Քաղաքականություն

Լենինը, Պուտինը, ստերով գայթակղվելու վտանգը

Լենինը, Պուտինը, ստերով գայթակղվելու վտանգը

Մի երկու ամիս առաջ էր՝ Մաշտոցի պողոտայի  «Բուկինիստ» գրախանութում ուշադրությունս գրավեց շքեղ կազմով մի գիրք՝ «Афоризмы советских вождей»։ Վերնագիրը հետաքրքրեց, բացեցի պատահական մի էջ եւ կարդացի․ «Не надо обольщать себя неправдой. Это вредно.» (թարգմանաբար՝ «Ինքներդ ձեզ մի գայթակղեք ստերով։ Դա վտանգավոր է»։ 

Խելացի միտք էր, ստիպեց էջը բաց պահել։ Իհարկե, որոշ ասոցիացիա էր առաջանում Շառլ-Մորիս Թալեյրանի հայտնի ասույթի հետ․ «Դա ավելի վտանգավոր է, քան հանցանքը․ դա սխալ է», բայց, ակնհայտորեն, պլագիատ չէր։ Հետաքրքրեց, թե ով է հեղինակը։  Թերթեցի առաջ ու ետ, պարզվեց՝ աֆորիզմի հեղինակը մարդկային պատմության ամենահանցագործ ու ստախոս ֆիգուրներից մեկն է՝ Վլադիմիր Իլյիչ Ուլյանովը (Լենին): Այսպիսի դեպքերի համար է ասված, թե «Գողն ամենաբարձրն է բղավում՝ բռնեցեք գողին»։ 

Գիրքը գնեցի, հակառակ այն բանին, որ աֆորիզմների ժողովածուներ չեմ սիրում եւ չեմ գնում։ Նման ժողովածուներում հնարավորինս մեծ թվով աֆորիզմներ ներառելու մոլուցքից, շատ հաճախ կոնտեքստներից կտրված ֆրազներ են տպվում, որոնք այդպես կարող են նույնիսկ սխալ հասկացվել։ Այդուհանդերձ, այս մի ժողովածուն գնեցի, որովհետեւ տեսքով իսկապես շքեղ էր, պարզվեց՝ բովանդակությունն էլ թերթելու արժանի է, գինն էլ 10 հազար դրամից զեղչել էին 1000 դրամ։ Գնելուց հետո այլեւս ժամանակ չեղավ գիրքը բացելու, գուցե այլ հետաքրքիր ասույթներ էլ կային, բայց այդ մեկը, որ պատահաբար կարդացի․ «Не надо обольщать себя неправдой. Это вредно», այլեւս մտքիցս դուրս չի գալիս, որովհետեւ զարմացնելու չափ արդիական է։ 

Ակնհայտորեն, երկու տարի Ուկրաինայում ընթացած, այժմ արդեն Ռուսաստանի տարածքն էլ ընդգրկած պատերազմում ՌԴ նախագահն է ընտրել ստով հրապուրվելու, իրականությունից կտրվելու ճանապարհը, որքան էլ իր հոգեհայրը՝ ԽՍՀՄ հիմնադիր Վլադիմիր Լենինը, դեռ հարյուր տարի առաջ զգուշացրել է, որ դա վտանգավոր ընթացք է։
2022-ի փետրվարի 23-ին, երբ Վլադիմիր Պուտինը գիշերային իր ուղերձով հայտարարում էր Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» սկսելու մասին, ակնհայտորեն, հրապուրված էր ստերով, որոնց ցանկանում էր հավատալ (ի դեպ, այդ ուղերձի առնչությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էր հաջող սրամտել, թե ՌԴ նախագահն իր մեկժամանոց պատմական էքսկուրսում որ դարի մասին ասես, խոսեց, 21-րդ դարից բացի)։ Պուտինին երեւի թվում էր, թե Ուկրաինայի բնակչությունն էլ իր նման չի գիտակցում, թե որ դարում է ապրում, տենչում է վերադառնալ 20-րդ դար եւ ԽՍՀՄ, այնպես որ՝ բավական է ռուսական ռազմական ստորաբաժանումները սահմանը հատեն, նրանց ծաղկեփնջերով, աղուհացով ու գրկախառնություններով են դիմավորելու, ԽՍՀՄ խորհրդանիշներն են վերականգնելու, իշխանություններին եւ Արեւմուտքին երեւի ետ են մղելու՝ մինչեւ Վարշավյան պակտի սահման, մի հատ էլ երկաթե վարագույր են կախելու։ 

