Հարցազրույց

«Հրապարակ». Ովքեր նրան ձայն են տվել, քարտեզը ցույց տվեք եւ այդ հարցերը տվեք

«Հրապարակ». Ովքեր նրան ձայն են տվել, քարտեզը ցույց տվեք եւ այդ հարցերը տվեք

Հարցազրույց քաղաքագետ Արթուր Խաչիկյանի հետ

- Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն Նիկոլ Փաշինյանին պարգեւատրեց Ղազախստանի պետական բարձրագույն պարգեւով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով: Ըստ Ձեզ, սա Տոկաեւի՞ նախաձեռնությունն է, թե՞ Ալիեւի։

- Բոլորը հասկանում են, որ սա Ալիեւի, Էրդողանի եւ թուրք աշխարհի պարգեւն է ազգային դավաճանին: Այս մարդը եւ իր խումբը մեր պատմության մեջ դարերով մնալու են որպես ամենախայտառակ եւ ամոթալի պետական դավաճանների խումբ: Եվ նա մեր հայրենիքը ծախելու համար չի ամաչում, երես ունի գնալ եւ պարգեւատրվել․ Արցախը հանձնելու համար, Մեղրին հանձնելու համար, 5 հազար տղա սպանելու համար գնում է՝ մեդալ է ստանում: Գիտեք, ես չգիտեմ, թե որն է ավելի խայտառակ՝ իր արա՞ծը, թե՞ որ մեր հասարակությունը սա հանդուրժում է:

- Ղազախստան ոչ թե ԵԱՏՄ-ի շրջանակներում է այցելել, այլ առանց որեւէ օրակարգի` մեդալ ստանալու: Մեդալը հանձնել են, հավանաբար, թյուրքական պետությունների շահերը պաշտպանելու անգնահատելի ջանքերի համար: Այս կոնցեպտը մեզ ինչ-որ բան հուշո՞ւմ է՝ Հայաստանի հետագա արտաքին քաղաքական կուրսի առումով:

- Նա հանձնեց մեր միակ կարեւոր քարտը՝ դա Մեղրիի միջանցքն էր: Նա ստեց, իր խումբը ստեց, դրա համար հարձակվեցին վրաս, որովհետեւ ես միանգամից ցույց տվեցի, որ սա ԹՐԻՓ չի՝ սա միջանցք է: Նրանք հանձնեցին մեր ամենակարեւոր խաղաքարտը՝ ոչ մի բան չստանալով եւ խաբելով մեր ժողովրդին: Մեր շուրջը հիմա սեղմվելու է այդ օղակը, այդ պարանը հիմա մեր վզին է, եւ հիմա այդ պարանը քաշելով՝ մեզ խեղդելու են: Հիմա, երբ Տիգրանաշենը հանձնի, Սյունիքն ընկնելու է տոտալ շրջափակման մեջ:

- Քարտեզին նայողները դա հասկանո՞ւմ են:

- Դուք պիտի հորդորեք լրատվամիջոցների Ձեր բոլոր գործընկերներին՝ գնալ Վաղարշապատ եւ այդ քարտեզը մարդկանց ցույց տալ: Չնայած վաղարշապատցիները չեն ընտրել սրանց՝ նրանք մեղավոր չեն: Այն մարդիկ, ովքեր նրան ձայն են տվել, այդ քարտեզը նրանց ցույց տվեք եւ իրենցից հարցրեք՝ դա է կարեւորը:

- Իսկ ԱՄՆ դիվանագիտական շրջանակներն ինչպե՞ս են ընկալում այդ ճանապարհը՝ TRIPP, թե՞ «Զանգեզուրի միջանցք»:

- Նրանց տեղը խոսում է նրանց դեսպանը Թուրքիայում, խոսում է Ալիեւը, խոսում է Էրդողանը: Ալիեւը շատ լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, Թրամփի հետ, եւ նրանք սա կոչում են «Զանգեզուրի միջանցք»: Այդ անունը` TRIPP, տրվել է այս դավաճանների խմբին, որ կարողանան շարունակել մեզ խաբել․ սա ուղղակի խաբեություն է, եթե մեր տարածքում չեն լինելու մեր ներկայացուցիչները, չեն լինելու սահմանների վերահսկողություն եւ մաքսատուն, սա արդեն մեր տարածքը չէ: Իսկ անունն ինչ ուզում եք, կարող եք դնել՝ կարող եք անվանել roller coaster կամ Լունա պարկ՝ դա բնույթը չի փոխում:

- Իսկ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կարո՞ղ է խառնել քարտերը, թե՞ Թրամփը Պուտինի հետ արդեն կարող է որոշակի համաձայնության եկած լինել:

- Հնարավոր է, որ համաձայնություններ լինեն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ, ես դրա մասին ամիսներով խոսում էի՝ արդեն մեկ տարի ասում եմ, որ շատ հնարավոր է, որ մեր մեջքի հետեւում պայմանավորվածություն կա: Եթե մենք ունենայինք նորմալ ղեկավարություն, ոչ թե, կներեք, կիսախելագար լակոտների խումբ, մենք հիմա ոչ թե այստեղ կենթադրեինք, թե ինչ է եղել, այլ կունենայինք աղբյուրներ Մոսկվայում, Վաշինգտոնում եւ կիմանայինք, որ մեր մեջքի հետեւում բանակցություններ են գնում, եւ կկարողանայինք դա կանխել:

- Ի՞նչ է լինելու 2026-ին, եթե Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսուրսի կիրառմամբ նորից հաղթի ընտրություններում:

- Այդ հարցը պետք է տալ Վաղարշապատի այն գյուղերում, որտեղ ասֆալտի համար սրան ընտրեցին: Մարդկանց հարցրեք․ դուք ո՞նց եք կարծում` ի՞նչ կլինի, եթե Տիգրանաշենը զիջի, Սյունիքը հարավից ու հյուսիսից կտրվում է, արեւելք-արեւմուտքից էլ կտրված է, ի՞նչ եք կարծում` ո՞նց է լինելու: Այդ մարդկանց հարցրեք, շատ ավելի կարեւոր է, թե նրանք ինչ էին մտածում, երբ այս աղանդին ձայները տվեցին:

- Իսկ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը կկարողանա՞ն ամբողջությամբ դուրս բերել ռուսական ներկայությունը Հայաստանից՝ տնտեսական կապերի խզում, ռուսական ռազմաբազայի դուրսբերում:

- Դա իրենց պատվերն է, նրանք բերվել են Անգլիայի, Միացյալ Նահանգների, Թուրքիայի կողմից հենց դրա համար: Նրանք բազան կարող են փակել, դա մեզ բացարձակ անզոր կդարձնի՝ մենք ոչ մի դիմադրություն չենք կարողանալու ցույց տալ, մենք կվերադառնանք Արեւմտյան Հայաստանի կարգավիճակին, երբ որ քրդերն ու թուրքերը հայերին մորթում էին, նրանք էլ նամակ էին գրում Փարիզ, Լոնդոն, Մոսկվա, որ իրենց օգնեն, հասնեն, փրկեն: Մենք վերադառնալու ենք այդ վիճակին՝ դա պետք է բացատրել մեր ժողովրդին: Ոչ թե Յութուբով, Ֆեյսբուքով խոսել, այլ պետք է գնալ ու գյուղերում այդ հարցերը տալ:

- Իսկ այդ աշխատանքն ո՞վ պետք է անի՝ ընդդիմությո՞ւնը:

- Իհարկե: Աղանդը շատ լավ աշխատում է գյուղերում, իրենք ունեն լավ կազմակերպված փիառ բանակ, մեկը մի նորություն է գցում, 50 հոգով սկսում են տարածել, հիստերիա են ստեղծում եւ ժողովրդի գլուխը լվանում են: Մեր ընդդիմությունը պետք է նույն ձեւով ինտեգրվի, բոլոր ընդդիմադիր լրագրողները պետք է միասին աշխատեն եւ գնան գյուղերը, մարդկանց հարց տան՝ Արցախը զիջեցին, այն օրը Տավուշի, այսպես կոչված, անկլավներն են զիջել, հետո Ջերմուկի բարձունքներն են զիջել, հիմա Մեղրիի միջանցքն են զիջել, շուտով Տիգրանաշենն են զիջելու, դուք ո՞նց եք կարծում` սա մինչեւ ո՞ւր է գնալու, Ալիեւն էլ արդեն Սեւանի մասին է խոսում: Այդ հարցը այդ մարդկանց՝ այդ քվեարկողներին պետք է տալ, որ հասկանանք, թե ինչ է կատարվում նրանց գիտակցության մեջ:

- Վազգեն Սարգսյանը Մեղրիի մասով մի հայտնի արտահայտություն ունի․ 1999 թվականի օգոստոսին՝ Սյունիք այցելության ժամանակ ասել է․ «Մեղրին մի օր պայթելու է Երեւանի հենց կենտրոնում»: Այսինքն, կանխորոշե՞լ է այս վիճակը:

- Երեւի դա նկատի ուներ, բայց նա դա երբեք չէր կարող պատկերացնել, երբեք, որ կգա մի խումբ, որն այսպես կդավաճանի մեր ժողովրդին, այսպես կխեղճացնի Հայաստանը, եւ մեր ընտրողները, փաստորեն, երրորդ անգամ այս խմբին կընտրեն: Նա երբեք չէր պատկերացնի, ես էլ: Իհարկե, ես Վազգեն Սարգսյան չեմ, իմ ամենավատ երազում չէի պատկերացնի, որ այսպիսի բան կլինի Հայաստանի հետ:
- Հատկապես որ Վազգեն Սարգսյանի հարազատ եղբայրը Ձեր նշած խմբի հետ ամենասերտ ձեւով համագործակցում է:
- Դե, այդտեղ տարբեր բառեր են օգտագործվում, բայց դա ո՛չ եթերի, ո՛չ էլ լրատվամիջոցների համար է, ցավոք սրտի:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image