Եթե չլիներ վարչապետի աթոռից կառչած անձի նախաձեռնած պատերազմն ընդդեմ Վեհափառի և ընդհանրապես եկեղեցու, չէի իմանա, որ 2011-ին եկեղեցին կանոնադրություն է ընդունել: Որում ամրագրված է եղել, որ մոտ ապագայում ընդունվելու է ավելի համապարփակը՝ այսպես կոչված ՀԱԵ Սահմանադրությունը: Ու դրանից անցել է 14 տարի, ու համապարփակը դեռևս չի ընդունվել: Միջանկյալ ասեմ, որ կանոնադրության առումով պետք է եղած լիներ ինչ-որ բնույթի անհամաձայնություն, և որոշում է կայացվել այդ հարցը լուծել ավելի ուշ: Իսկ ոմանց «մեծարգոն» դրանից եզրակացնում է, որ «Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը»: Նախ, «մոտ ապագայում» հասկացությունը կոնկրետ ժամկետ չի ենթադրում, ինչը նշանակում է որ ժամկետի առումով կանոնադրության խախտում չի եղել: Երկրորդ, և այդ հանգամանքը վստահաբար գիտակցող Նիկոլն արդեն ձեռքը գցում է փրփուրին, որպեսզի հերթական անգամ ինչ-որ խախտում հայտնաբերի այնտեղ, որտեղ այն չկա: Դա ձեզ չի՞ հիշեցնում մութ սենյակում կատու փնտրելու գործընթացը՝ երբ դրանում կատու ընդհանրապես չկա: Եվ երրորդ՝ հանուն միամիտ մարդկանց մանիպուլյացնելու կարելի է նաև «գտնել» գոյություն չունեցող կատվին:
Իսկ հիմա խոսենք ըստ էության: Սահմանադրություն գրելը խաղ ու պար չէ, որպեսզի այսօր փողոցի բռնի ուժով իշխանություն գրավես, իսկ մեկ տարի անց այն փորձես ներկայացնել հանրությանը: Դա պետք է գիտակցի նույնիսկ ինքը, քանի որ մեկ-երկու անգամ նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ: Իսկ այնուհետև, Բաքվից անընդհատ հնչող պահանջը կատարելու նպատակով, նախաձեռնել է ընդհանրապես նոր Սահմանադրություն մշակելու գործընթաց: Ինչ մնում է ՀԱԵ-ի Սահմանադրությունն այսօր մշակելուն, ապա չեմ կարծում, թե դա, նախ, գործող իշխանության խելքի բան է: Եվ երկրորդ՝ Ցեղասպանությունը մերժող, Սփյուռքը և հենց եկեղեցին պառակտող իշխանությունը բարոյական ոչ մի իրավունք չունի իր վրա նման պարտավորություն վերցնելու: Եվ, բացի դրանից, ՀԱԵ-ն Հայաստանի «կադաստրային թղթով» ամրագրված տարածքով պարփակված կառույց չէ, որպեսզի հեշտ ու հանգիստ կանոնադրություն գրվի նույնիսկ շատ ավելի խելացի մասնագետների կողմից: Որպեսզի պարզ լինի ասվածը, հիշեցնեմ՝ նույնիսկ Հայաստանի պես միատարր ու փոքր երկրում երկու մեծ ու բազմաթիվ փոքր սահմանադրական փոխոխություններ կատարվեցին: Այդ թվում՝ Նիկոլի օրոք կատարված անօրինականները:
Կարծում եմ, որ հենց բարդությունն է պատճառ եղել, որ 2011-ին մշակված ու ընդունված կանոնադրության մեջ տեղ է գրավել նորի և համապարփակի մշակման անհրաժեշտության վերաբերյալ գրառումը: Եթե մտովի պատկերացնենք ՀԱԵ կառուցվածքը, ապա ասվածը հասկանալի կլինի: Մայր հայրենիքից բացի ՀԱԵ առանձին «ստորաբաժանումներ» կան միմյանց թշնամի Ռուսաստանում և Եվրոպայում և այդ թվում՝ Ուկաինայում: Էլ չասած ՌԴ-ի ու ԱՄն-ի մասին: Առանձին կառույցներ կան քրիստոնեական ու մահմեդական երկրներում՝ գումարած հուդայական Իսրայելում: Կան կիսաանկախ միավորներ՝ Թուրքիայում և Իսրայելում, և մի առանցին Մայր եկեղեցի Լիբանանում: Չեմ կարծում, թե այդ ամենն ի մի բերելն ու հավաքովի տեքստ պատրաստելն այնքան հեշտ կարող էր լինել, որպեսզի Նիկոլը փորձեր հերթական բացթողումը գտնել այնտեղ, որտեղ այն առկա չէ:
Ավարտեմ հարցի վերաբերյալ վարչապետի աթոռից կառչած անձի լայվից մի հատվածով. «Սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում՝ Կտրիճ Ներսիսյանի առաջնորդությամբ, և, ըստ էության, այս ապականոնական վիճակը դիտավորյալ է ստեղծվել, որպեսզի որևէ կանոնի գոյության հստակ պատկերացում և ընկալում չլինի, և տեղի ունենա այն, ինչ տեղի է ունենում»: Իրականում, ինչպես ինքն է սկզբում ասում, գոյություն ունի ընդունված կանոնադրություն: Եվ այս ապականոնական վիճակն, իսկապես, դիտավորյալ է ստեղծվել, սակայն ոչ թե Վեհափառի, այլ հենց իր կողմից: Նախ, որպեսզի կատարվի Բաքվից ինչ-որ գրասենյակի ղեկավարի պահանջը, ու որպեսզի իրեն խանգարող ու իրենից անկախ հայաստանակենտրոն ուժը չեզոքացվի: Եվ այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում վստահաբար ոչ հստակ պատկերացման և ընկալման բացակայության պատճառով, որովհետև նման խնդիր ևս գոյություն չունի: Այլ հենց հստակ պատկերացման և ընկալման պարագայում, ու այդ աբսուրդի աղբյուրը Հայաստանի գործող՝ հակահայաստանյան իշխանությունն է: