Հարցազրույց Ուկրաինայի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի փոխտնօրեն, արտաքին հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մաքսիմ Պալամարչուկի հետ։
- Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմն այս փուլում նշանավորվում է երկու երկրների մայրաքաղաքների վրա երկուստեք ինտենսիվ գրոհներով։ Ինչպիսի՞ն է այժմ դրությունը Կիեւում։
- Կիեւում իրավիճակը հիմնականում կայուն է։ Վերջին շաբաթվա ընթացքում հակառակորդը հարվածներ է հասցրել հիմնականում բալիստիկ հրթիռներով, սակայն համեմատաբար փոքր քանակությամբ։
- Ուկրաինան շարունակում է զգալ ՀՕՊ համակարգերի (օրինակ՝ Patriot-ի) համար զինամթերքի պակասը․ այդ մասին նախագահ Զելենսկին բազմիցս նշել է, նաեւ բարձրաձայնել արեւմտյան գործընկերների կողմից մատակարարումների անհապաղ անհրաժեշտությունը։ Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ, օրինակ՝ եվրոպացի գործընկերների միջոցով։
- Բալիստիկ հրթիռներից պաշտպանության ամրապնդման հարցում իրավիճակը բարդանում է եվրոպացի գործընկերների շրջանում հատկապես այս հատվածում ռեսուրսների պակասի պատճառով։ Այնուամենայնիվ, Գերմանիան օգնում է բանակցություններին եւ տեղայնացնում է ամերիկյան Petrot հակաբալիստիկ հրթիռների արտադրությունը (Ուկրաինայում եւ Եվրոպայում), մինչդեռ Ֆրանսիան լիցենզավորում է իր հակաբալիստիկ հրթիռների արտադրությունն Ուկրաինայում եւ առաջնահերթություն է տալիս համապատասխան տեղական արտադրության հրթիռների մատակարարմանը։
- Նկատելի է, որ Ուկրաինան զգալիորեն ընդլայնել է Ռուսաստանի տարածքի խորքին հարվածելու իր հնարավորությունները, հարձակումներ նավթավերամշակման գործարանների վրա եւ այլն։ Այսինքն՝ մարտավարություն, որը Զելենսկին է նախանշել՝ Ռուսաստանին ճնշելու եւ Կիեւի համար նախընտրելի դիրք ստանալու նպատակով։ Այդպե՞ս է։
- Իսկապես, Ուկրաինան մեծացրել է Ռուսաստանի վրա ճնշումը՝ ագրեսիան դադարեցնելու համար։ Ռազմական գործողությունների շարունակականությունը ռազմավարական փոփոխություններ չի բերի, այն միայն կավելացնի զոհերի թիվը եւ թույլտվությունները։ Ամեն դեպքում, Ուկրաինայի հարվածները կնվազեցնեն Ռուսաստանի ռեսուրսները՝ հակամարտությունը շարունակելու համար։