«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը արդեն երրորդ անգամ է հավաքվում: Փետրվարի 13-14-ին քաղհասարակության ներկայացուցիչները Հայաստանից եւ Ադրբեջանից, նստեցին կլոր սեղանի շուրջ: Քննարկում են քաղաքական օրակարգի հարցեր՝ «2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գաղագթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացները», տարածաշրջանային անվտանգությունը, «խաղաղության օգուտները», ինչպես ասվում է տարածված հաղորդագրության մեջ, տնտեսական համագործակցության հեռանկարներ, վստահության ամրապնդում, փոխըմբռնում, եւ այլն:
19 ներկայացուցիչ է եկել Ադրբեջանից, արդեն սահմանազատված տարածքով` Կիրանցով: Մասնակիցներից 20-ը Հայաստանից են: Նրանց թվում են Արեգ Քոչինյանը, որը համակարգողն է հայկական կողմից, Բորիս Նավասարդյանը՝ «Երևանի մամուլի ակումբի» նախագահ, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նարինե Սուլթանյանը, «Հայկական խորհուրդ» ՀԿ-ից մի քանի փորձագետներ, Հ-ից մեկ օպերատոր, տիկնիկայինի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, թրքագետ Նելլի Մինասյանը, վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը, լրագրողներ, մեկնաբաններ, այլք:
Մենք փորձեցինք կապ հաստատել ադրբեջանցիների հետ քննարկումներ ունեցածների հետ: Մոտ 15 անձի զանգահարեցինք, ոչ ոք զանգերի չէր պատասխանում: Տպավորություն է, թե բոլորին հրահանգ է եղել չխոսել լրագրողների հետ: Մեր զանգին պատասխանեց միայն Ստեփան Գրիգորյանը, սակայն հրաժարվեց խոսելուց, ասելով՝ «Վաղը կպատասխանեմ»:
Բուն օրակարգը միջոցառման կազմակերպիչները չեն հրապարակել, սակայն հայտարարվում է, որ նպատակը երկխոսության խթանումն է, հասարակությունների միջեւ վստահության եւ երկխոսության հաստատումը: Բայց առայժմ այս փակ, «էլիտար» շրջանակով քննարկումը, որի բովանդակությունը փաստացի գաղտնի է պահվում հանրությունից, միայն անվստահություն է խթանում: Մանավանդ, որ բացը է մնում հարցը, թե արդյոք նման ձեւաչափերը իրական ազդեցություն ունեն թշնամանքի, դարավոր ատելության հաղթահարման համար, թ՞ե ընդամենը խորհրդանշական ժեստ են, խոսելու հարթակ, որը լավ է հնչում միջազգային գործընկերների համար, բայց ոչինչ չի փոխում: