Անցյալ օրը Ֆեյսբուքում ակտիվ քննարկումներ էին ծավալվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ 2020թ. փետրվարի 27-ի գրառման շուրջ: Իռլանդիայի դեմ ՀՀ ազգային հավաքականի տարած հաղթանակը (2:1) մղվել էր երկրորդ պլան, իսկ «սիրելի քաղաքացիներին» ուղղված Նիկոլի ձանձրալի գրառումն այն մասին, որ ներողություն է խնդրում մեյլով ստացված բոլոր նամակներին ուշացումով պատասխանելու համար, ընդհանրապես բանի տեղ չէին էլ դրել:
Եվ, ուրեմն, ինչո՞վ էր առանձնանում Ալեն Սիմոնյանի 5,5 տարվա վաղեմության գրառումը: Եթե կարճ, ապա՝ ստերի եւ սուտ խոստումների շարանով: 2020թ. փետրվարի 27-ին Ալեն Սիմոնյանը գրել է. «Այո՛, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այո՛, այլեւս երբեք հայ զինվորի համար նախատեսված որեւէ բան չի գողացվելու, այո՛, 800 հեկտարը ոչ թե ռազմավարական ինչ-որ ոչ պիտանի տարածք է, այլ՝ անվտանգություն, այո՛, մենք ունենք շատ ավելի լավ զենքեր, քան 80-ականների զենքերն են… Այո՛… այո, այո»: 2 298 հավանում, 16 մեկնաբանություն, 141 հրապարակում: Որպեսզի լավ պատկերացնենք այս գրառման մեջ ստի ու կեղծիքի իրական չափերը, փորձենք այն վերաշարադրել 2025թ. սեպտեմբերի կտրվածքով: Եվ այսպես․ «Այո՛, Արցախը երբեք չի լինելու Հայաստանի կազմում, այո՛, այլեւս երբեք հայ զինվորի համար նախատեսված որեւէ բան չի գողացվելու, որովհետեւ հայ զինվորի համար նախատեսված ոչինչ չի լինելու, ոչ միայն 800 հեկտարն էր ռազմավարական ինչ-որ ոչ պիտանի տարածք, այլեւ՝ Քարվաճառը, Լաչինը, Տավուշի գյուղերը, Ջերմուկի բարձունքները, Գորիս-Կապան ճանապարհը, Քյարքին (Տիգրանաշենը), Սեւ լիճը, «Զանգեզուրի միջանցքը», այո՛, մենք չունենք շատ ավելի լավ զենքեր, քան 80-ականների զենքերն են, որովհետեւ մեզ ոչ ոք զենք չի տալիս (ո՛չ փողով, ո՛չ ձրի)… Այո… այո, այո»:
Հետաքրքիր է, քանի՞ հավանում կունենա ՖԲ-ում Ալեն Սիմոնյանի գրառման այս խմբագրված տարբերակը: Կարծում եմ՝ 100-ը չի անցնի, որովհետեւ 2020թ. փետրվարին դեռ 44-օրյա պատերազմ չկար, Աղդամի նռներով՝ Ալենի ու Սուրոյի (Պապիկյան) նկարները տարածված էին աշխարհով մեկ, իսկ ՔՊ-ին հավատացող ոչխարների թիվն էլ անհամեմատ մեծ էր:
Իմ խնդիրը, սակայն, Ալեն Սիմոնյանի գրառման շուրջ նոր հավանումներ հավաքելը չէ: Իմ մեջ մի անսպասելի հարց է ծագել… Նիկոլ Փաշինյանը երբ հայտարարեց՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ես եմ, արդյոք նկատի չունե՞ր նաեւ ՀՀ Ազգային ժողովն ու ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին: Ալեն Սիմոնյանի 2020թ․ փետրվարյան գրառումը, օրինակ, ամբողջությամբ վերցված է Նիկոլի ստերի բոստանից: Կարող եք համեմատել․ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» եւ «Այո՛, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Մնացած կետերը նույնությամբ կրկնում են տարբեր առիթներով Նիկոլի արած անկապ հայտարարությունները: Մի երկու կիլոգրամ ելակ էին տվել բանակին, դարձրին Հոռոմի էն իքը… Թե բա՝ հայ զինվորի ելակը նախկիններն էին տարել: Զենքերի մասով՝ նույնը: Ոչ մի նոր զենք չբերեցին, անգամ՝ փամփուշտ, բայց Նիկոլն ու Ալենն ամեն օր 80-ականների զենքերն էին փնովում:
Ալեն Սիմոնյանը Նիկոլին «քոփի-փեյսթ» անելը չթարկեց նաեւ այս տարվա օգոստոսի 8-ից հետո: Ավելին, Ալենը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «հաստատված» խաղաղության մասին Նիկոլի բարբաջանքը թութակեց կառավարության անդամներից եւ նույնիսկ Արարատ Միրզոյանից առաջ: Բայց սա ի՞նչ հիվանդություն է, չեմ հասկանում, ամեն ինչ անել՝ Նիկոլից չտարբերվելու համար: «Զանգեզուրի միջանցքի» հարցում բոլորը համոզված են, որ դա «Թրամփի ուղի է», որ Թրամփն իր եկամուտներից Հայաստանին փող է տալու… Հարցնում ես՝ համոզվա՞ծ եք, հղում են կատարում Նիկոլին՝ Նիկոլն ա ասել: Արա, Նիկոլը շատ բան է ասել… Ինչ ասել՝ սուտ է դուրս եկել, դուք ինչո՞ւ եք կրկնում նրա ասածները, սեփական ուղեղ չունե՞ք, որ մի հատ վերլուծեք, հասկանաք, պե՞տք է՝ Նիկոլին ուղղեք:
Ալեն Սիմոնյան, դու ինչո՞ւ ես աշխատավարձ ստանում, կարո՞ղ ես բացատրել… Անվտանգության ուժեր դահլիճ հրավիրելու եւ պատգամավորների խոսափողներն անջատելո՞ւ: Է, դա մեր հարեւան Շմավոնն էլ կարող է անել… Մի հատ էլ գնացել՝ նախագահությունում նստել ես, տեսնողը կասի՝ նախագահ է (հեռը քեզնից) … Վստահ եմ, հենց այս պահին սպասում ես Նիկոլի հրահանգին, որ իմանաս՝ ինչ անել ՔՊ խմբակցության սանձարձակ քարտուղարի հետ: Արսեն Թորոսյանը քո հիմնարկի բարձր ամբիոնից հայհոյանքներ հնչեցրեց՝ Նիկոլը նրան նախարարի աթոռ տվեց: Հիմա էլ ոտդ կախ ես գցել, որ տեսնես պղծաբերան Արթուր Հովհաննիսյանի՞ն ինչ է անում: Բա եթե ԱԺ նախագահ ես եւ Նիկոլ չես, ինչո՞ւ ինքնուրույն որեւէ բան չես ձեռնարկում:
ՀԳ. Է՜, բալամ, կախվածի տանը թոկից չեն խոսի, Նիկոլի Հայաստանում՝ ՔՊ-ից: