Քաղաքականություն

Նման խոսքեր ասող մարդը մեն-մենակ մեկնում է Թուրքիա` համաձայնագիր կնքելու

Նման խոսքեր ասող մարդը մեն-մենակ մեկնում է Թուրքիա` համաձայնագիր կնքելու

Օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով մեկնելու է Անկարա։ Ըստ էության, նա հաստատեց ավելի վաղ՝ այդ այցի մասին մամուլում շրջանառվող լուրերը։ Եվ սա առաջին դեպքը չէ, որ պաշտոնական այցերը գաղտնի են պահվում, լրագրողների հարցերին չեն պատասխանում, եւ միայն դրսի մամուլում գրվելուց հետո է այդ տեղեկատվությունը հասանելի դառնում մեր հանրությանը:

Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ հենց այդ օրերին Անկարա է մեկնում նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Կարելի է հենց սկզբից արձանագրել, որ Փաշինյանի այցը Թուրքիա բավականին լավ նախապատրաստված է` երկար ու ծածուկ բանակցություններ են տարվել, որոնք մինչեւ վերջերս գաղտնի են պահվել։ Բայց վերջին օրերին այս աննախադեպ այցը «հասցրել է» բավականին քննարկվել մամուլում, բլոգոլորտում եւ քաղաքական վերլուծաբանների կողմից։ Այցը կմեկնարկի այսօր։ Էրդողանի եւ Փաշինյանի հանդիպումը կայանալու է Անկարայում։
Ալեն Սիմոնյանն այդ այցն անվանել է «պատմական», չնայած մեկ տարի էլ չի անցել նախորդ «աննախադեպ» հանդիպումից, երբ 2024 թ. սեպտեմբերի 25-ին Էրդողանն ու Փաշինյանը հանդիպեցին Նյու Յորքում, եւ այն պատմական լուսանկարն արվեց` Էրդողանի գիրքը կրծքին սեղմած` լայն ժպտալով։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, Թուրքիայում Հայաստանը դեսպանություն չունի, եւ այս այցի կազմակերպմամբ հիմնականում զբաղվում է ՀՀ ԱԳՆ-ն` Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի գրասենյակի կողմից, որի ղեկավարը Սերժ Սարգսյանի նախկին ռեֆերենտ Նաիրի Պետրոսյանն է: Երեկ նաեւ հստակեցվեց՝ այցն աշխատանքային է եւ բոլոր հնարավոր հարցերի մասին խոսվելու է։

Թե ինչ հաջողություն կունենա այցը, դժվար է ասել։ «Հրապարակը» գրել էր՝ հնարավոր է, որ Անկարայում՝ Թուրքիայի «քավորությամբ», Երեւանն ու Բաքուն ինչ-որ փաստաթուղթ կամ համաձայնություն ստորագրեն։ Ամենայն հավանականությամբ, կխոսվի նաեւ հայ-թուրքական սահմանի բացման մասին, որի շուրջ այս իշխանությունը խոսում է արդեն շուրջ 4-5 տարի, բայց տեղաշարժ չկա։ Ամեն դեպքում, APRI Armenia ֆորումի ժամանակ Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանի ակնարկից կարելի է դա հասկանալ։ «Մենք աշխատում ենք, որպեսզի հարաբերությունները կարգավորվեն, սահմանները բացվեն։ Դա իդեալական տարբերակը չէ, որին կուզենայինք հասնել, սակայն առաջընթաց տեսնում ենք»,- ասել էր Գրիգորյանը։ Սակայն դժվար է ասել` եթե պայմանավորվածություն ձեռք բերվի սահմանի բացման մասին, ապա ինչ կլինի դրա «գինը», կամ, առհասարակ, ինչ կլինի դրանից հետո։ Ամեն դեպքում՝ Արմեն Գրիգորյանի խոսքի տրամաբանությամբ եթե նայենք՝ այն իդեալական ձեռքբերում չի լինի, սակայն ինչ-որ բանի Հայաստանի իշխանությունները կարծես թե հույս ունեն։ Այլ հարց է, թե դա ինչպես կփաթեթավորվի եւ ինչպես կներկայացվի ներքին լսարանին՝ իշխանական քարոզչամեքենայի կողմից։

Օրինակ, ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը բավականին հոռետեսորեն է մոտենում հայ-թուրքական կարգավորմանը։ Նա նկատում է․ «Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մասին առաջին տարին չէ, որ խոսում են, սակայն խոսակցությունների եւ քննարկումների քանակը դեռ որակ չի դարձել։ Ու դժվար թե հունիսի 20-ին այնպիսի տեղեկատվություն ստանանք, որը դառնա «Փաշինյանի եւ Էրդողանի համար Նոբելյան մրցանակ ստանալու համար նախաբան»։ Եվ դժվար թե երկու օրվա ընթացքում Անկարայի դիրքորոշման մեջ արմատական փոփոխություն լինի։ «Առայժմ թուրքական կողմը պնդում է իր նախապայմանը՝ «նորմալացումը» կարագանա, եթե հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում արմատական դրական տեղաշարժ լինի, այսինքն՝ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը»,- գրում է Մարկեդոնովը՝ լավատեսորեն ամփոփելով, որ երկու ղեկավարների շփումները միշտ հետաքրքիր են՝ երկկողմ հարաբերությունների վերափոխման համատեքստում։

Մեր կողմից արձանագրենք, որ արդեն Տիրանայում տեսել ենք մեր երկրի ղեկավարի նվաստացած վիճակը, երբ մեր երկու թշնամի պետությունների ղեկավարները, մեղմ ասած, քամահրանքով էին նրան վերաբերվում: Հիմա, երբ հանդիպումն այդ թշնամական երկրներից մեկում է, այսինքն` իրենց դաշտում, որտեղ նրանք տանդեմով են հանդես գալիս, իսկ մեր «Գիքորը»՝ մենակ, անգամ սարսափում ենք պատկերացնել, թե դա ինչ անհավասար հանդիպում է լինելու, ինչքան են նվաստացնելու Հայաստանի ղեկավարին եւ ինչեր կարող են պարտադրել առանց միջնորդների, առանց գործընկերոջ ու դաշնակցի մնացած Փաշինյանին, որը երեկ հայտարարեց, որ ինքը Հայաստանի Հանրապետության լիարժեք վարչապետ է դարձել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում եւ ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Մինչ այդ մենք ֆորպոստ ենք եղել, իսկ հիմա ինքը համոզված է․ «Այսօր մենք՝ որպես պետություն, ավելի անկախ ենք, քան երբեւէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբեւէ, ավելի պետություն ենք, քան երբեւէ»: Եվ նման բառեր ասող մարդը մեն-մենակ մեկնում է Թուրքիա` Ալիեւի հետ համաձայնագիր կնքելու:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image