Պարզ է, որ իրականում ամեն ինչ հակառակ ընթացքն ունեցավ՝ ուկրաինացիները զենք վերցրին ու սկսեցին պատերազմել ռուսների դեմ, ՆԱՏՕ-ն կանգնեց Սանկտ Պետերբուրգից ընդամենը 400 կմ հեռավորության վրա, Ուկրաինան էլ անշեղ ինտեգրվում է Արեւմուտքի ռազմական, քաղաքական, տնտեսական համակարգերին։ Արդյունքում Պուտինը ոչնչի չի կարողացել հասնել, վայրագ մարդասպանությունից բացի, արդեն կես միլիոնի չափ ՌԴ քաղաքացի է սպանել կամ հաշմանդամ դարձրել՝ Ուկրաինային պատճառած  ավերածություններն ու զոհերը դեռ մի կողմ թողած։ 

Ի սկզբանե ստերով սկզբնավորված ռուս-ուկրաինական պատերազմը մի աննախադեպ շրջափուլ թեւակոխեց, եւ ստերով գաղթակղվելու Պուտինի թուլությունն էլ երկնամերձ աստիճանի հասավ, երբ ուկրաինական զորքերն անցյալ ամիս հատեցին ՌԴ սահմանը եւ սկսեցին առաջանալ Կուրսկի ու Բելգորոդի մարզերում։ Պուտինը, իհարկե, տեղում նոր սուտ հորինեց, դրան հավատաց եւ սկսեց թմբկահարել, թե ուկրաինացիների՝ ՌԴ սահմանում հայտնվելը ոչ թե ռազմական ներխուժում է, այլ՝ սադրանք։ Որ այդ սադրանքի հետեւանքով հարյուր հազարավոր ՌԴ քաղաքացիներ են ներքին տեղահանված դարձել, ըստ Պուտինի` ուշադրության արժանի չէ։ Սեփական երկիր զինված ներխուժմանը պատասխանելու անկարողությունը ՌԴ նախագահն ինչո՞վ է ջանում քողարկել՝ անհոգ ձեւանալով եւ այստեղ-այնտեղ մեկնելով՝ ասես ՌԴ ներսում ամեն ինչ կարգին է, արտառոց ոչինչ չի պատահել։ 

Այլ հարց, որ երկար անմեղսունակ ձեւանալ, իրականությունը չընդունել եւ չարձագանքել՝ ՌԴ նախագահին դժվար թե հաջողվի։ Անցյալ շաբաթ Ուկրաինայի պաշտպանության նախարարը Վաշինգտոնում էր, եւ, որքան հասկացվեց, առաքելության հիմնական նպատակը Պենտագոնին, պետքարտուղարությանը, Սպիտակ տանը համոզելն է, որ Կիեւին տրվի ամերիկյան զենքով, առաջին հերթին՝ հեռահար հրթիռային համակարգերով Ռուսաստանի խորքում թիրախներ խոցելու թույլտվություն։ Ամերիկյան կողմը դիտարկում է խնդրանքը, եւ, մեծ հավանականությամբ, մերժում չի լինի։ 
Ի վերջո, հարյուրամյակների ավանդույթը հո չի՞ կարող խախտվել։ Բոնապարտից մինչեւ Հիտլեր, ով էլ Ռուսաստանի տարածք է ներխուժել, գոնե մինչեւ Մոսկվա կամ Մոսկվայի մատույցներ առանց բարդության մի քանի ամսում հասել է։ Ուկրաինացիները ՌԴ սահմանակից մարզեր ֆիզիկապես ներխուժել են, պատերազմը շատ չբարդացնելու եւ ավարտը մոտեցնելու համար էլ  իմաստ ունի, որ Մոսկվա ու անդին էլ հասնեն հրթիռային հարվածներով։ Դա արդեն կարող է շոշափելիորեն մոտեցնել պատերազմի վերջաբանը, գուցե Վլադիմիր Պուտինի վերջաբանը՝ նույնպես։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image