Հասարակություն

«Ցնցող» փոփոխություններ արցախցիների բնակապահովման ծրագրում

«Ցնցող» փոփոխություններ արցախցիների բնակապահովման ծրագրում

Արցախցիների բողոքի ակցիաներից հետո կառավարությունը հավակնոտ վերնագրով մի տեքստ է տարածել՝ «լայնածավալ փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում»: Լայնածավալ ասվածն այն է, որ 4 մլն դրամ գումար տալիս են ոչ թե առաջվա նման 452 բնակավայրում հիմնավորվելու համար, այլ 611-ում: Երկրորդ լավությունն էլ արցախցիներին այն է, որ հանել են նախկնում եղած ժամկետային սահմանափակումները: Առաջ շահառուների մի մասը դիմելու էին հաջորդ տարվա հուլիսից: Այժմ դիմելու ընդհանուր ժամկետ է սահմանված՝ 01.07.2025 մինչեւ 31.12.2027։ 

Ցանկացած կազմով ընտանիք կարող է հենց այսօրվանից դիմել բնակարանային ապահովման համար: Իհարկե, եթե բավարարում է հետեւյալ պահանջներին՝ 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող է, եթե ցանկանում է ձեռք բերել բնակարան կամ տուն, 1 անչափահաս երեխա ունեցող է՝ եթե ցանկանում է կառուցել տուն, 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, 2 անչափահաս երեխա ունեցողները, զոհվածին կամ կերակրողին կորցրածները կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, նաեւ ցանկացած այլ կազմի ընտանիքները, որոնք վարկունակ են:  
Հաջորդ «ցնցող» փոփոխությունն այն է, որ կառավարությունը վերջապես թույլ է տուն գնելուց հետո ավելացած փողը ոչ թե հանձնել պետությանը, այլ օգտագործել: Փողը տալիս է, բայց ժլատի պես. օգտագործել կարող ես միայն երեք ուղղությամբ՝ վերանորոգման վարկի ստացում, գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերում և կահույքի, կենցաղային տեխնիկայի գնում: «Ունենք շատ ընտանիքներ, որոնք հավաստագիրն իրացրել են մարզում եւ մնացել է 4,6 մլն դրամ, հիմա կարող են դա օգտագործել: Այս փոփոխությունը հետադարձ ուժ ունի, այսինքն, նրանք, ովքեր տնտեսում են ունեցել, կարող են իրենց մնացորդն օգտագործել, անկախ նրանից, հետ է գնացել իրենց գումարը պետբյուջե, թե ոչ», - պարզաբանում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը: Նաեւ ստեղծել է մարմին, որին կարելի է բողոքներ ու դիմումներ ուղարկել՝ միջգերատեսչական հանձնաժողով: Մյուս փոփոխությունը՝ նախկինում բնակելի տների կառուցման համար արցախցիները պետք է դիմեին իրավաբանական անձանց, այժմ կարելի է դիմել նաև անհատների, մարդը կարող է ինքն էլ անձամբ կառուցի իր տունը: Պետությունը փոխհատուցելու է գույքի գրանցման համար վճարները։ Սրան գումարած շահառուները զուգահեռաբար կարող են օգտվել բնակապահովման այլ ծրագրերից, ինչը նախկինում արգելված էր: «Այս պահի դրությամբ 1600 -ից ավելի հավաստագիր արդեն տվել ենք, շուրջ 390 -ը իրացրել են, ձեռք են բերել բնակարան, կամ տուն, կամ կառուցել են», - ասում է խոսնակը: 

Ըստ հասարակական գործիչ, արցախցիների հարցերով զբաղվող Լիաննա Պետրոսյանի, որը պարբերաբար հարցումներ է անցկացնում արցախցիների շրջանում եւ ի մի է բերում նրանց կարծիքները, կատարված շտկումները ամենեւին էլ «լայնածավալ» չեն: «Լեռը երկնեց, մուկ ծնեց: Մի քանի ընտանիքի համար հնարավոր է՝ պայմանները բարելավվել են, բայց ընդհանուր պատկերի վրա չի կարող «լայն» ազդեցություն ունենալ», - ասում է Լիաննա Պետրոսյանը:

Ծիծաղելի կետերից է այն, որ գումարի մնացորդը տեղահանվածը կարող է օգտագործել, ոչ թե հանձնել պետությանը, իսկ ի՞նչ էր մնում, հանձնելու բան մնո՞ւմ էր: «Եթե անձին հասնում է այդքան գումար, դա պետք է հանձնվի տվյալ անձին, պետությանը հանձնելու իմաստը չեմ հասկանում: Բայց խնդիրն այն է, որ իրենք չգիտես ինչու դիտարկում են 6 հոգուց բաղկացած ընտանիք եւ 5 մլն դրամ: Եթե, ասենք, դիտարկենք 3 հոգուց բաղկացած ընտանիք, յուրաքանչյուր անդամին 3-4 մլն դրամ, ապա պատկերը լիովին փոխվում է», - պատասխանում է արցախցի գործիչը: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image