Քաղաքականություն

«Հրապարակ». Պատգամավորներին զանգելու են եւ ուղիղ եթերում այդ հարցը տան

«Հրապարակ». Պատգամավորներին զանգելու են եւ ուղիղ եթերում այդ հարցը տան

Ակտիվ քաղաքական-հասարակական շրջանակների կողմից վերջին օրերին քաղաքական օրակարգ է բերվել վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալու հարցը։ Դրոշակակիրները հասարակական գործիչ Նարեկ Մալյանն ու նրա գաղափարակից ընկերներն են, որոնք պարբերաբար հավաք-քննարկումներ են անցկացնում, հրապարակային ելույթներ ու կոչեր հնչեցնում` ուղղված խորհրդարանական ընդդիմությանը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին։  

Այս ակտիվի մեջ է նաեւ Էդգար Ղազարյանը, որը վերջին օրերին այս թեմայով մի քանի լայվ է արել՝ փորձելով հիմնավորել, որ նման գործընթացի համար ամենեւին էլ պարտադիր նախապայման չէ փողոցային պայքարը։ ««Փողոցային պայքար»+«Անվստահության գործընթաց»․ այս երկուսը միասին են այդ հարցը լուծում։ Եթե անվստահություն չկա, հանրահավաքներն անմտություն են։ Հանրահավաքները ժողովրդին չեն հետաքրքրում, ես էլ եմ հանրահավաք անում` իմ ելույթներն էլ են իմ համար անհետաքրքիր»,- ինքնաքննադատաբար ասում է Էդգար Ղազարյանը: «Վարչապետի թեկնածու է պետք եւ առնվազն 36 պատգամավորի ստորագրություն՝ անվստահության որոշման տակ»,- գործընթացի իրավական մեխանիզմն է ներկայացրել Ղազարյանը, նաեւ՝ թե ինչպես ընտրել վարչապետի թեկնածու, որն օրենքով պարտադիր է, քանի որ անվտահության նախագծում պետք է նշել վարչապետի թեկնածուի անունը։

«Ընդդիմադիր պատգամավորները կարող են ամեն մեկը մեկ վարչապետի թեկնածու առաջադրել՝ 10 հոգու, եւ թեկուզ 34 ընդդիմադիր պատգամավորների մեջ որոշվում է, թե 10 վարչապետի թեկնածուներից ով է ամենաշատ ձայնը ստացել, նրա անունով դուրս են գալիս ԱԺ-ի դիմաց հավաքված ժողովրդի հետ խոսելու եւ գնում ՔՊ-ի պատգամավորների հետ աշխատելու՝ ուղիղ եթերով, որ ժողովուրդը տեսնի, թե ով է միանում ստորագրությանը, ով` չի միանում»։

Ղազարյանի կարծիքով՝ ընդդիմադիր պատգամավորները պետք է փորձեն, եթե չստացվի, միեւնույն է՝ Նիկոլ Փաշինյանը մնալու է վարչապետ, ոչինչ չեն կորցնում։ Հակառակ դեպքում կարելի է  ենթադրել, որ իրենց համար կոմֆորտ է այս վիճակը։ «Մինչեւ 2026 թվականը դեռեւս 3 հնարավորություն կա՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար։ Էս ամեն ինչը չօգտագործելը նշանակում է մեկ բան` ընդդիմադիր պատգամավորները պետք է լսեն այս տհաճ, զզվելի խոսքերը. եթե դուք անվստահություն չեք հայտնում Նիկոլ Փաշինյանին, ուրեմն դուք վստահում եք Նիկոլ Փաշինյանին, մնացած ցանկացած բացատրություն այլեւս չի լսվելու»։

