդեցությունը հաստատ պայմանավորված է նրանով, թե որ քաղաքական ուժը կունենա մեծամասնություն, որովհետեւ մինչ օրս որեւէ պատասխանատվություն չկա տնտեսության վերաբերյալ․ կցկտուր տվյալներ են հրապարակվում, բայց այդպես էլ պարզ չի դառնում՝ ուզո՞ւմ ենք կառուցել ազգային տնտեսություն, թե՝ ոչ, թե՞ իներցիոն ուժով, այստեղից-այնտեղից ինչ-որ ծրագրեր կարճ, էպիզոդիկ իրականացնելով՝ ընդհանուր առմամբ, դա փորձում ենք ներկայացնել որպես տնտեսական աճ կամ տնտեսության զարգացում։ Բնականաբար, խոստումներ են լինելու, նոր «նկարած» ծրագրեր, որոնք copy-past սկզբունքով այլ տեղերից, այլ երկրներից պետք է ընդօրինակեն։ Բայց որեւէ մեկը քաղաքական դաշտում այսօր հստակ պատկերացում չունի, թե ինչից է բաղկացած Հայաստանի տնտեսությունը։ Չմոռանանք, որ անցած տարիների ընթացքում մենք կորցրել ենք ազգային հարստության մի զգալի մասը, որն Արցախի Հանրապետությունն էր նաեւ իր մեջ ներառում, ե՛ւ հանքերը, ե՛ւ հացահատիկը, ե՛ւ էներգետիկ ռեսուրսները, ե՛ւ բազմաթիվ այլ բաներ, որից Հայաստանի Հանրապետությունը զրկվել է։ Մենք ունենք որակապես նոր իրավիճակ, ունենք տարածաշրջանային նոր զարգացումներ, եւ դրանք հաշվի չառնելը, բնականաբար, չի կարող ժողովրդին շոշափելի արդյունքներ բերել։