Կրթություն

Կառավարությունը մանիպուլացնո՞ւմ է․ «օպտիմալացում» բառի փոխարեն այլ ձևակերպում է օգտագործում

Կառավարությունը մանիպուլացնո՞ւմ է․ «օպտիմալացում» բառի փոխարեն այլ ձևակերպում է օգտագործում

Մինչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքում է 232 դպրոցի փակման մասին տեղեկությունները՝ դրանք որակելով ապատեղեկատվություն, արդեն իսկ առկա է փակվող դպրոցների ցանկը։ Hraparak.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Վանո Կարապետյանը նկատում է, որ խնդիրը նոր չէ և ունի նախապատմություն։ Նրա խոսքով՝ գործընթացը դեռևս սկսվել է 2023 թվականի դեկտեմբերից, երբ քննարկվում էր 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցների վերակազմավորման հարցը, սակայն.

«Մանիպուլյացնում են, օպտիմալացում բառը պաշտոնական հաղորդագրություններում հիմնականում չի օգտագործվում։ Դրա փոխարեն կիրառվում է «կրթության որակյալ հասանելիության ապահովման ծրագիր» ձևակերպումը։ Սակայն, եթե դպրոցը փակվում է, կորցնում է ինքնուրույն կարգավիճակը, գործնական արդյունքը համարժեք է կրճատման։Այս ամենի մեջ որոշ դրական կողմեր ևս կան։ Փոքր գյուղական դպրոցներում գործում են կոմպլեկտավորված դասարաններ, որտեղ տարբեր տարիքային խմբերի աշակերտներ միասին են սովորում։ Խոշորացված կրթական միջավայրում հնարավոր է ապահովել տարիքային առանձին դասարաններ և ավելի նպատակային դասապրոցես։Բայց առկա խնդիրներն ավելին են։Միաժամանակ քննարկվում է նաև աշակերտների տեղափոխության հարցը։ Նախատեսվում է հեռավոր բնակավայրերից երեխաների համար ապահովել ուղեկցողի և վարորդի ծառայություն, սակայն դեռևս հստակ չէ՝ ինչպես է կազմակերպվելու համակարգը, ինչ ֆինանսավորմամբ և կառավարման ինչ մոդելով է գործելու։ Օրինակ, հիմա Լոռու մարզի Գեղամասար գյուղի բնակիչները նախաձեռնել են ստորագրահավաք՝ դեմ արտահայտվելով իրենց դպրոցի միավորմանը, երեխաներն ստիպված են լինելու հարևան Շիրակամուտ գյուղի դպրոցում սովորել, մինչդեռ համայնքում աշակերտների թիվը առաջիկա ուսումնական տարում աճել է, ուստի դպրոցի կարգավիճակի փոփոխությունը արդարացված չէ։ Բնակիչների և մասնագետների մտահոգությունը հիմնականում վերաբերում է այն հանգամանքին, որ գյուղական դպրոցների փակումը կամ միավորումը կարող է առաջացնել նաև սոցիալական հետևանքներ՝ արտագաղթի աճ, համայնքների դատարկում, երեխաների ամենօրյա տեղափոխության խնդիրներ և լրացուցիչ ծախսեր ընտանիքների», ֊ասում է փորձագետը։

Ամփոփելով՝ կարելի է նշել, որ կրթական համակարգում թեև որոշ քայլեր արվում են, բայց հասարակության, ուսուցիչների և մանկավարժական համայնքի համար բազմաթիվ հարցեր մնում են բաց՝ կապված դպրոցների ապագա կարգավիճակի, ֆինանսավորման և կրթական հասանելիության ապահովման մեխանիզմների հետ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image