Քաղաքականություն

Վատիկանում, Ժնևում և Լոնդոնում ՀՀ դիվանագիտական, Լիոնում և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսական ներկայացուցչություններն էլ կֆինանսավորվեն պետբյուջեից

Վատիկանում, Ժնևում և Լոնդոնում ՀՀ դիվանագիտական, Լիոնում և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսական ներկայացուցչություններն էլ կֆինանսավորվեն պետբյուջեից

Նախկին իշխանությունների օրոք բազմիցս է արծարծվել այն հարցը, որ մի շարք երկրներում  ՀՀ դեսպաններ են նշանակվել ոչ պրոֆեսիոնալները, որոնք չունեն համապատասխան կրթություն եւ դիվանագիտական փորձ։ Այդ մարդիկ դեսպանի պաշտոնում նշանակվել են՝ ելնելով օրվա իշխանություններին ցուցաբերած իրենց հավատարմության եւ նվիրվածության աստիճանից։ Ոմանց էլ դեսպան են նշանակել, քանի որ եղել են բիզնեսի եւ ֆինանսական մեծ կարողությունների տեր։ Արտաքին գործերի նախարարության տարբեր պաշտոնյաներ այդ նշանակումները հաճախ բացատրել են այն հանգամանքով, որ մեր երկրի սուղ բյուջեն չունի հնարավորություն՝ բոլոր երկրներում դեսպանատների ծախսերը հոգալու, որոշ երկրներում այդ ծախսերը հոգում են հայկական համայնքները։ Թավշյա հեղափոխությունից հետո տեղաշարժեր եղան նաեւ դիվանագիտական կորպուսում, մի շարք երկրներից հետ կանչվեցին նախկին դեսպանները, քանի որ նոր իրողությունների պայմաններում նրանք չէին կարող ներկայացնել Հայաստանն արտերկրում։ Այլ երկրներում էլ հին դիվանագետները շարունակում են պաշտոնավարել, եւ դա բացատրվում է կադրերի սղությամբ։ Այդ առթիվ մի քանի հարց ուղղեցինք ՀՀ արտգործանախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին։ Հարցերն  ու պատասխանները ներկայացնում ենք ստորեւ։

- Որքա՞ն է կազմում արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների աշխատավարձը՝ ըստ տարբեր երկրների։

-Արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների աշխատավարձը կանոնակարգվում է «Դիվանագիտական ծառայության մասին»  ՀՀ օրենքի Հոդված 46-ի 1-ին և 2-րդ հոդվածների համաձայն։

ՀՀ կառավարության 738-Ն որոշման Հավելված N 1-ի համաձայն սահմանվում է Օտարերկրյա պետություններում գործող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը:

- Որքա՞ն է կազմում դեսպանին տրվող ամսական ընթացիկ ծախսերի համար տրվող գումարի չափը, բնակվարձի գումարը։

-Համաձայն ՀՀ կառավարության 738-Ն որոշման 2-րդ և 3-րդ կետերի՝ սահմանվում է օտարերկրյա պետություններում գործող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների ծառայության հետ կապված` 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 1-ը ծախսերի ամսական փոխհատուցման չափը` համաձայն N 2 հավելվածի, իսկ 2015 թվականի հունվարի 1-ից ծախսերի ամսական փոխհատուցման չափը` համաձայն N 3 հավելվածի:

- Տարիներ շարունակ  արտերկրում գործող դեսպանատները  ֆինանսավորվել են հայկական համայնքների միջոցով։  Հիմա՞  էլ են  դեսպանատները ֆինանսավորվում  համայնքների միջոցով։ Եթե այո, ապա ո՞ր երկրներում։

-Հայտնում ենք, որ «Դիվանագիտական ծառայության մասին»  ՀՀ օրենքի Հոդված 51-ի համաձայն՝

1. Դիվանագիտական ծառայության մարմինները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

2. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները պետական բյուջեի միջոցներից բացի, կարող են ֆինանսավորվել նաև այլ աղբյուրներից` Կառավարության սահմանած կարգով:

ՀՀ կառավարության 2019թ․ ապրիլի 25-ի N 509-Ն որոշման համաձայն՝ սահմանվել է պետական բյուջեից դիվանագիտական այն ներկայացուցչություններին դիվանագիտական ծառայություն իրականացնելու նպատակով տրամադրվող գումարի չափը, որի միջոցով կատարվում է մինչ այդ ոչ բյուջետային միջոցներից ֆինանսավորվող Վատիկանում, Ժնևում և Լոնդոնում ՀՀ դիվանագիտական, Լիոնում և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսական ներկայացուցչությունների ֆինանսավորումը։

- «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունի  միայն ՀՀ այն  քաղաքացին, որը տիրապետում է  հայերենին,  առնվազն երկու օտար լեզվի, ունի բարձրագույն կրթություն եւ բավարարում է արտաքին գործերի նախարարության հաստատած՝ համապատասխան  պաշտոնի  նկարագրի պահանջները։ Խնդրում եմ  պարզաբանեք, թե ովքեր են համարվում պրոֆեսիոնալ դիվանագետներ, ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանեն նրանք։

-Յուրաքանչյուր դիվանագետ պետք է համապատասխանի վերը նշված՝ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն ներկայացվող պահանջներին։

Ինչպես այլ մասնագիտություններում, «պրոֆեսիոնալ դիվանագետ» եզրույթը չունի իրավական սահմանում և կարող է կիրառվել կոնկրետ գործառույթների շրջանակում դիվանագետի աշխատանքը գնահատելիս:

Ձեր կողմից կիրառվող եզրույթն ամենայն հավանականությամբ վերաբերվում է պայմանականորեն կոչվող «կադրային դիվանագետ»-ին․ նրանք  այն դիվանագետներն են, որոնք  ԱԳՆ համակարգում աշխատելիս ձեռք են բերել բազմաոլորտ և բազմաբնույթ մասնագիտական փորձառություն, կադրային աճի ընթացքում զբաղեցրել են դիվանագիտական ծառայության տարբեր պատասխանատու պաշտոններ:

Փաստորեն ԱԳՆ-ից նախընտրել են մեր հարցերին պատասխանել՝ հղում անելով կառավարության այս կամ այն որոշմանը, հավելվածներին, քան նշել կոնկրետ դիվանագետներին տրվող վարձատրության, ընթացիկ ծախսերի համար նախատեսված գումարի չափը։ Իսկ ընթերցողն էլ այդ ամենին իրազեկվելու համար պետք է ջանք թափի ու ծանոթանա պաշտոնական որոշումներին։

 

 

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image