Քաղաքականություն

Հին աշխարհը փլուզվում է, պետք է մասնակցել նորի կառուցմանը

Հին աշխարհը փլուզվում է, պետք է մասնակցել նորի կառուցմանը

Մարդիկ մտածում են կամ, ավելի ճիշտ՝ մարդկանց հեշտ է կառավարել գաղափարական կաղապարներով` կլիշեներով, հանրային մտածողության մեջ ներդնելով այնպիսի մտքեր, գաղափարական կաղապարներ, որոնք առաջին հայացքից թվում են միանգամայն ճշմարիտ եւ ճշգրիտ եւ այդ պատճառով ընկալվում են հասարակության կողմից: Վերջին 30-35 տարում Հայաստանում գերիշխող գաղափարախոսությունը հետեւյալն էր. կա զարգացած` տեխնոլոգիապես եւ արժեքային իմաստով Արեւմուտք, արեւմտյան քաղաքակրթություն, որտեղ կա ե՛ւ անվտանգություն, ե՛ւ բարեկեցություն, ե՛ւ զարգացում: Արեւմուտքն ԱՄՆ-ն է, ԵՄ-ն, նաեւ՝ Կանադան ու Ճապոնիան, մի խոսքով՝ Մեծ յոթնյակը, որոնք աշխարհի ամենազարգացած եւ ամենաուժեղ երկրներն են, որոնք հավաքվում եւ որոշում են, թե ինչպես պետք է ապրեն ուրիշները, մնացածը, այսպես կոչված, բանվոր դասակարգն է՝ ենթակաները, որոնք սպասում են, թե ինչ կորոշեն տերերը, եւ ապրում են տերերի որոշած խաղի կանոններով:  

Արեւմուտքում կա ժողովրդավարություն` սոցիալական պաշտպանություն, մարդու իրավունքներ, ազատ խոսք, բարեկեցիկ կյանք, լավագույն մեքենաներն արտադրվում են այնտեղ, լավագույն հեռախոսները, կենցաղային տեխնիկան, ընդհանրապես՝ ամեն ինչի լավագույնը հենց այնտեղ է, Արեւմուտքի եւ նրա քաղաքացիների համար: Մենք պետք է ձգտենք առանձնանալ տնտեսապես, տեխնոլոգիապես եւ ռազմական իմաստով հետամնաց եւ իր կյանքի վերջին օրերն ապրող Ռուսաստանից, դառնանք արեւմտյան աշխարհի մաս, ինչը մեզ համար եւս կապահովի բարեկեցություն, անվտանգություն, ժողովրդավարություն եւ զարգացում: Պետք է անդամակցել ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին, եւ այդ դեպքում կյանքը կդառնա շոկոլադ:

Կար գիտակցում, որ մենք դանդաղ, բայց հետեւողական գնում ենք հենց այդ ճանապարհով, ու թեեւ կան որոշ խոչընդոտներ, դրանք, միեւնույն է՝ հաղթահարելի են, մենք կամաց մոտենում ենք դրախտի դռներին, որոնք ուր որ է՝ կբացվեն: Սկզբում մենք շատ ոգեւորվեցինք, կամ մեզ ոգեւորեցին, երբ Հայաստանը դարձավ ԵԽԽՎ անդամ, Հայաստանի պատգամավորները մասնակցում էին ԵԽԽՎ նիստերին, որտեղ քննարկվում էին Հայաստանի հետ կապված հարցեր, երբ Հայաստանին ինչ-որ բան էին հանձնարարում, հետեւում էին, որ նա վատ սովորող աշակերտի նման դասը գոնե երեքի սովորի, որ փոխադրվի հաջորդ դասարան, օրինակ էին բերում ավելի հաջողակ աշակերտներին` Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, հետեւում էին Հայաստանի ընտրություններին` քննադատում էին բացթողումները եւ շոյում գլուխը` միշտ որոշակի առաջընթաց արձանագրում: Հետո Հայաստանը մի քայլ էլ առաջ գնաց՝ սկսեց բանակցել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու համար, հետո ինչ-որ փաստաթուղթ ստորագրվեց:

Հիմա արդեն պայքարում ենք ԵՄ անդամության թեկնածու գրանցվելու եւ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացված ռեժիմ ունենալու համար: Ու ոչ մեկի մոտ կամ գոնե հանրային կյանքում, հանրային տրամադրություններում չկա այն  գիտակցությունը, որ մենք ապրում ենք անցյալում, անցյալի ճշմարտություններով, որոնք ներկայում չեն գործում: Արեւմուտքի տեխնոլոգիական գերազանցության դարաշրջանն ավարտվում է, դրա հետ՝ նաեւ տնտեսական եւ ռազմական գերիշխանությունը:
Չինաստանում տեղի ունեցած ռազմական շքերթը ցույց տվեց, որ աշխարհում ուժի եւ տեխնոլոգիական գերիշխանության մոնոպոլիան վերացել է: Մինչ այդ շքերթն էլ պարզ էր, որ Չինաստանը տնտեսական հզոր տերություն է, որ աշխարհի բազմաթիվ երկրների առեւտրատնտեսական թիվ մեկ գործընկերն է: Բայց մի բան է տնտեսական զարգացումը, մի բան է անվտանգությունը. դու կարող ես տնտեսապես զարգացած լինել, տարբեր երկրներ տնտեսապես կախված լինեն քո տնտեսությունից, բայց չկարողանաս ապահովել քո տնտեսական գործընկերների անվտանգությունը: Ռազմական շքերթը հենց դրա համար էր՝ ցույց տալ, որ Չինաստանն ունի բավարար ռազմական ներուժ՝ իր դաշնակիցներին պաշտպանելու ամերիկյան ոտնձգություններից:

Ի տարբերություն Ռուսաստանի, Չինաստանի մասին հնարավոր չէ ասել, որ նա տնտեսապես, տեխոլոգիապես կամ ռազմական առումով հետամնաց երկիր է, եթե ինչ-որ առումներով էլ հետ է արեւմտյան աշխարհից, ապա ինչ-որ հարցերում ավելի առաջ է, իսկ որտեղ էլ հետ է, արագորեն առաջ է շարժվում՝ լրացնելով բացը: Ռուսաստանը, Հնդկաստանը եւ բազմաթիվ այլ երկրներ հասկացել են, որ արեւմտյան, ավելի կոնկրետ՝ ամերիկյան տիրապետությունից ազատագրվելու միակ ճանապարհը Չինաստանի հետ դաշինք ստեղծելն է՝ համատեղ ուժերով դիմակայելու ամերիկյան թելադրանքին: Ամենածիծաղելին այն է, որ ամերիկյան բացահայտ վասալները Ռուսաստանին կամ Չինաստանի մյուս դաշնակից երկրներին մեղադրում են Չինաստանին հանձնվելու կամ Չինաստանի գերիշխանությունն ընդունելու մեջ: Չինաստանը խոստանում է, որ իր հետ համագործակցությունը հիմնված կլինի փոխադարձ հարգանքի, արդարության եւ փոխադարձ շահերի հարգման սկզբունքի վրա, հարաբերությունները կլինեն ոչ թե տիրոջ եւ ծառայի, ինչպիսիք այսօր են, այլ՝ գործընկերային:

Չինաստանն իր դաշնակից երկրների հետ կնքում է «ընդհանուր ճակատագրի» մասին համաձայնագրեր` փորձելով ձեւավորել «Ընդհանուր ճակատագրի համայնք», որը շատ մոտավոր նման է ԵՄ-ին:
Չինաստանին առաջին փորձությունը կամ քննությունը սպասվում է ամերիկյան մայրցամաքում եւ մոտ օրերին: Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ռազմական ճանապարհով հեռացնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, սպասում են նախագահ Թրամփի հրահանգին: Վենեսուելան աշխարհում նավթի պաշարներով ամենահարուստ երկիրն է` ավելի հարուստ, քան Սաուդյան Արաբիան կամ Ռուսաստանը: Ամերիկյան մայրցամաքում Վենեսուելան Չինաստանի հիմնական դաշնակից երկիրն է, որի տնտեսության մեջ, այդ թվում՝ նավթի եւ ոսկու արդյունահանման ոլորտում, Չինաստանը միլիարդավոր դոլարներ է ներդրել: Վենեսուելան զավթելով՝ ԱՄՆ-ն ոչ միայն կտիրանա Վենեսուելայի ընդերքի հարստություններին, դրանով ցույց կտա, որ չի կարելի վստահել Չինաստանին կամ Չինաստանի տված անվտանգության երաշխիքներին, դրանք ԱՄՆ-ի համար առոչինչ են: Եթե նույնիսկ Վենեսուելայում ԱՄՆ-ն հաջողություն գրանցի, ի վերջո, Վենեսուելան ԱՄՆ-ի կողքին է, Չինաստանից հազարավոր կիլոմետրերով հեռու, գլոբալ առումով դա ոչինչ չի նշանակում` աշխարհն այլեւս նախկինը չէ, հին աշխարհն այլեւս գոյություն չունի: Իսկ ովքեր դա չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել` փորձելով ապրել անցյալում, դրա համար շատ դաժան պատժվելու են:

Խոսքը նաեւ Հայաստանի մասին է, որի իշխանությունը շարունակում է ապրել հին աշխարհի` անցյալի ճշմարտություններով, փորձելով բարեկամանալ նախկին հզորների հետ, փոխանակ միանալու նրանց եւ մասնակիցը դառնալու նոր աշխարհի կառուցմանը, որը խոստանում են, որ կլինի ավելի արդար եւ ազատ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image