Հասարակություն

Ազգային անվտանգության վերջին հայեցակարգը մշակվել է 2007թ․

Ազգային անվտանգության վերջին հայեցակարգը մշակվել է 2007թ․

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ օրվա ուշագրավ լուրերից մեկը կարելի է համարել։ Հանդիպումն ուշագրավ է նաեւ այն առումով, թե ովքեր են ներկայացնում փորձագիտական հանրությունը։ Սուղ տեղեկատվությունից իմանում ենք, որ հանդիպմանը ներկա էին Աշոտ Մովսիսյանը, Արա Պապյանը, Արաքս Փաշայանը, Լեոնիդ Ներսիսյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Ջոնի Մելիքյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, Վարդան Աթոյանը։ 

Ըստ տարածված տեղեկատվության՝ ԱԽ քարտուղարը ներկայացրել է կատարված աշխատանքները, պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության,  դրան շրջանակող արժեքների ու շահերի մասին։ Տեղի է ունեցել բովանդակային քննարկում ազգային անվտանգության սպառնալիքների հայտնաբերման, դրանց համակարգային լուծումների եւ ազգային անվտանգության նոր հայեցակարգի մշակման թեմաներով։ 

Հանդիպմանը մասնակցած թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը մեզ հետ զրույցում նշում է, որ այն հետաքրքիր էր, քանի որ մասնակցում էին տարբեր վերլուծաբաններ։
«Ողջունում եմ այդ նախաձեռնությունը, քանի որ հաշվի են առնում տարբեր վերլուծաբանների կարծիքները։ Դեռ նախնական քննարկումներ են, չկա փաստաթուղթ, ուղղակի տեղի ունեցավ մտքերի փոխանակում։ Ամեն մի վերլուծաբան իր պատկերացումն ունի։ Դա ուղղակի քննարկում էր, որը շատ կարեւոր էր»,- ասաց թուրքագետը։

Մեր դիտարկմանը, որ ազգային անվտանգության հայեցակարգ մշակվել էր դեռ տարիներ առաջ, Ռուբեն Սաֆրաստյանը հիշեցրեց, որ այն 2007 թվականին էր մշակվել։ 
«12 տարի է անցել, իրադարձություններն ու իրավիճակն են աշխարհում փոխվել։ Իրավիճակը փոխվել է նաեւ տարածաշրջանում, Հայաստանում։ Այնպես որ՝ ես կարծում եմ, որ ազգային անվտանգության նոր հայեցակարգը պետք է համապատասխանի աշխարհի եւ տարածաշրջանի փոփոխված իրավիճակին»,- նշեց նա։

Քաղաքագետ Արա Պապյանը սահմանափակվեց նշելով, որ իրեն հրավիրել են, ինքն էլ գնացել ու մասնակցել է։ 
Ինչ վերաբերում է ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակմանը, ապա Արա Պապյանը նշեց, որ այն ընթացքի մեջ է։
«Շատ գործնական հանդիպում էր, կարծում եմ, որ բավականին բաց էր հրավիրող կողմը՝ լսելու առաջարկներ, եղան տարբեր տեսակետներ, հայացքների բախում։ Հանդիպումը վերաբերում էր բոլոր այն հարցերին, որոնց նկատմամբ Հայաստանն ունի շահագրգռություն՝ հստակեցնելու իր տեսակետները»,- ասաց Արա Պապյանը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ հիշեցրեց, որ հանդիպումը եղել է փակ, այդ մասին էլ հրապարակվեց հաղորդագրություն։ Իսկ խնդիրն այն է, որ Հայաստանում ազգային անվտանգության վերջին հայեցակարգը մշակվել է 2007 թվականին, որը չի համապատասխանում ներկա իրողություններին եւ դադարել է ծառայել ՀՀ-ին։ 

«Միտումն այն է, որ նոր, մշակման փուլում գտնվող նոր հայեցակարգի քննարկմանը մասնակցեն  նաեւ փորձագիտական հանրության, ոչ կառավարական  կազմակերպությունների ներկայացուցիչները, հաշվի առնվեն նրանց մոտեցումները։ Համենայնդեպս՝ խնդիրն այնպես է դրված, որ այն պետք է լինի իրական աշխատող փաստաթուղթ։ Բացի դրանից՝ այդ փաստաթուղթը պետք է ամբողջությամբ արտացոլի այն իրողությունները, որում մենք ապրում ենք, սպառնալիքների իրական գնահատականը եւ այդ սպառնալիքները հաղթահարելու իրական ճանապարհները»,-նշեց քաղաքագետը՝ հույս հայտնելով, որ դա չի լինի վերջին հանդիպումը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image