Մենք տեղեկացանք, որ իմպիչ­մենթի մասին խոսակցությունները համացանցային տիրույթից դուրս են եկել եւ գործնական հարթություն են տեղափոխվել, Ղազարյանն իմպիչմենթի թեմայով սեփական նախաձեռնությամբ տարբեր հանդիպումներ է ունեցել քաղաքական մի շարք առաջնորդների հետ՝ Ռոբերտ Քոչարյանի, Բագրատ սրբազանի, Սերժ Սարգսյանի։ Անգամ վարչապետի թեկնածուների անուններ են քննարկել: Դիցուք, մեզ ասացին, որ Գրիգորի Խաչատուրովի անունն է Սրբազանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել, սակայն Խաչատուրովը մերժել է՝ ասելով, որ ինքը քաղաքական մարդ չէ։ Մեր աղբյուրները պատմել են նաեւ, որ Ղազարյանի երեք զրուցակիցներից միայն Ռոբերտ Քոչարյանը չի ողջունել իմպիչմենթի գործընթացը՝ այն համարելով անիրատեսական ծրագիր, եւ հասկացրել է, որ «Հայաստան» դաշինքում էլ այդ տեսակետն իշխում, եւ եթե ֆորսմաժորներ չլինեն, առաջիկայում միակ շանսը հերթական ընտրություններն են մնում։

Զրուցեցինք Էդգար Ղազարյանի հետ, նա չցանկացավ մանրամասներ հաղորդել իր հանդիպումներից, նաեւ՝ Քոչարյանի հետ զրույցի մանրամասները՝ հորդորելով  Քոչարյանի տեսակետի մասին Քոչարյանից հարցնել, քանի որ ինքը չունի այդ մարդկանց համաձայնությունը` նրանց հետ ունեցած զրույցների բովանդակությունը գաղտնազերծելու։ Մեր հարցերին ի պատասխան՝ նա մանեւրեց, թե Ռոբերտ Քոչարյանն իրավասություն չունի իմպիչմենթի գործընթացում, նա չի կարող նախաձեռնել նման գործընթաց․ «Ըստ Սահմանադրության՝ գործընթացը կարող են կյանքի կոչել ԱԺ պատգամավորները, յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշելու, այստեղ նրանց պատասխանատվությունը կոլեկտիվ չէ։ Ռոբերտ Քոչարյանն ԱԺ պատգամավոր չէ, ոչ էլ այդ դաշինքի ղեկավարն է, որովհետեւ դաշինքն արդեն վերացել է եւ վերածվել է պատգամավորական խմբակցության։ «Հայաստան» դաշինք, որպես այդպիսին, գոյություն չունի, այն մասնակցել է ընտրություններին եւ ձեռք բերել իրավական նոր կարգավիճակ՝ խմբակցության կարգավիճակ, որի ղեկավարը Ռոբերտ Քոչարյանը չէ։ ԱԺ որեւէ պատգամավոր, այդ թվում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, կաշկանդված չեն որեւէ մեկի կարծիքով, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի, ըստ Սահմանադրության՝ նրանք ներկայացնում են ողջ ժողովրդին եւ կայացնում իրենց խղճից եւ համոզմունքներից բխող որոշումներ»։
Ղազարյանն ասաց, որ առաջիկայում Նարեկ Մալյանը պատրաստվում է հերթով լսել բոլոր պատգամավորների կարծիքը՝ առանձին-առանձին, եւ ինքը ողջունում է այդ նախաձեռնությունը, պատրաստ է միանալ․ «Դա անելու է ոչ թե իմ պես մասնավոր զրույցներում, այլ՝ հրապարակային, ուղիղ եթերով ցուցադրելու ենք պատգամավորների կարծիքը, տեսնենք՝ նրանք սատարո՞ւմ են Նիկոլ Փաշինյանին, թե՞ պատրաստվում են անվստահություն հայտնել»։

Մենք երեկ փորձեցինք ընդդիմադիր պատգամավորներից էլ պարզել՝ կա՞ արդյոք նման գործընթաց, քննարկո՞ւմ են իմպիչմենթի հարցը, սակայն երկու դաշինքից էլ ասացին, որ նման քննարկումներ չկան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image