Հարցին այս տեսանկյունից մոտենանք՝ «Մեր ձեւո՞վն» է ավելի վտանգավոր, թե՞ «Նիկոլի ձեւովը»: 2018 թվականից Նիկոլի ձեւով ենք ապրում ու կառավարվում եւ քչից, շատից գիտենք, թե դա ինչ է. հիվանդություն, պատերազմ, պառակտված հասարակություն, նահանջ բոլոր ուղղություններով, կապիկություն, անպատվություն, խայտառակություն աշխարհով մեկ: Մյուս կողմում Սամվել Կարապետյանի «Մեր ձեւովն» է, որի տակ առայժմ այնքան էլ լավ չի հասկացվում, թե ինչ կա: Այսպես ասեմ՝ անսովոր է դեռ: Արդյո՞ք դա «Նիկոլի ձեւով»-ի ճիշտ հակառակն է: Եթե այո, ապա ես կուզենայի, որ երկիրն սկսեր ապրել ու կառավարվել «Մեր ձեւով», ասել է թե՝ առանց էպիդեմիաների, պատերազմների, պառակտվածության, նահանջների, կապիկության… Կուզենայի, որ այս աշխարհում ապրենք արժանապատվությամբ՝ համամարդկային արժեքները հարստացնելով մեր՝ ազգային արժեքներով: Այլապես արդեն հոգնել ենք սուտ ու կեղծիքից, երեսպաշտությունից, համատարած անգրագիտությունից… Ինչքան բթամիտ կա, առաջին պլան է եկել ու «Նիկոլի ձեւով» բռնաբարում է մեր կյանքը: «Մտքեր» ունեն՝ էլ դու սուս, տեղով՝ վառելիք, 7 տարվա աղբ: Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի մեզնից՝ Նիկոլի ախոռում կուտակված աղբը մեր ձեւով մաքրելու համար՝ մեկ տարի, երկու, հինգ, տասը: Իսկ ի՞նչ պետք է անենք Նիկոլի տվածները հետ բերելու, կորուստները վերականգնելու համար… Կբավականացնի՞, արդյոք, մեկ սերնդի կյանքը դրան: Չգիտեմ:
Նիկոլը կատաղի դիմադրում է դեռ: «Մեր ձեւով»-ին առայժմ դատում են, հետապնդում, սեւացնում: Ժողովուրդն էլ անորոշության մեջ հետեւում է այս ֆարսին, ով գիտի՝ մտքում հավատալով ՀՀ թրքահոտ իշխանությունների հորինովի վարկածներին, թե «մեր ձեւով»՝ նշանակում է հեղաշրջում, անկարգություն, գուբերնիա… Բայց ինչքան էլ դատեն, հետապնդեն ու սեւացնեն «Մեր ձեւով»-ին, մի բան հստակ է՝ ժողովուրդը մինչեւ կոկորդը կուշտ է «Նիկոլի ձեւով»-ից, եւ հեռու չէ այն օրը, որ ժողովուրդը կանգնի ու ասի՝ ով ուզում է լինի, «միայն թե Նիկոլը հետ չգա»:
Ո՞ւմ օգտին է աշխատում ժամանակը: Կարծիքներն այս հարցում կիսվում են: Մի մասը պնդում է՝ Նիկոլի, մյուս մասն ասում է՝ «Մեր ձեւով»-ի օգտին: Մի մասն ասում է, որ Նիկոլը նախընտրական ժամանակահատվածում «գազ կտա» իր անգերազանցելի ամբոխավարությանը եւ հաղթանակ կապահովի ընտրություններում: Մյուս մասը հավատացած է, որ Նիկոլից մինչեւ կոկորդը կուշտ ժողովուրդը «երեք մատի» կոմբինացիա է ցույց տալու նրան եւ նրա գլխավորած քաղաքական թիմին: Անձամբ ես հակված եմ հավատալու, որ «Նիկոլի ձեւովն» ապագա չունի, բայց իրավիճակը տակավին այնպիսին չէ, որ Նիկոլն ինքնաբերաբար պարտվի: «Մեր ձեւովը» ոչինչ չի ստանա, եթե նախընտրական լուրջ պայքար չծավալվի ընդդիմադիր դաշտում: Ավելի պարզ ասեմ՝ ժողովրդին պետք է ոտքի հանել եւ, այո, տրամադրել Նիկոլի դեմ, տրամադրել հաղթանակի: Մեր բարի ժողովուրդն այսօր արդարացված հիշաչարության պակաս ունի, եւ այդ պակասը պետք է լրացվի: Ընդհուպ իրենց խոհանոցներում մարդիկ պետք է խոսեն իշխանափոխության անհրաժեշտությունից: Նիկոլը եւ ՔՊ-ն պետք է գնան, նրանք այլեւս նախկին են: Ապագան նոր ուժինն է, նոր մտածողությանը… Իսկ սա արդեն օրենք է՝ չգրված եւ միեւնույն ժամանակ Նիկոլի ու նրա դատավորների կամքին չենթարկվող օրենք:
«Մեր ձեւովի» օգտին է աշխատում ոչ միայն ժամանակը: Կան մի շարք այլ հանգամանքներ, օրինակ՝ այն, որ նոր շարժումը քաղաքական դաշտոմ միայնակ չէ: Սա գրգռում է քաղաքական մեկուսացման մեջ հայտնված Նիկոլին: Համաշխարհային առաջնորդների հետ նկարվելն այլեւս քաղաքական դիվիդենտներ չի բերում նրան: Ավելին ասեմ՝ այն իրավիճակները, որոնցում հայտնվում է նա օտարերկրյա այցերի ժամանակ, ուղղակի փոշիացնում են նրա վարկանիշի վերջին փշրանքները: Ներսում Նիկոլից արդեն երես են թեքում նրա երբեմնի աջակիցները, որոնց հետ սիրում էր կլոր սեղանի շուրջ քննարկումներ կազմակերպել: Իսկ նոր աջակիցներ ներսում Նիկոլը, կարծես, չունի: Սա խոսում է այն մասին, որ ոչ միայն Նիկոլը, այլեւ ողջ «Նիկոլի ձեւովն» է միայնակ մնացել: Մինչդեռ ընդդիմադիր դաշտում քննարկումներ են՝ ով ում հետ, ով ինչ բլոկով, ով ինչ ցուցակով գնա ընտրությունների: Միով բանիվ՝ մեր աչքի առաջ Գյումրու ընտրությունների պատկերն է ամբողջանում: Առջեւում Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններն են, սպասումը նույնն է՝ Նիկոլը պետք է պարտվի: Հետո կլինի Վանաձորը, հետո՝ Երեւանը (արտահերթ)… Եվ այսպես, Նիկոլի ու ՔՊ-ի յուրաքանչյուր հերթական պարտություն կամրապնդի ժողովրդի հավատն իր ապագայի, իր երկիրն իր ձեւով ապրեցնելու եւ կառավարելու հանդեպ: Դե իսկ Նիկոլից անդին, փառք Աստծու, այլընտրանք՝ ինչքան ուզեք:
ՀԳ. Գիտե՞ք, թե ինչու է Նիկոլն անցել հոգեւորականների զանգվածային ձերբակալություններին: Այո, նա այլեւս ուրիշ խաղ չունի խաղալու իրեն մերժող ժողովրդի գլխին: Գիտի՝ իր վերջը մոտ է: