Այլ

Իսրայելցիները դուրս են գալիս թաքստոցներից, իրանցիները դուրս են եկել փողոցներ

Իսրայելցիները դուրս են գալիս թաքստոցներից, իրանցիները դուրս են եկել փողոցներ

Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի դեմ, որ տեղի ունեցավ մոտ երկու ժամ առաջ, այս պահի դրությամբ ավարտված է, սակայն ինչպես պարզվում է Իրանի Հեղափոխության պահապանների գնդի (IRGC) հայտարարությունից, սա Իսրայելին տրվող պատասխանի մեկնարկն էր՝ առաջին փուլը։ Ըստ IRGC-ի հրթիռները արձակվել են իսրայելյան հետախուզական եւ ռազմական կենտրոնակայանների, օբյեկտների, զինապահեստների ուղղությամբ եւ թիրախներից շատերը հաջողությամբ խոցվել են։ Արձակված հրթիռների թիվն էլ եղել է ոչ թե 100, ինչպես սկզբում ենթադրել եւ հաղորդում էին իսրայելյան լրատվամիջոցները, այլ 200-ից ավելի։ 

Ըստ Իսրայելի Պաշտպանության բանակի (Tzahal) խոսնակ Դանիել Հագարիի, Իսրայելում կան խոցված օբյեկտներ, գնահատվում են հետեւանքները, սակայն բացվել է օդային տարածքը թռիչքների համար եւ իսրայելցիները կարող էին դուրս գալ թաքստոցներից, որտեղ նրանց բանակը ավելի վաղ կոչ էր արել պատսպարվել։ Հրթիռակոծության ողջ ընթացքում որ 30-40 րոպե է տեւել եւ հաջորդ մեկ-երկու ժամերին իսրայելցիները թաքստոցներում էին։ Հագարին նաեւ ասել է, թե Իրանի հարձակումը լուրջ էր եւ պատասխան է հետեւելու։

Միացյալ Նահանգներում Նախագահ Ջո Բայդենը, նաեւ փոխնախագահ Հարիսը եւ վարչակազմի այլ բարձաստիճան պաշտոնյաներ Սպիտակ տան Situation Room-ից են հետեւել Մերձավոր Արեւելքի զարգացումներին։ Իսկ Իրանի քաղաքացիները «մե ուրախությամբ, մե ոգեւորությամբ» դուրս են եկել Թեհրանի փողոցներ, դրոշներ են ծածանում, հակաիսրայելյան կարգախոսներ են բացականչում։ 

Առաջիկա ժամերին եւ օրերին, իհարկե, ավելի շատ տեղեկություներ կլինեն հրթիռակոծության, հետեւանքների, Իսրայելի հնարավոր պատասխանի, Իրանի ենթադրելի արձագանքի մասին action-reaction-counteraction հերթագայության մեջ, սակայն ներկա պահին արդեն երկու արձանագրում կարելի է անել։ 

Առաջին, Նեթանյահուի արհեստական ծնծղաներ զարնելը Հասան Նաշրալային վերացնելու կապակցությամբ, երկու օրից ավարտվեց, որովհետեւ վերջին հիմարն էլ կհասկանա, Հասան Նաշրալային վերացնելով ոչինչ չի փոխվում, մի Նասան Հաշրալա կկանգնի նրա տեղում։ «Սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում» մանավանդ, երբ սրբադասողներն էլ «Հեզբոլահի» ֆանատիկ զինյալներն են։ 

Երկրորդ, Իրանը կարծես հաստատակամ է Իսրայելին պարտադրելու հյուծման դիմակայություն։ Դեռ այսօրվա հրթիռակոծությունը չեղած հնչում էին ենթադրություններ, որ հնարավոր է Իրանը բախման մեջ մտնի Իսրայելի հետ, որպեսզի ժամանակ շահի «Հեզբոլահի» վերակազմակերպման համար։ Թվում է ենթադրությունները ճիշտ էին։  

Եթե Իսրայելը գրեթե խելահեղության մեջ, մարդասպանություններով եւ հրթիռակածություններով իբր ձգտում է իր շուրջը հյուսված Դիմադրության առանցքի սարդոստայնը քանդել եւ խաղաղության հասնել, Իրանը, թվում է, ընդհակառակը հետամուտ է այդ սարդոստայնի մեջ՝ Համաս-Հեզբոլլահ-Հութիներ-Իրաքյան-սիրական-շիաներ, Իսրայելին անվերջ պահելու եւ մինչեւ վերջ հյուծելու։

Դիմադրության առանցքի դերակատարները հերթով պատերազմի փոխանցիկ դրոշը վերցնելով ակտիվանալ-պասիվանալով թույլ չեն տալու, որ Իսրայելը պատերազմից դուրս գա։ Մեկ տարում «Համասի» դեմ պատերազմը Իսրայելին հասցրել է տնտեսական կոլապսի եզրին, եւս մի տարի «Հեզբոլահի» հետ պատերազմ ընթանա, Աստված գիտի Իսրայելը որտեղ կհայտնվի։ 

Եթե Իսրայելի ձեռքում ռազմական գործողությունների ժամացույցն է, թվում է՝ Իրանի ձեռքում էլ՝ անվերջության մեջ հոսող ժամանակն է։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image