TRIPP, TRIP… Թե բա՝ Վենսը Հայաստան եւ Ադրբեջան է այցելում, որ առաջ մղի TRIPP-ի նախաձեռնությունը: Կարելի է մտածել՝ Ալիեւն ու Ալիեւի հայաստանյան հանձնակատարը վատ են առաջ մղում այդ նախաձեռնությունը, ու Վենսը եկել է, որ ավելի առաջ մղի: Օրինակ՝ Երեւանին ի՞նչ է առաջարկելու Վենսը, որ Երեւանը մինչ այս պետք է աներ, բայց չի արել: Իրենից ինչ հասնում էր՝ Երեւանն արել է դեռ անցյալ տարվա օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում Ադրբեջանի հետ ստորագրելով մի փաստաթուղթ, որով Ադրբեջանին տարածք էր տալիս՝ «Զանգեզուրի միջանցք» կառուցելու: Ենթադրենք՝ Թրամփը մի քիչ ազատ ժամանակ ուներ եւ վկայի կարգավիճակով մասնակցեց այդ թղթի ստորագրմանը: Հայաստանի անելիքը, ինչ է, դրանից ավելացա՞վ: Վենսը երեւի մոռացել է, որ ստորագրումից հետո Հայաստանը պետք է նստեր եւ սպասեր իր 26 տոկոս եկամտին: Եվ, ուրեմն, էս ի՞նչ խաղեր են տալիս Վենսն ու Թրամփը: Հաստատ ուզում են այդ 26 տոկոսն էլ չտալ: Գործերը լավ չեն, հասկանում ես, Վենսը գնացել է, որ առաջ տա TRIPP-ը:
Խնդիրը միանգամայն այլ բովանդակություն է ստանում, սակայն, Վենս-Ալիեւ քննարկումների համատեքստում: Ադրբեջանը լրջագույն քաշելիք ունի, փող պիտի դնի, ճանապարհ պետք է կառուցի, ամերիկյան ընկերության համար կոմֆորտ ստեղծի «Զանգեզուրի միջանցքում»: Այդ ամենի դիմաց Ադրբեջանն ամերիկյան ընկերությունից պահանջում է ընդամենը անխոչընդոտ բեռնափոխադրումներ, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, մտահոգում է Թրամփ-Վենս զույգին: Ամբողջ աշխարհի հայացքն այսօր ուղղված է այդ զույգին, ու հանկարծ կարող է պարզվել, որ զույգն ուզում էր լավ բան անել, բայց ստացվեց այն, ինչ ստացվեց: Այսինքն՝ միջանցք, որ իրավաբանորեն վերահսկում է ԱՄՆ-ն, բայց այնպես, ինչպես դա թույլ է տալիս Ադրբեջանը: Իսկ Ադրբեջանն ասում է՝ իմ բեռների մեջ քիթդ չպետք է մտցնես:
Կարող է հարց առաջանալ՝ այդ դեպքում ո՞րն է ԱՄՆ-ի անելիքն այս գործում, եթե նույնիսկ բեռները չի ստուգելու եւ անհրաժեշտության դեպքում՝ բռնագրավելու: Կարող են, չէ՞, այդ բեռների մեջ լինել զանգվածային ոչնչացման զենք, թմրանյութ, կարող են, չէ՞, այդ անխոչընդոտ ճանապարհով ահաբեկչական խմբավորումներ գնալ ու գալ: Հետո էլ մի սկանդալ պայթի, ու արի, Թրամփ, պատասխան տուր: Ո՞ւր է երաշխիքը, որ Ադրբեջանի շնորհիվ TRIPP-ը չի դառնա Մադուրոյի «բիզնեսի» մի մասը, կամուրջ չի դառնա արեւմտյան եւ արեւելյան կիսագնդերի միջեւ եւ չի ապահովի թմրանյութի անխոչընդոտ մատակարարումը մինչեւ Չինաստան եւ Թաիլանդ: Վենսը, ինչ է, եկել է, որ առաջ մղի այս «տնտեսական» ծրագի՞րը: Այդ դեպքում հարցս կրկնեմ՝ իսկ ինչո՞ւ է Վենսն իր այցին տվել այսպիսի անհեթեթ ձեւաչափ․ նախ՝ Երեւան, հետո՝ Բաքու, եթե հայտնի է, որ Երեւանն իր 26 տոկոսի տերն է միայն: Գուցե Վենսը հավես ուներ հայաստանյան քաղբանտարկյալների եւ Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարազատների նամակնե՞րը կարդալու… Մարդը եկել է TRIPP-ն առաջ տալու, մինչդեռ այստեղ դեռ խաղաղություն էլ չկա… Ռազմագերիներ, օկուպացված տարածքներ, Իրանի շուրջ ամերիկյան ռազմածովային ուժերի կուտակում, պատերազմից 5 պակաս մի ամբողջ տարածաշրջան…
Ի՞նչ անի Վենսը, երբ Ալիեւն ու Ալիեւի հայաստանյան հանձնակատարը ԱՄՆ-ին վկայի կարգավիճակով ներքաշել են մի արկածախնդրության մեջ, որ կարելի է բնորոշել որպես լոկալ «խաղաղություն»՝ հանուն մեծ պատերազմի:
Եվ, այնուամենայնիվ, Վենսի այցը Հայաստան հիրավի նշանակալի իրադարձություն է մեր այս իշխանությունների կյանքում: Ի վերջո, մեր իշխանություններն էլ որոշակի պահանջներ եւ ցանկություններ ունեն, որոնց մասին, էլ ե՞րբ, եթե ոչ հիմա կարելի է պարզ խոսել Վենսի հետ… Պարոն Վենս, երբ վերադառնաք Վաշինգտոն, մեծարգո նախագահ Թրամփին տեղեկացրեք, որ ընտրություններից առաջ մեր վիճակը լավ չէ: Նախկիններն ուզում են մեզ ուտել, բլոկներ են կազմում, Եկեղեցին են ոտքի հանում… Թրամփին ասեք, որ էն «հրաշալի տղան» հազիվ է իրավիճակը պահում իր վերահսկողության տակ… Մոսկվային ընդդիմանալը դառնում է ավելի դժվար, Ալենին չեն հավատում, TRIPP-ն ու խաղաղությունը չեն օգնում արդեն, մի բան արեք՝ վերարտադրվենք… Եվ, իհարկե, մի քիչ էլ՝ փող…
ՀԳ. Ժամանակին ԱՄՆ-ն պատրաստ էր 30 միլիարդի ներդրումներ անել Հայաստանում, այսինքն, այդ գումարի դիմաց Հայաստանի անկախությունը փաթեթով վերցնել: Իզուր էլ չհամաձայնեցինք… Ի՞նչ իմանայինք, որ գալու է մեկն ու այդ «գործարքը» գլուխ է բերելու 5-8 միլիարդի սահմաններում, այն էլ ոչ թե ԱՄՆ-ի, այլ՝ Ադրբեջանի հետ: